Անցած հանգստյան օրերին գերմանական «Նյուրբուրգրինգ» մրցուղում կայացավ լեգենդար ADAC Zurich 24h Rennen մրցարշավը՝ Նյուրբուրգրինգի 24-ժամյա մարաթոնը, որին LMS Engineering թիմի կազմում SP3 T դասում մասնակցում էր B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանը:
24-ժամյա մրցարշավին նախորդող որակավորման 2 մրցերթերի ընթացքում Գորոյանն ու թիմակիցները (գերմանացիներ Ուլրիխ Էնդրին ու Ֆիլիպպ Լեյսենը, ամերիկացի Քրիստոֆեր Թայգերը) Audi TT RS2-ով 9:07.446 արդյունքով 1-ինն էին դասում ու 158 մեքենաների թվում 55-րդը՝ ընդհանուր հաշվարկում:
Գրեթե ողջ մարաթոնի ընթացքում՝ շուրջ 20 ժամ, LMS Engineering-ը դասի առաջատարի դիրքերում էր ու միայն մրցարշավի ավարտից 3.5 ժամ առաջ տեղի ունեցած տհաճ միջադեպի պատճառով պոդիում չբարձրացավ:
Բրյունխենի շրջադարձում` հենց Գորոյանի մրցերթի ընթացքում, Audi TT RS2-ին բախվեց #5 մեքենան: Ուժեղ հարվածի արդյունքում LMS Engineering-ի մեքենան բախվեց պարսպին` ստանալով ժամանակային սուղ պայմաններում վերականգնման չենթարկվող վնասվածքներ ու դուրս մնաց պայքարից:
Արդյունքում՝ 24-ժամյա մարաթոնում Գորոյանի թիմը միայն 102-րդն է ընդհանուր հաշվարկում ու 5-րդը՝ դասում, մինչդեռ 20 ժամ շարունակ պայքարում էր դասում հաղթանակի, իսկ բոլոր՝ 158 մեքենաների թվում լավագույն 20-ակում տեղի համար:
Դասում հաղթող ճանաչվեց Subaru Tecnica International-ը` SUBARU WRX STI 1-ով, որն անցավ 121 շրջան ու գրանցեց 9:11.340 լավագույն ժամանակը: Մինչդեռ նշենք, որ Audi TT RS2-ի լավագույն ժամանակը կազմել էր 9:06.294:
Նշենք նաև, որ ընդհանուր հաշվարկում տոտալ հաղթանակ տոնեց Mercedes-ը, որը 2013թ-ից ի վեր չէր հաղթել Նյուրբուրգրինգում:
Բառացիորեն վերջին շրջանում AMG-Team Black Falcon-ը, մրցուղում անցկացնելով 23 ժամ 16 րոպե, առավելության հասավ 2-րդ արդյունքը գրանցած AMG-Team HTP-Motorsport-ի նկատմամբ ընդամենը 5,697 վայրկյանով:
Այսպիսի արդյունք Նյուրբուրգրինգի հանրահայտ մարաթոնի պատմության ընթացքում չէր գրանցվել:
3-րդը HARIBO Racing Team-AMG-ն էր:
Գայանե Նազարյան