Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆերդինանտ Առաքելյանը նվեր ունի Հռոմի պապին

Մայիս 30,2016 14:33

Մայիսի 30-ին  «Հայելի» ակումբի հյուրերն էին քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը  եւ գրականագետ Ազատ Եղիազարյանը: Նրանք խոսեցին Հռոմի պապի հունիսի 24-26 –ը Հայաստանում կայանալիք այցից: Հիշեցնենք, որ Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի այցի կարգախոսն է «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

Գրականագետ Ազատ Եղիազարյանը անչափ կարեւորում է այդ իրադարձությունը: «Գործ ունենք արդարության ու մարդասիրության  խորհրդանիշի հետ, շատ լավ բան է, մեր հասարակությունը  հաստատ կողջունի այս այցը մեր երկիր»,-ասում է նա:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը հատուկ է պատրաստվել այդ այցին եւ ուզում է յուրօրինակ ձեւով իր երախտագիտությունը հայտնել. «Երբ Հռոմի պապն ընդունեց Ցեղասպանությունը, ես մտածեցի, որ իրեն նվիրված մի գործ պետք է անեմ: Եվ ահա երկու ամիս է աշխատում եմ այդ գործի վրա: Ողջ իմաստը մեկ րոպե լռությունն է»:

Արվեստագետի 4 մետր բարձրությամբ կոմպոզիցիայի կենտրոնում Կենաց ծառն է: Նա այսպես է մեկնաբանում իր աշխատանքը. «Կոմպոզիցիան խորհրդանշում է, որ մենք շարունակում ենք ապրել, ծաղկել  ծառի նման,  ու աշխարհը եկել է մեկ րոպե լռությամբ հարգելու ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլեւ Ռուանդայի, Կամբոջիայի, Վիետնամի ու մյուս ժողովուրդների ցեղասպանությունները»:

Ֆերդինանտ Առաքելյանը մի քիչ վիրավորված է հրեաներից, ասում է իրենց  Հոլոքոստին նվիրված հուշարձան է կանգնեցված Հայաստանում, սակայն հրեաները չեն ընդունել մեր ցեղասպանությունը: Առաքելյանի ձեւակերպմամբ, ի վերջո, հաղթողը մեկն է՝ քաղաքակրթությունը:

«Ամբողջ Հայաստանը մշակութային է, ամեն ինչ էլ կարելի է ցույց տալ Հռոմի պապին, բայց կուզեի, որ անպայման այցելեր Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ: Ինչ վերաբերում է իմ արձանին, ուզում եմ, որ մեր ազգի կողմից նվիրվի իրեն, որպես Հայ ժողովրդի կողմից երախտիքի խոսք: Ամսի 15-ին այն կավարտեմ ու մի օր էլ ցուցահանդեսում կներկայացնեմ»,- ասում է քանդակագործը:

Ազատ Եղիազարյանը, որը միակն է, որ տեսել է Ֆերդինանտ Առաքելյանի աշխատանքը, վստահեցնում է՝ շատ լավ է ստացվել, համամարդկային մարդասիրական էության մեջ է արված:

Նա  նաեւ համոզված է՝  այցն այնպես պետք է կազմակերպվի, որ Հռոմի պապը մի բանում հաստատ համոզվի. «Չնայած փոքր է հայ ժողովուրդը, բայց այնպիսի՜մշակույթ ունի, որի էությունը հումանիզմն է:  Պետք է  նրան, օրինակ, «Սասունցի Դավիթ» էպոսը ներկայացնենք, որի մեջ մարդկայնության գաղափարն է շեշտադրված: Եթե թուրքական էպոսում ասվում է, որ տղամարդը տղամարդ չէ, եթե վիզ չի կտրել, ապա մեր էպոսի հերոսները նույնիսկ կենդանու չեն վնասում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031