Ֆրանսահայ քաղաքական գործիչ Շանթ Ոսկերչյանը հայտարարեց, որ իրենց կառույցները սփյուռքում աշխատում են, որ այնտեղից գումար չփոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամին:
«Նոյյան տապան» մամուլի սրահում «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Շանթ Ոսկերչյանը պատճառաբանեց, թե Հայաստան համահայկական հիմնադրամն իրենց կարծիքով` «Հայաստան օլիգարխական հիմնադրամ է», քանի որ սփյուռքի գումարները, որոնք փոխանցվում են այդ հիմնադրամին, ի վերջո հասնում են Հայաստանի օլիգարխներին:
Դիտարկմանը` հիմնադրամն ունի պատկառելի հոգաբարձուների խորհրդի կազմ, մի՞թե վստահելի չէ այդ կառույցը, պարոն Ոսկերչյանն արձագանքեց. «Հենց սկզբից այդ հիմնադրամը սխալ սկզբունքներով է ծնվել: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են երկու նախագահները` Հայաստանի և Արցախի, որոնք նշանակովի են, երկու կաթողիկոսները, որոնք ևս ընտրված չեն: Այս հոգաբարձուների խորհրդի վրա ի՞նչ վստահություն»:
Հարցին` մի՞թե այդպիսով վնաս չեն տալիս ՀՀ-ին, չէ՞ որ այդ քարոզչության պատճառով հիմնադրամը տարեցտարի ավելի քիչ գումար է հավաքում, պարոն Ոսկերչյանը պատասխանեց. «Մեր հիմնադրամն այդ գումարները ուղղորդում է Հայաստանում տարբեր խնդիրների լուծմանը: Օրինակ` անհատապես օգնել ենք ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր հերոսների ընտանիքներին»:
Կարդացեք նաև
Պարոն Ոսկերչյանը հավաստիացրեց, թե իրենք խնդիր են դրել փրկել այս Հայաստանը, այնուհետև մտածել միացյալ Հայաստան ստեղծելու մասին: Շանթ Ոսկերչյանը պնդեց, թե սփյուռքահայերը ևս ունեն իրավունք մասնակցելու Հայաստանի ներքաղաքական կյանքին: Այնուհետև հավաստիացրեց, թե «Հայաստանում ընտրություններով որևէ բան փոխել հնարավոր չէ»: Սփյուռքահայ գործիչն առանձնացրեց, թե միայն առաջին նախագահի ընտրությունները չեն կեղծվել: Այս առիթով նա նշեց. «Այս 25 տարիների ընթացքում եթե Հայաստանն ունենար նախագահ, որը մտածում էր երկրի մասին, Հայաստանը եվրոպական շատ երկրներից առաջ կլիներ»:
Պարոն Ոսկերչյանը անդրադարձ կատարեց նաև իրեն` ժամանակին Հայաստան մուտքի արտոնագիր չտրամադրելու փաստին, երբ ԱԱԾ-ն նրա տվյալները ներառել էր ՀՀ-ի համար անցանկալի օտարերկրացիների ցանկում` համարելով, որ Ոսկերչյանը կարող է սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը: Ներկայումս պարոն Ոսկերչյանն ունի իրավունք մուտք գործել Հայաստան:
Այս առիթով նա ասաց. «ԱԱԾ-ի պետ նշանակված այս երիտասարդն ավելի ողջախոհ է, քան պարոն Հակոբյանը: Ինչ վերաբերում է ինձ Հայաստան մուտք գործել թույլ չտալուն, ապա եթե իրենք շարունակեին այդ ճանապարհով, կգնայի մինչև Եվրադատարան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ