Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ասում ես` ծխելը վնաս է, ասում են` բա իմ պապը ծխող էր, բայց 101 տարի ապրեց» (Տեսանյութ)

Մայիս 30,2016 14:42

«Ուզում ես թունավորվե՞լ, թունավորվիր որքան կուզես, բայց դու իրավունք չունես քո ծխով թունավորել կողքիդ մարդուն»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:

Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով, որն ամբողջ աշխարհը նշում է մայիսի 31-ին, բժիշկ Ոսկանյանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ներկայացրեց, թե ծխելու հետեւանքով ինչպիսի հիվանդություններ են առաջանում ու զարգանում մարդու օրգանիզմում: Քաղցկեղային հիվանդություններից մահացության դեպքերի 30 տոկոսը ծխելու հետեւանքով է, ասաց թոքաբանը: Ըստ նրա, իշեմիկ հիվանդություններից էլ` ինսուլտ, սրտի կաթված եւ այլն, մահացությունների 80 տոկոսն է ծխելու պատճառով:

Անդրանիկ Ոսկանյանը գտնում է, որ Հայաստանում ծխելու դեմ պայքարող օրենքները պետք է խստացվեն եւ առանց ծխի տարածքները` ավելացվեն: Նրա խոսքերով, թե՛ արտադրողների եւ թե՛ ներկրողների առաջ խիստ կանոններ պետք է դրվեն, որպեսզի մեր երկրում ծխելու դեմ պայքարն ավելի արդյունավետ լինի:

Բժշկի կարծիքով՝ ծխախոտի տուփերը չպետք է լինեն գրավիչ, այլ` տգեղ նկարներով կամ առհասարակ միատոն ու ոչինչ չասող, որպեսզի երեխաները զերծ մնան գնելուց եւ գրպանում պահելուց:

Անդրանիկ Ոսկանյանի խոսքերով, պետք է խստացվեն նաեւ չծխողների իրավունքների պաշտպանության օրենքները, որոնք մեր երկրում գրեթե չեն գործում եւ ամենուրեք խախտվում են:

Ըստ բժշկի, եթե որեւէ մեկն ուզում է ծխել, դա նրա իրավունքն է եւ որոշելիքը եւ գուցե այդ մարդն ընտրել է թունավորվելու միջոցով մահանալու ճանապարհը. «Ուզում ես քեզ վայր նետել Կիեւյան կամրջից, դա քո գործն է, բայց երբ քեզ նետեն, դա արդեն օրենքի առաջ պատասխանատվություն է, նույնն էլ ծխելու դեպքում է. դու իրավունք չունես կողքինիդ թունավորել»:

 

Բժշկի ներկայացմամբ, Հայաստանում ծխախոտ օգտագործելու առումով իրավիճակն «այդքան էլ սարսափելի» չէ, չնայած` մտահոգիչ է: Մեր երկրում, ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ յուրաքանչյուր տասներորդ կին ծխում է, կանանց 3 տոկոսն է ծխող: Ըստ Անդրանիկ Ոսկանյանի, լավ է, որ Հայաստանում ավելի ուշ են սկսում ծխել, հիմնականում տղաները ծխում են 18-ից հետո, կանայք` 20 տարեկանից սկսած:

Բժիշկ Ոսկանյանը գտնում է, որ վիճակագրություն ներկայացնելով կամ ասելով, որ այսքան մարդ հիվանդանում է ծխելու հետեւանքով, ծխելու դեմ չես պայքարի: Ըստ նրա, բժիշկները պետք է մանրամասն ներկայացնեն՝ ինչպես է ծխախոտի պատճառով հիվանդությունը սկսում ու զարգանում, ինչպես է ծուխը, որը մի շարք թունավոր նյութեր է պարունակում, վնասում այս կամ այն օրգանը:

«Թե չէ, որքան էլ ասենք ծխախոտը վնաս է, Աղվանը կասի՝ բա իմ պապը ծխող էր, բայց 101 տարի ապրեց»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031