Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի նախագիծը: Ըստ պատմաբան, «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն Գևորգ Մելքոնյանի` հավանական է, որ նախագիծն ընդունվի, իսկ ահա գլխավոր բանաձեւի ընդունումը կախված է բացառապես Մերկելի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածությունից:
«Գերմանիան Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման չի գնա, Հայոց ցեղասպանության խնդիրը չի կարող դրա համար պատճառ դառնալ: Խնդիրն այն է, որ գերմանաթուրքական հարաբերություններում այսօր կան խութեր, իսկ ցեղասպանության հարցն առայժմ ընթացքի մեջ է: Նախագծի վերջնական ընդունումը քիչ հավանական է, քանի որ Գերմանիայի գլխավոր գործընկերն արեւելքում եղել եւ մնում է Թուրքիան»,-այսօր` մայիսի 30-ին, «Երկու երես» մամուլի ակումբում ասաց Գեւորգ Մելքոնյանը:
Նա հիշեցրեց, որ դեռեւս 2005թ. Գերմանիան ընդունեց բանաձեւ, որում «ցեղասպանություն» եզրույթը նշված չէր` թուրք գործընկերներին եւ Գերմանիայի երեք միլիոնից ավելի թուրք բնակիչներին չնեղացնելու համար. «Հարց է առաջանում` ի՞նչ է փոխվել Գերմանիայում, որ Հայոց ցեղասպանության դատապարտման ակտիվ գործընթաց սկսվեց դեռեւս նախորդ տարվանից: Միգրացիոն խնդիրների հետ կապված` սրվել են Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերությունները: Միգրացիոն խնդիրն առաջնահերթ հարվածում է Գերմանիայի հիմքերին, Գերմանիան էլ պետք է պատասխանի Էրդողանի միգրացիոն ճնշման քաղաքականությանը: Այդ գործիքներից մեկն էլ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ակտիվացնելն է: Սրանով է պայմանավորված ամենը: Գերմանիան փորձում է կանխել լծակը, որն իր դեմ օգտագործում է Թուրքիան, այլ կերպ ասած` Հայոց ցեղասպանության միջոցով փորձում է կանխել իր իսկ թրքացման պրոցեսը»:
Մելքոնյանի դիտարկմամբ` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի միջոցով Գերմանիան փորձում է նաեւ ցեղասպանության կազմակերպման պատասխանատվությունը դնել թուրքական կողմի վրա, քանի որ ըստ գերմանական արխիվների` այդ երկիրը մասնակցել է Հայոց ցեղասպանության կազմակերպմանը:
Կարդացեք նաև
Այս մասին` տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ