Լրահոս
Օրվա լրահոսը

Թաղապետարանները լուսանկարում են բնակիչների շինաղբն ու 20-30 հազարի տուգանք գրում

Մայիս 30,2016 15:00

Թաղային համայնքները բյուջեն լցնելու նոր տարբերակ են գտել. թաղապետարանների աշխատակիցները շրջում են համայնքներով ու որ հասցեում շինարարական աղբ են տեսնում՝ լուսանկարում: Հետո կանչում են տվյալ հասցեի բնակչին ու դեմ տալիս ակտը: Նոր Նորքի բնակիչներից մեկն այս օրերին համայնքապետարանի գրած 20 հազար դրամանոց ակտը վիճարկելու է դատարանում, քանի որ համաձայն չէ, որ ինքն օրենք է խախտել: Հենց միայն այն պատճառով, որ շինարարության աղբի տեղափոխման հետ կապված համայնքի պատասխանատուները չեն կատարել իրենց վրա դրված պարտականությունը:

Ճիշտ է, «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում կետ կա՝ նվիրված կոշտ, ոչ կենցաղային աղբին եւ շինարարական աղբին, որով առաջնորդվում են համայնքապետարանների պատասխանատուները, սակայն ոչ մի կետով նշված չէ, թե, օրինակ, համայնքի պատասխանատուն իր պարտավորությունը չկատարելու դեպքում ինչ տույժ ու տուգանքների պետք է ենթարկվի:

Երեւանի ո՞ր համայնքում կարելի է տեսնել շինարարական աղբի համար նախատեսված կոնտեյներներ, որտեղ բնակիչները կարող են լցնել շինարարական աղբը՝ մինչեւ որ վերջացնեն բնակարանի կամ այս կամ այն օբյեկտի շինարարությունը:  Մինչդեռ նրանք պարտավոր են: Սակայն առանց այդ կոնտեյներներն ապահովելու՝ թաղապետարանները բնակիչների առաջ պայմաններ են դնում ու տուգանքների մեխանիզմն են պարտաճանաչ կիրառում:

«Առավոտի» խմբագրություն դիմած տիկնոջ խոսքերով՝ վարչական շրջանի աշխատակիցները բնակչի հարցին, թե որտե՞ղ պահի շինաղբը, մինչեւ կտեղափոխի համապատասխան աղբավայր, ասել են՝ տանդ մեջ կամ ամեն օր ավտոմեքենա կանչի տեղափոխի:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում չկա շինարարական աղբին վերաբերող հոդված: ՀՀ օրենսդրությունը հստակ վայր չի սահմանում շինարարական աղբը թափելու համար: Իրավասու մարմինները կենցաղային աղբին վերաբերող հոդվածները տարածում են նաեւ շինարարական աղբի վրա եւ 20-30 հազար դրամի չափով տուգանում քաղաքացիներին՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ շինաղբը վերանորոգման աշխատանքների ընթացքում բավականաչափ կուտակվելուց հետո քաղաքացիների կողմից բարեխղճորեն բեռնատարով տեղափոխվում  է եւ թափվում համապատասխան վայրում: Թաղապետարանի աշխատակիցներն ասում են, որ շինաղբի յուրաքանչյուր պարկը բեռնատարով պետք է տեղափոխել՝ այն դեպքում, երբ օրական կարող է գոյանալ 7-10 պարկ աղբ»,- ասում է մեր զրուցակիցը: Նրա խոսքերով՝ թաղապետարանում հայտնել են, որ իրեն նվազագույն են տուգանել. «Ասում են՝ 30 հազար է տուգանքը, բայց 20 հազար են տուգանում: Տանս խողովակները պայթել էին, ստիպված շինարարություն սկսեցի: Ես իմ աղբին տեր եմ, բայց պետք է վերջացնեմ, որպեսզի շինարարական աղբը տեղափոխեմ: Ի՞նչ է՝ ամեն օր մեքենա՞ եմ կանչելու մեկ պարկ աղբի համար: Որտե՞ղ դնեմ: Աղբը կամ շքամուտքում ենք դնում, կամ շենքի մուտքի մոտ: Ես արդեն որերորդ մարդն եմ, որ շինաղբի համար տուգանվել եմ, թաղապետարանները համատարած տուգանում են: Սա անօրինություն է, որտե՞ղ է գրված, որ այսինչ տեղը պետք է թափեմ աղբը եւ չեմ թափել: «Սանիտեքն» էլ է, չէ՞, կուտակում,  հետո գալիս է տեղափոխում: Թող բարի լինեն ոչ կենցաղային աղբի աղբամաններ տեղադրեն»:

Ըստ նրա՝ ներկայումս տասնյակ քաղաքացիներ դատական ակտով բողոքարկում են վարչական շրջանների պատասխանատուների տվյալ ակտերը, բայց կան քաղաքացիներ, որոնք  գլխահակ մուծում են ոչ օրինական կերպով իրենցից գանձվող տուգանքը. «Պարզ է, որ օրենքին չհամապատասխանող եւ միայն վերջերս կիրառվող այս տուգանքը կիսադատարկ բյուջեն լցնելու հարմար եղանակ է»:

Նշենք, որ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի համաձայն` համայնքի ավագանու որոշմամբ աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնում են անմիջականորեն համայնքային հիմնարկները կամ համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորը:

Այդ անձինք կարող են իրականացնել խոշոր եզրաչափերի աղբի հավաքումը եւ փոխադրումը՝ տվյալ համայնքի ավագանու հաստատած դրույքաչափերին համապատասխան: Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, համայնքի ավագանու սահմանած պահանջներին համապատասխան, կարող է իրականացնել շինարարական եւ խոշոր եզրաչափի աղբի հավաքումն ու փոխադրումը՝ աղբի հավաքման եւ փոխադրման թույլտվության հիման վրա: Ինչպես նշված է օրենքում, աղբի հավաքման եւ փոխադրման թույլտվություններ կարող են տրամադրվել նաեւ շինարարական եւ խոշոր եզրաչափի աղբի աղբահանության վճար վճարողներին՝ աղբն ինքնուրույն հավաքելու եւ փոխադրելու համար: Աղբի հավաքման եւ փոխադրման թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը համայնքի ավագանու հաստատած պայմաններով եւ կարգով:

Սեփ.լր.

«Առավոտ»

28,05,2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031