Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Եվրասիական տնտեսական համագործակցության գերագույն խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Հայտնի է, որ ԵՏՄ ԳԽ նիստը կայանալու է վաղը՝ 2016թ. մայիսի 31-ին, Աստանայում։ Վերը նշված աղբյուրի համաձայն՝ Պուտինի մասնակցության մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական կայքը, որտեղ նշվում է, որ ԵՏՄ գերագույն խորհրդի նիստում կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների մանրամասները, գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորմանն առնչվող մի շարք հարցեր։
Աստանայում տեղի ունենալիք քննարկումների ավարտին նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ընդունում։ Սպասվում է նաև, որ Աստանայում երկկողմանի հանդիպում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև։