Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում 2015թ. նոյեմբերին տեղի ունեցած «Երեւան-Մոսկվա» երթուղու ավտոբուսի վթարի գործով դատաքննության մանրամասներն այսօր` մայիսի 30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ներկայացրեց գործով մեղադրյալ վարորդի` Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից մեկը` փաստաբան Կարեն Ներսիսյանը:
Նա հայտնեց, որ արդեն 5 նիստ կայացել է: Ներսիսյանը նշեց, որ դատաքննության մարմինների կարծիքով` պատահարի միակ մեղավորը վարորդն է, իսկ նախաքննական մարմինների համոզմամբ` «Քինգ Դե Լյուքս» ընկերությունը ոչ մի կապ չունի վթարի հետ եւ մեղավորը բացառապես վարորդն է: Ներկայումս գործը քննվում է Տուլայի քաղաքներից մեկի դատարանում, Ներսիսյանի բնորոշմամբ` հասարակության ուշադրությունից հեռու. «Դատավարություն իրականում չկա: Դա ձեւական, սանձարձակ այլանդակություն է օրենքի նկատմամբ: Խախտվում է ամեն հնարավորը: Որպես պաշտպանական կողմ` հեռանկար չենք տեսնում, որ ճշմարտությունը պարզվի, իսկ այն հետեւյալն է. ավտոբուսն ավտովթարի է ենթարկվել այն պատճառով, որ գործարանային խոտան է տեղի ունեցել, արգելակային համակարգի մի դետալ կոտրվել է: Ամեն ինչ պարզ է եւ հասարակ: Նախաքննության մարմինն իր նպատակներն է ունեցել եւ երբեք ճշմարտությունը պարզելու նպատակ չի դրել:
Մեր տվյալներով` Ռուսաստանում շահագործվող ավտոբուսների 50-70 տոկոսը պատկանում է չինական խոշոր «Խայգեր» ընկերությանը: Նախորդ տարվա տվյալներով` այդ չինական ընկերությունը ՌԴ-ում 15 միլիարդ դոլարի շրջանառություն է ունեցել: Եթե այս վթարի դեպքում հայտարարվեր, որ ավտոբուսի խոտանի պատճառով է նման պատահար եղել, չինական ընկերության բիզնեսին եւ համբավին մեծ հարված կհասցվեր: Դրա համար ձեռնարկել են ամեն ինչ, որ ճշմարտությունը թաքցնեն»:
Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ վթարի գործով անցկացվել է փորձաքննություն, որն էլ հաստատել է` ավտոբուսի համապատասխան դետալի կոտրվելը գործարանային խոտանի հետեւանք է. «Կան վկաներ` ուղեւորներից երկուսը, որոնք եղել են վարորդի կողքին, զրուցելիս են եղել նրա հետ, այսինքն, վարորդի քնելու մասին խոսք լինել չի կարող: Ի սկզբանե մեկին օգուտ է եղել լուրեր տարածել, թե վարորդը քնել է ղեկին: Բացառված է նաեւ վարկածը, որ վարորդի ձեռքից ընկել է հեռախոսը, նա էլ կռացել է վերցնելու, ինչի հետեւանքով տեղի է ունեցել վթարը»:
Կարդացեք նաև
Կարեն Ներսիսյանի խոսքով` ՌԴ իրավապահ մարմիններն աչքի չեն ընկնում ազնվությամբ, չինացի ձեռներեցներն էլ համապատասխան կերպով միջամտել են գործին: Բացի այդ, վարորդ Գառնիկ Հարությունյանի փաստաբանները պարզել են` վթարից տուժածներից ոչ մեկը չգիտի, որ դատավարություն է ընթանում, որ իրավունք ունեն մասնակցել դատավարությանը, մինչդեռ ըստ դատարանի հայտարարության` այդ մարդիկ իբր տեղեկացվել են նիստերի մասին:
Բացի այդ, ըստ Ներսիսյանի, խնդրահարույց է նաեւ տուժողների ներկայացուցչի աշխատանքը. «Նա հանրային պաշտպան չէ, քանի որ նշանակված չէ դատարանի կողմից, մինչդեռ դատարանում ներկայացրեց, որ տուժողների հետ համաձայնագիր ունի, սակայն անգամ չգիտի` իր տուժողներից քանի՞սն են զոհվել»:
Ներսիսյանը վստահեցրեց, որ զրուցել են տուժողներից մի քանիսի հետ, նրանք տեղյակ էլ չեն եղել նիստերի մասին, չեն էլ ծանուցվել: «Մենք դատարանում հայտարարեցինք, որ նման պայմաններում չի կարող դատավարություն ընթանալ եւ առաջարկեցինք քրեական գործը վերադարձնել դատախազություն…Եթե գործով ներգրավվածները հայեր չլինեին, գուցե դատավարությունն այլ ընթացք ստանար: Չեմ կարող ասել, որ ՌԴ-ի աչքում նորմալ ժողովուրդ ենք, մենք հակառակ համբավն ունենք: Հայն այսօր Ռուսաստանում ստորադասված կարգավիճակում է»:
Հիշեցնենք, որ Տուլայում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել էր 8 մարդ: Ըստ Տուլայի շրջանի դատախազության` վթարի պատճառը վարորդի անուշադրությունն է: Ավտոբուսի վարորդի շահերի պաշտպանությունը ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ուշադրության ներքո է:
Ասուլիսի մեկ այլ բանախոս` փաստաբան Ռուբեն Կիրակոսյանն էլ անդրադարձավ ՌԴ միգրացիոն օրենսդրության բացերին` ասելով, որ մինչ օրս չեն լուծվել ՌԴ-ում աշխատող օտարերկրյա քաղաքացիների հաշվառմանը, աշխատանքային ստաժի ամրագրմանն առնչվող մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են նաեւ ՌԴ-ում ժամանակավոր աշխատողների ընտանիքի անդամներին: Ըստ Կիրակոսյանի` ՌԴ միգրացիոն քաղաքականության սկզբունքն է` «եթե օտար պետության քաղաքացի է, ուրեմն պետք է լինի վտարում», թեեւ միգրացիոն օրենքների խախտման դեպքում կարելի է օրենքով նախատեսված տուգանքով սահմանափակվել:
«Հազարավոր մարդիկ վերադարձել են Հայաստան, չեն կարողանում հետ գնալ, նրանց ընտանիքները «կիսվել» են: Պարզապես դատարաններում կնիք են դնում վտարման նույն փաստաթղթի տակ, միայն անուն-ազգանուններն են փոխում, հաճախ փաստաթուղթը տառասխալներով է կամ նախորդ քաղաքացու ազգանունն է գրված»,- հավելեց Կիրակոսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ