Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդունեց հանրության այն քննադատությունը, որ Գարեգին Նժդեհի արձանը նման է Պետրոս Առաջինին:
Նա իր տեսակետը հայտնեց՝ որպես ճարտարապետ եւ հարցին՝ համաձա՞յն է այն մասնագետների գնահատականին, որ թե Բաբաջանյանի, թե՛ Նժդեհի արձանները նման չեն իրենց՝ նա պատասխանեց. «Երբ Նժդեհի արձանի մրցույթը անցկացվեց, ես եմ եղել այդ ժամանակ քաղաքի գլխավոր ճարտարապետը: Նժդեհի արձանի համար նախատեսված է եղել 10-ից ավելի աշխատանք, ընտրվեց 5-ը, որից հետո արդեն գաղտնի մրցույթով ընտրվեց այս աշխատանքը, որը դուք տեսնում եք: Հեղինակը Գագիկ Ստեփանյանն է»:
Նարեկ Սարգսյանն ասաց, որ ընտրված մյուս աշխատանքներում Նժդեհը հիմնականում ներկայացված է եղել ձիով կամ թրով, զրահով:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ Նժդեհի տեղադրված արձանն էլ նման է Պետրոս Առաջինին՝ Նարեկ Սարգսյանն արձագանքեց, որ դա հավանաբար պայմանավորված է նրանով, որ հեղինակը սովորել է Սանկտ Պետերբուրգում:
Իսկ Համազասպ Բաբաջանյանի արձանի հետ կապված քաղաքաշինության նախարարն ասաց. «Ես կարծում եմ, որ որոշակի թերություններ ունի, բայց ողջունում եմ, որ նա զենք ու զրահով չէ, լավ է, որ նա նստած է, բայց չգիտեմ ինչու` նստած է աթոռի վրա, այլ ոչ թե քարի»:
Նախարարն ասաց, որ գրեթե բոլոր արձաններն էլ արժանանում են քննադատության, տարբեր կարծիքների:
ԱԺ-ում ներկայացնելով 2015-ի բյուջեի կատարման հաշվետվությունը, նա ասաց, որ ընդհանուր ծրագրերի 97 տոկոսն իրականացրել են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ