Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ 2015 թվականն Ադրբեջանի համար «վախերի միջով անցնելու տարի էր»: Այդ մասին այսօր նա ասաց «Կովկաս 2015» միջազգային գիտաժողովի ընթացքում «Ադրբեջանը 2015-ին» զեկույցում:
Ռուս փորձագետը կարծում է, որ Ադրբեջանում սեւեռվել էին «կայունություն» տերմինի վրա եւ իրենց երկրի տնտեսական վիճակը համարում էին նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում ամենից կայունը: Սակայն, ըստ փորձագետի, 2015-ը ոչ թե կոտրեց այդ վստահությունը, այլ պարզապես ցույց տվեց ադրբեջանական կայունության սահմանները. «Երկար ժամանակ Ադրբեջանը խուսափում էր դրանից, սակայն նոր տարվա շեմին մանաթի երկու անգամ արժեզրկումը տհաճ անակնկալ էր, նավթի գների նվազումը եւս խնդիր էր»:
Ներքին տնտեսական խնդիրներին զուգահեռվում էին արտաքին քաղաքական ոլորտում առկա խնդիրները. «Հեյդար Ալիեւի ղեկավարման շրջանը եթե վերցնենք, Ադրբեջանը կարողացավ չստանալ թեկուզ փոքր մասն այն քննադատության, որ Հայաստանն ու Վրաստանը ստանում էին Մարդու իրավունքների ոլորտում բացթողումների համար: 2015-ին եւս Ադրբեջանին հաջողվեց խուսափել քննադատությունից: Իսկ 2016-ի ապրիլյան պատերազմն անակնկալ համարողները կամ միամիտ են, կամ հակամարտության մանրամասներին՝ անտեղյակ: Ինչպես դասականներից մեկն է ասել՝ ես դեմ չեմ խաբվելուն, ես ինքս եմ ինձ հաճախ խաբում»: Փորձագետը նկատի ունի այն, որ «զարմացողները» հաճախ նույն մարդիկ են:
2015-ի մասով նա առանձնացնում է բանակցային գործընթացին վերադառնալու փորձը՝ Բեռնում, սակայն, ըստ նրա, ինչպես կյանքը ցույց տվեց, այդ փորձը որեւէ դեր չխաղաց:
Կարդացեք նաև
Ադրբեջանի ներքին կյանքի առումով Սերգեյ Մարկեդոնովը կարեւորում է Միլի Մեջլիսի ընտրությունները: Դրանց արդյունքներով, փորձագետի արձանագրմամբ, 2015 թվականին դարձյալ «ուժերի միջեւ կոնսոլիդացիա չկայացավ»:
Իսկ ղարաբաղյան հակամարտության առումով, նրա կարծիքով, մինչ ապրիլյան սրացումները, վերջին 22 տարում 2015 թվականը ամենից դժվարն էր. «Ադրբեջանն իր պահանջներից չի հրաժարվել. նա տարածքային ամբողջականություն է պահանջում, չի հրաժարվել նաեւ հարցի լուծման ուժային, ռազմական մեթոդից: Տնտեսական միտումներին անդրադառնալով՝ պիտի նշեմ, որ նավթի գների նվազումը զգալիորեն ազդել է տնտեսության վրա, մանաթի արժեզրկումը եւս: Ադրբեջանի տնտեսությունը բավական բարդ դրության առաջ է կանգնել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ