Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիրիահայ պատանիները փակ հույզերի դուռը արվեստով են բացում

Մայիս 30,2016 13:19

«Ես միշտ մտածում էի, որ մի մարդ լինի, ում ես ամեն ինչ կվստահեմ և կուզեմ իմ զգացմունքներն արտահայտել… Հիմա ես գիտեմ այդ ձեւը… Նկարի սրտի մեջ բանալիներով փակված դռները նկարելով կբացես»: Այսպես է խոսում նկարչության մասին վերջին տարիներին քաղաքացիական պատերազմի պատճառով Սիրիայից հայրենիք դարձած այն պատանիներից մեկը, որոնց համար Գաֆէսճեան արվեստի կենտրոնը YMCU սիրիահայերի կազմակերպության աջակցությամբ անցկացրեց «Իմ հայրենիքի բնանկարը» կրթական ծրագիրը: Դասերից յուրաքանչյուրն ունեցել է առանձին թեմա՝ ընտրված նկարչի կյանքն ու ստեղծագործությունը: Ամեն դասի վերջում մասնակիցները նկարել են տվյալ ոճով՝ ոգեշնչվելով հայ արվեստագետների գույներից, վերարտադրած պատկերներից: Աշխատանքներից լավագույններն այժմ ցուցադրված են ԳԱԿ-ում:

Ծրագրի թեման ընտրվել էր այս տարվա թանգարանների միջազգային օրվա թեմային համապատասխան, որն է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»:

Ինչպես հայտնում է արվեստի կենտրոնի տնօրինությունը՝ ծրագրի նպատակը մասնակից երեխաներին հայկական մշակութային համայնապատկերը ներկայացնելն էր հայ նշանավոր նկարիչների ստեղծագործությունների միջոցով՝ նպաստելով մասնակիցների ներգրավմանը երկրի մշակութային կյանքում:

5Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Էլիզաբեթ Շիրինյանը «Առավոտին» տված հարցազրույցում պատմեց, որ ինը հանդիպումներից բաղկացած ծրագրին մասնակցող 24 պատանիները հնարավորություն ստացան ծանոթանալու հայ գեղանկարչության այնպիսի գործիչների աշխատանքներին, ինչպիսիք են Հարություն Կալենցը, Գևորգ Բաշինջաղյանը, Մարտիրոս Սարյանը, Հակոբ Հակոբյանը, Արշիլ Գորկին և այլք:

«Ինքս 5 տարի ապրել եմ Սիրիայում և տեսել, թե ինչքան հարուստ է այդ երկիրն իր մշակույթով: Բայց ներկա պայմաններում դժվար է արվեստի և գեղեցկության հետ կապը պահելը: Հուրախություն մեզ՝ երեխաների մեծ մասը նախքան ծրագրին մասնակցելն էլ հետաքրքրված էր արվեստով: Մենք աշխատեցինք նրանց մեջ լրացնել բաց թողած գիտելիքների մի մասը գոնե, և նույնիսկ արվեստի աշխարհ բերել նրանց, ովքեր մինչ այդ շփում չեն ունեցել նկարչության հետ», պատմեց տիկին Շիրինյանը:

3Ցուցասրահի այցելուներից Քրիսթոֆ Բիրվիրթը, որն այսօր ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն է Հայաստանում, հայտնեց, որ ինքն անձամբ է ճանաչում ծրագրի մասնակից պատանիներից շատերին: «Դժվար է պատկերացնելը, թե ինչի միջով են ստիպված եղել անցնել այս երեխաները, ինչպես նաև դժվար է հասկանալը, թե ինչ խնդիրներ ունեն նրանք այսօր նոր միջավայրին ինտեգրվելու հարցում, թեև սա նրանց հայրենիքն է: Արվեստը այն փրկօղակն է նրանց համար, որը թույլ է տալիս արտահայտել իրենց զգացմունքներն ու մտքերը: Պիտի խոստովանեմ՝ շփվելիս տարբերություն եմ զգում նրանց մեջ: Հիմա մի քիչ ավելի հանգիստ ու անկաշկանդ են: Դա կտավների գույներում էլ է երևում»:

1Մինչ թանգարանների միջազգային օրը կայացած սիրիահայ երեխաների աշխատանքների ցուցադրության բացումը հնարավորություն էինք ունեցել ներկա լինելու հանդիպումներից մեկին: Օրվա թեման աբստրակտ արվեստի վարպետ Արշիլ Գորկու կյանքն ու ստեղծագործությունն էր: Էլիզաբեթ Շիրինյանը, որը վարում էր դասընթացը, պատանիներին ներկայացրեց նկարչի պատմությունը, բացատրեց նրա ճակատագրի ու ստեղծագործությունների ձևերի և գույների միջև կապը: Դրանից հետո, մասնակից երեխաների խոսքով, եկավ իրենց համար ամենասպասված պահը. վերցրին գուաշի տուփերը, վրձինները և շտապեցին թղթերի մոտ՝ արտահայտելու իրենց տպավորություններն ու հույզերը:

Թեման ամենապարզը չէր, և դասընթացի ղեկավարներին, ինչպես և մեզ, հետաքրքիր էր, թե երեխաներն ինչպես կդրսևորեին իրենց երևակայությունը աբստրակտ արվեստում: Նրանցից շատերը չցանկացան ստեղծվող նկարի հիմքը դարձած իրենց հույզերով: Սակայն տասներկուամյա Շիրակը, ով նկարում էր կարմիր, սև, մանուշակագույն գույների համադրությամբ, պատմեց այն, ինչ տեսել էր Սիրիայում:

2«Դպրոց գնալն էր շատ դժվար, հաճախ նույնիսկ փակ էին լինում դպրոցները: Պատահել է, որ դուրս ենք եկել ու տեսել, որ գետինն ամբողջությամբ կարմիր է, տեղ-տեղ այնքան մուգ, որ նույնիսկ սև էր թվում: Փողոցի տարբեր անկյուններում մարդու մարմնի մասեր էին ընկած, նույնիսկ ուղեղ կարող էիր տեսնել, ձեռքից պոկված մատներ, ամբողջությամբ այրված դեմքեր: Այս պատկերներն են գալիս աչքիս առաջ նկարելիս, հենց այդ պատճառով էլ այս գույներն եմ ընտրել»:

Կրթական ծրագրերի համակարգող Էլիզաբեթ Շիրինյանը պատմեց, որ մասնակիցներից ակնկալում էր ոգևորություն ցուցասրահի բացման օրը: «Բայց պիտի ասեմ, որ ինձ համար անակնկալ էր տեսնել նրանց հուզվածությունը ծրագրի ավարտի պատճառով, որ այլևս չենք հանդիպելու: Պիտի ասեմ, որ այս ծրագիրը ինձ էլ շատ բան տվեց, առաջին հերթին՝ պատանի երեխաների հետ շփվելու փորձ, ոգևորություն, որ կարողացա արվեստի հանդեպ սերն արմատավորել նրանց մեջ, տեսնել նրանց աճը աշխատանքներում: Դժվար էր, ինչ խոսք, բայց պետք էր, ու արժեր ջանքեր ներդնել»:

 

Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031