Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանին շաքարի մենաշնորհը հնարավոր է օրինականացնեն՝ նրա առաջ պայման դնելով

Մայիս 30,2016 15:55

Այսօր էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվա գործող օրենքի շրջանակներում մենաշնորհ հասկացությունը չկա, չի գնահատվում, որ համարես սա մենաշնորհ:

Մեր հարցին՝ Դուք էլ ժամանակին մենաշնորհների վերացման ծրագիր էիք մշակել, բա ինչի՞ դեմ էիք պայքարում, եթե չկար մենաշնորհ՝ նա պատասխանեց. «Անձերի մասին է խոսքը: Ես երեւույթի դեմ էի պայքարում, շուկայական կառուցվածքի: Բայց երբ խոսում են մենաշնորհների մասին, արդյոք բոլո՞ր դեպքերում է մենաշնորհը վնասակար»:

Artsvik Minasyan 3Ըստ նրա, մենաշնորհներ կան, որ չի կարելի արգելել. «Այն մենաշնորհը, որը կապված է պետության անվտանգության հետ՝ այդ մենաշնորհը չպետք է վերացնել: Մենք պետք է հայեցակարգ ընտրենք, թե որ սկզբունքով պետք է շարժվենք: Կան ոլորտներ, որտեղ պետությունը պետք է ասի՝ ես հանդուրժում եմ այստեղ մենաշնորհը, բայց քո վրա պետք է դրվի այս սոցիալական բեռը, դու պետք է ապահովես հրապարակայնություն, թափանցիկություն եւ լինես հանրային ընկերություն, օրինակ՝ ԲԲԸ, որոշակի կառավարման կանոնների ներքո»:

Նախարարը հայտարարեց՝ նախապես նշելով, որ լուրջ քննադատության թեմա է դառնալու իր ասածը. «Այսօր շաքարի մասին շատ ենք խոսում, շաքարի գործարանն աշխատում է իր հզորությունների 25-30 տոկոսի չափով եւ հումքը վերամշակում է, ստանում է շաքարավազ՝ հարց է՝ ճի՞շտ է, որ չթողես իրեն այդ 25-30 տոկոսի չափով աշխատի, թե՞ ավելի լավ է օրենքով ճանաչես մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես, որ պետք է աշխատես առնվազն 90 տոկոս հզորությամբ, աշխատատեղ ստեղծես այսքան, պետական բյուջեի այսքան մուտքեր, թափանցիկություն ապահովես, բաժնեմասի 20 տոկոսը շրջանառես բորսայում: Այդ դեպքում, անկախ նրանից, թե ով է սեփականատերը, գուցե պետությունն աջակցի նաեւ արտահանում կազմակերպել: Սրանք հարցեր են, որ պետք է քննարկվեն»:

Արծվիկ Մինասյանը Շվեյցարիայի օրինակը բերեց, որ իր աղ արդյունահանող ձեռնարկությանը տվել է բացառիկ իրավունք՝ աղի ներմուծման բացառիկ թույլտվություն տալով. «Այն ոլորտները, որոնք զբաղվածության մեծ քանակ են ապահովում, մեծ տնտեսական արդյունք են տալիս, արդյոք ճի՞շտ է, որ մենք ամբողջությամբ ներմուծման ազատություն տանք, թե՞ հանրային շահը պահանջում է հակառակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031