Մարտունի – Վարդենիս – Սոթք միջպետական (Մ-11) մայրուղու կմ 6,5-10,834 հատվածի անբարեկարգ վիճակի կապակցությամբ, արդեն տեղեկացրել ենք, որ նշված ճանապարհահատվածը ներառված է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով 2016թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։
Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար մրցույթն արդեն հայտարարված է և ըստ սահմանված ընթացակարգի՝ մինչև հունիսի վերջը, կմեկնարկեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Ավելի քան 15 տարի չնորոգված այս ճանապարհահատվածն ամբողջությամբ հիմնանորոգվելու է։ Հեռացվելու է գոյություն ունեցող արդեն քայքայված ենթահիմքը և այն փոխարինվելու է նորով։ Աշխատանքները ներառում են՝ եղած ենթահիմքի քանդում, նոր ենթահիմքի ու նոր խճային հիմքի կառուցում, ասֆալտե ծածկույթի տեղադրում։
Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ կիրականացվեն նաև ջրահեռացման խողովակների, ինչպես նաև ճանապարհային նշանների, արգելապատնեշների և արգելափակոցների տեղադրման աշխատանքներ:
Նշենք նաև, որ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն