Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Մկրտչյանի առաջարկները վերաբերում են ընդամենը մեկ խնդրի»

Մայիս 30,2016 15:30

Թեւան Պողոսյանը հույս ունի, որ ԿԳ նախարարի վերջնական մոտեցումները` բոլոր 18 տարեկաններին բանակ զորակոչելու նախագծի վերաբերյալ, կլինեն ընդունելի

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ որոշ առաջարկներ ներկայացրեց բոլոր 18 տարեկաններին բանակ զորակոչելու օրենքի նախագծի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Թեւան Պողոսյանն ու Ռուբեն Հակոբյանը դեռ մեկ տարի առաջ նախագիծ էին ներկայացրել, որ ուսանողներին չպետք է տրվի տարկետում, այսինքն՝ 18 տարեկանը լրացած արական սեռի բոլոր ներկայացուցիչները պետք է ծառայեն բանակում: Ժամանակին այդ նախագիծը իշխանությունները, ըստ էության, չմերժեցին, պարզապես գործընթացը հետաձգվեց: Այժմ վերսկսել են քննարկումները այս նախագծի շուրջ, որը բազմաթիվ տարակարծությունների տեղիք է տալիս:

Լեւոն Մկրտչյանն առաջարկում է մի տարբերակ, որ եթե հնարավոր էր, երեխաները կարողանային ինչ-որ ժամանակ սովորել՝ 1 տարի կամ 6 ամիս, այնուհետեւ արդեն ուսման վարձը վճարելուց հետո զորակոչվեին ու գային, շարունակեին ուսումը: ԿԳ նախարարը եւս մեկ տարբերակ է առաջարկում. «Կարելի է ընդունել հետեւյալ տարբերակը՝ այսօր երեխան ընդունվում է բուհ եւ զորակոչվում: Իրենից պահանջում են, որ վճարը վճարի, հետո գա, սովորի: Չեն ուզում վճարել, որովհետեւ 2 տարի առջեւում կա, եւ նրանց հեռացնում են բուհից: Հիմա եթե մի տարբերակ լինի, որ երեխան բուհ ընդունվելուց 2 տարի հետո գա, վճարի եւ սովորելու իրավունքը պահի առանց քննության՝ արդեն լավ կլինի»:

«Առավոտը» նախագծի հեղինակ Թեւան Պողոսյանից հետաքրքրվեց` ընդունելի՞ են արդյոք իր համար ԿԳ նախարարի առաջարկները: Պարոն Պողոսյանը նկատեց, թե Լեւոն Մկրտչյանն անդրադառնում է ընդամենը մեկ խնդրի, ինչը թույլ չի տալիս ամբողջական գնահատական ձեւավորել մոտեցումների մասին: Այնուհետեւ հավելեց. «Ողջունելի է, որ փնտրում են, ուզում են լուծումներ գտնել: Հուսամ, որ վերջնական մոտեցումները կլինեն ընդունելի եւ կնպաստեն ծառայությունից զորացրվելուց հետո նաեւ իսկապես սովորելու ցանկություն ունեցողների խնդիրների լուծմանը»:

ԱԺ պատգամավորի համար շարունակում է առաջնային մնալ այն մոտեցումը, որ 18 տարին լրացած բոլոր երիտասարդները պետք է ծառայեն բանակում: Նա հիշեցրեց, որ արդեն կառավարությունն է բարձրացված խնդրի վերաբերյալ նախագիծ մշակում: Եզրափակելով` պարոն Պողոսյանը նշեց. «Հուսամ, որ երբ նախագիծը վերջնական լինի, այն իսկապես կնպաստի ինչպես սոցիալական արդարության հաստատմանը, այնպես էլ առնվազն կոռուպցիոն խողովակներից մեկի սկզբնաղբյուրի փակմանը, կապահովի ճիշտ, արդար եւ թափանցիկ չափանիշներով հատուկ վերաբերմունք յուրահատուկ տաղանդավորների հանդեպ, նաեւ համակարգային մոտեցումներ կունենա բանակից հետո կրթությունը բուհերում շարունակելու մատչելիության եւ գրավչության ապահովման համար»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

28,05,2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031