Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին վարչապետը 3 շաբաթ ժամանակ էր տվել, որ հստակ գնահատի մենաշնորհների հետ կապված իրավիճակը եւ առաջարկություն ներկայացնի:
Այսօր նախարարը լրագրողների հետ զրույցում հարցին՝ գործարարները հուշաթերթիկների՞ն էին սպասում, որ իմանային՝ մենաշնորհացված ոլորտներում այդ ապրանքները կարող էին ներմուծել, թե ոչ՝ պատասխանեց, որ առաջիկայում կայքէջում էլ կտեղադրվի. «Ցանկացած փաստաթուղթ, որը հրապարակվեց՝ այդ փաստաթղթից զատ այլ պահանջ չի կարող լինել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ե՞րբ է հրապարակելու մենաշնորհատերերի ցուցակը: Նա ասաց, որ բազմաթիվ հարցադրումներ են առաջացել, հիմա ճիշտ չէ միանգամից հայտարարություն անելը:
Հարցին՝ կարո՞ղ է ձեր նախաձեռնությունը Բաղրամյան 26-ի դուրը չի եկել եւ չեն թողնում անունները հրապարակեք՝ նախարարը պատասխանեց, որ դա իր նախաձեռնությունը չէ, կա վարչապետի հանձնարարական, հետո գոյություն ունի սահմանադրական նորմ, նոր կարգավորում, գոյություն ունի ՀՀ նախագահի ելույթ. «Սա կամքի դրսեւորում է, չէ՞, գործ անելու իրական հիմք է: Մնացածը կախված է մասնավորապես ինձանից, ես որքանով կկարողանամ առաջարկել արդյունավետ լուծման տարբերակներ: Երբ մենք կունենանք լուծումներ, այն ժամանակ գնահատեք»:
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանն ասաց, որ ինքը իր լիազորությունների շրջանակներում պետք է գործի, չի կարող դրանցից դուրս գալ եւ հետաքննություն իրականացնել:
Նա թվարկեց, թե որոնք են իր գործառույթները, այդ թվում՝ նպաստել մրցունակ տնտեսության զարգացման ապահովման համար հիմքերի ստեղծմանը. «Դուք ակնկալում եք, որ ես պետք է դատախազի ֆունկցիա իմ վրա վերցնեմ: Էդպիսի ակնկալիք մի ունեցեք, ես շատ լավ գիտեմ, թե իմ լիազորությունը որն է, ինչքան կարող եմ այն իրացնել»:
Հարցին՝ ցավո՞տ է լինելու հակամենաշնորհների քաղաքականությունը, ասենք, Սամվել Ալեքսանյանի համար՝ նա պատասխանեց. «Ցանկացած անձ, ով կողմ չէ ազատ մրցակցությանը, ցավ է զգալու: Ցանկացած անձ, ում համար նախընտրելի է ինկուբատորային պայմաններում գործունեություն ծավալելը, ցավոտ է լինելու»:
Aravot.am-ի դիտարկմանը՝ Դուք այնքան խուճուճ բաներ եք ասում մենաշնորհատերերի հետ կապված, բայց ամեն ինչ այնքան պարզ է, Դուք շատ լավ գիտեք ովքեր են նրանք, կարող եք նրանց ասել՝ դու, դու, դու այլեւս այդ օրենքներով չեք աշխատելու՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ, հիմա գիտե՞ք ինչքան Նոբելյան մրցանակներ ստացած կլինեին՝ մենաշնորհների դեմ պայքարի հարցում: Այսօր մենաշնորհային խնդիրը, որ աշխարհի գրեթե բոլոր երկրների առջեւ չոքած է, գոնե այդ խնդիրները լուծած կլինեին»:
Մեր հարցին՝ գոնե հասարակության թիրախավորված անունների հարցը կարելի էր, չէ,՞ լուծել, գոնե գլոբալ խնդիրները, 3 շաբաթում հնարավոր էր, չէ,՞ մի ցանկ հրապարակել, թե որոնք են մենաշնորհատերերը, որոնք այլեւս հին կանոններով չեն աշխատելու, գործուն քայլեր արվեն՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Եթե դու ասես Պողոս, դու այլեւս չես ներկրելու, դրա փոխարեն առաջանալու է Պետրոսը, որն ինքն է ներկրելու, էդ դեպքում ձեր պայքարը դառնում է զրո: Ներկրումների համար պետք է լինի, թե ինչ փաստաթղթեր են պահանջվում, դրանից հետո Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը, Թադեւոսը կներկրի՝ դա արդեն ածանցվում է փաստաթղթերի պահանջից: Մի՞թե ավելի հիմնարար լուծում չի»:
Արծվիկ Մինասյանը մեզ ասաց. «Համոզված եմ, եթե դուք մի հատ հնարավորություն ունենայիք, ինքներդ կվերցնեիք եւ միակ ներկրողը կլինեիք եւ էդ հարցն ինձ չէիք տա»:
Մեր արձագանքին, որ այո, կներկրեինք, դրա համար պետք է վերեւները, իրենք թույլ չտան, բա կառավարությունն ինչի՞ համար է՝ նա պատասխանեց. «Դրա համար առաջին հերթին օրենքն ու կարգավորման համակարգը պետք է վերանայվի: Սխալվում եք, որ մեր օրենքները լավն են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Էս մարդն իրեն պեչենու բաղերում բավականին լավ է զգում, էսպես որ շարունակի, շուտով կհասնի Գալուստ դայուն…