Այսօր 2015-ի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանն ուշագրավ հայտարարություն արեց ԵՏՄ-ի հետ կապված:
Նա նախ ասաց, որ 2015-ին 70 մլրդ դրամ մուտք են կորցրել՝ սահմանի հարկումը տեղափոխելու հարցում: Նա ասաց, որ ԵՏՄ-ից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող մեքենաների հարկումը հանելու օրենքից էլ են դեռ տուժելու:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն արձագանքեց. «Հանի՛ ավտոների վրայի ԱԱՀ-ն երրորդ երկրներից ներկրման, որ ռուսը գա ստեղից առնի, խոսում եք է, հո ասելով չի: Դրել ես հարկը, սկի 12 մլրդ չես կարում հանես, 10 մլրդ է, էդ էլ չես կարողանալու: Հանի հարկը, փոխանակ ես վազելով գնամ ՌԴ-ից մեքենա բերեմ 1000 դոլար էժան, թող ռուսը գա տանի: Եթե իրա մաքսատուրքն ավելի շատ ա, քան քո մոտ, ինչի՞ չի գա: Ախր տենց եք անում, ժոստկի պահում եք, 32 տոկոս որտեղ մաքսատուրք կա: Ինչի՞ ես խոսեցնում, ինչի՞ ես մատդ մտցնում տոկը խառնում»:
Ալավերդյանն էլ բորբոքվեց. «Մատով քանդում եմ տոկը, դե թողեք մինչեւ վերջ քանդեմ: Ավտոմեքենաներից հարկեր բյուջե եղել են տարբեր չափերի՝ մինչեւ 45 մլրդ դրամ եղել է ներմուծվող մեքենաներից: ՀՀ-ում բոլոր շրջանառության հարկ վճարողները վճարել են 11 մլրդ դրամ, պատկերացնո՞ւմ եք: Ոնց որ դեղն ու հացն եք հարկում, այդ եկամտաբեր բիզնեսն էլ պետք է հարկվի, որից բերում էինք 45 մլրդ դրամ»:
Կարդացեք նաև
Արմեն Ալավերդյանը դժգոհեց, որ դա եղել է այն ծաղկուն տարիներին, իսկ երբ ԵՏՄ օրենսդրության պահանջով սկսեցին ֆիզիկական անձանց ավտոմեքենաների ներմուծումը չհարկել, դա ազդեց երրորդ երկրներից մեքենաների ներկրման վրա: Քաղաքացիները մեքենան արդեն սիրուն բերում են ԵՏՄ-ից:
Նա ասաց, որ առաջին եռամսյակում դրանից միայն 2.5 մլրդ դրամի կորուստ են ունեցել:
Վարդան Այվազյանը, լսելով ԵՏՄ-ի հետ կապված կառավարության ներկայացուցչի բողոքը՝ ասաց՝ «Լավ է, Քոքոբելյանը ստեղ չի»:
Ալավերդյանը հիշեցրեց մեքենաների վրա կիրառվող բնապահպանական վճարները: Վարդան Այվազյանը վիճեց. «Բնապահպանական ես հիշացնում, 10 տոկոս զեղչ տուր, տես ոնց են թազա ավտոմեքենա բերում»:
Արմեն Ալավերդյանը պատասխանեց. «30 հազար ավտոմեքենայից տասնյակ միլիարդների եկամուտ է ապահովում, երբ մենք չենք հարկում մեքենան, ասում եք՝ ազատենք: Դե եկեք ազատենք դեղն էլ, հացն էլ: ԵՏՄ-ից մարդը էսօր նույն թանկարժեք «Ռենջ ռովերը» բերում է ու հարկ չի վճարում՝ հարկազատման պատճառով, սա արդա՞ր է»:
Այվազյանի հարցրեց՝ «Այսինքն, դու մտածում ես, որ ԵՏՄ մտնելը արդար չի՞ եղել, բա դա՛ ես ասում արա՛»:
Թուրքիա, Չինաստան եւ այդ կարգի երկրներից, որոնցից դժվար է ճշտել ապրանքների գները, միայն այդտեղ է կիրառվում հսկիչ գները, իսկ եթե Իտալիայից, ասենք, մակարոն բերեն՝ հսկիչ գին չի կիրառվում:
Ի վերջո, Վարդան Այվազյանն առաջարկեց վեճը շարունակել ոչ թե տեսախցիկների առաջ, այլ իր կաբինետում. «Ասում եք՝ հսկիչ գներ չենք դնում, խոսում եք, ախր, ջղայնացնում եք մարդկանց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ