Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր իրավաբանները, որոնք ստորագրահավաքի մասնակիցներ էին, դիմեցին փաստաբանական դպրոց»

Մայիս 30,2016 14:30

Մայիսի 19-ին ԵՊՀ դոցենտ Գեւորգ Պետրոսյանի՝ «Դատական ներկայացուցչությունը չպետք է լինի փաստաբանների մենաշնորհը» հարցազրույցը ոչ միայն ակտիվ քննարկման տեղիք տվեց իրավաբանների, փաստաբանների շրջանում, սոցիալական ցանցերի մասնագիտացված խմբերում, այլ դրան հետեւեց մայիսի 25-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արթուր Հովհաննիսյանի արձագանքը՝ «Պետությունը Սահմանադրական մակարդակի բարձրացրեց փաստաբանության ինստիտուտը»: «Առավոտի» զրուցակից իրավաբանը, որը օրեր առաջ փաստաբանի արտոնագիր է ստացել, Արսեն Մկրտչյանն է: 8 տարի առաջ նա հավաքեց հարյուրավոր իրավաբանների ստորագրություններ՝ փաստաբանական ինստիտուտի մենաշնորհի դեմ: Այսինքն, նույն այն մենաշնորհի, որի մասին ակնարկել էր Գ. Պետրոսյանը՝ պաշտպանելով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությունը: Արդյոք, փոխվե՞լ են տարիներ առաջվա պատկերացումները, ի՞նչ կտա այդ մենաշնորհը, ինչո՞ւ քաղաքացին չի կարող իր դատական արդյունավետ պաշտպանությունը ինքնուրույն կազմակերպել:

Արսեն Մկրտչյանն այդ հարցերի շուրջ հայտնեց իր դիտարկումները:

-Իմ դիրքորոշումը կհետաքրքրի շատերին, քանի որ ես այն մարդն էի, որ երկար ժամանակ պայքարում էր փաստաբանների մենաշնորհի դեմ ու առաջիններից մեկն էլ, որը հոդված էր գրել, դա «Առավոտում» դուք էիք. «Իրավաբանները դուրս կգան փաստաբանների դեմ»: Երբ փաստաբանների օրենքն ընդունվել էր, ես աշխատեցնում էի իրավաբանական գրասենյակ, որը, փաստորեն, մատուցում էր ծառայություններ եւ դա ուղղակիորեն առնչվում էր իմ շահերի հետ:

Դա բավական լուրջ խնդիր էր: Այդ իսկ պատճառով մի խումբ իրավաբաններ միացանք իրար, նամակով դիմեցինք ՀՀ նախագահին, սկսեցինք բողոքի ակցիաներ: Պետք է ասեմ, որ մեր հանրությունն այդ ժամանակ ժողովրդավարական էր, որովհետեւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անձամբ ինձ ընդունեց, ունեցավ զրույց: Ես իրեն ասացի՝ ինչ եք անում, փաստորեն, մենք մնացինք առանց եկամուտների, Հ. Թովմասյանն ասաց. «Ես կողմնակից եմ նրան, որ փաստաբան դառնալը լինի դժվար: Մենք գնալու ենք այս ճանապարհով»: Արձագանքեց նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Հանդիպեցի նաեւ նրան: Ուշագրավն այն էր, որ մեր պայքարն արդյունք չտվեց հետեւյալ պատճառաբանությամբ: Բոլոր իրավաբանները, որոնք այն ժամանակ փաստաբան չէին, ստորագրահավաքի մասնակիցներ էին, կամաց-կամաց սկսեցին դիմել փաստաբանական դպրոց, ստանալով արտոնագրեր:

Իհարկե, լավ էր, որ ոչ մի պաշտոնյա, ոլորտի ոչ մի պատասխանատու անձ չէր խուսափում բանավեճից, հանդիպումներից, թեեւ անկոտրուն էին, պնդում էին, պիտի դպրոցը լինի, պիտի փաստաբանական լիցենզիա լինի: Ի սկզբանե, եթե լինեին նորմալ պայմաններ, ձեւավորված գործող շուկա, սոցիալական վիճակը բնականոն լիներ, իհարկե, ես դեմ կլինեի, ոնց որ նախկինում արտահայտվել էի փաստաբանների մենաշնորհին: Բայց այս տարիների ընթացքում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել ու հարցին միանշանակ պատասխանելը, թե այպես կամ այնպես պիտի լինի, բավական սխալ է: Այդ առումով հետաքրքիր էր իմ զրույցը ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի հետ: Վերջինն ինձ ասաց՝ իզուր ես պայքարում, բոլոր իրավաբանները, որոնք քո կողքին են, մասնակցում են ստորագրահավաքին, հենց ստանան լիցենզիա՝ քեզ կմոռանան:

Այդպես էլ եղավ: Բոլոր իրավաբանները, որոնք ակտիվ մասնակից էին այդ պայքարին, հենց ընդունվում էին փաստաբանական դպրոց, մոռանում էին դրա մասին: Հիմա առիթն է Սահակյան Ռուբիկին հիշեցնելու, որ ոչ՝ բոլորը չեն:

Ըստ էության, փաստաբանական մենաշնորհի անհրաժեշտությունը լավ կլիներ, որ չլիներ, բայց եթե խոսում ենք այդ մասին, պիտի հաշվի առնենք, որ երբ լրագրող Ռուզան Մինասյանը ստիպված է իր լրատվամիջոցի շահերը ներկայացնել դատարանում, լրիվ մի բան է, անվճար է, լրիվ այլ բան է, երբ իրավաբանը ներկայացնում է իբր անվճար որեւիցե մեկի շահերը դատարանում, բայց դատարանում ստանում է որոշակի գումար: Դրանք տարբերակելու, անշահախնդիր դատարանում ներկայացուցչություն եւ գրեթե լավ գիտելիքներ ունեցող լրագրողին, փաստաբանական գործունեությամբ իրավաբանին դժվար է հասկացնել, որտեղ գումարը վերցրեց, որտեղ չվերցրեց: Դրա համար այդ մոտեցումները չպետք է անցկացնել այնպես, որ լինի փաստաբանների մենաշնորհը: Մի կողմից էլ՝ խոսքը գնում է, որ փաստաբանն իր կատարած աշխատանքի դիմաց պիտի վարձատրվի: Ֆրանսիայում կա օրենք, որ փաստաբանի աշխատանքը չպիտի լինի անվճար: Հարց է առաջանում. իսկ իրավաբանի աշխատավա՞րձը, ինչո՞ւ պիտի լինի անվճար: Եթե իրավաբանը, որը չի հանդիսանում փաստաբան, գալիս է դատարան ու իրականացնում է անվճար, ասեն՝ դրա իրավունքը չունես: Եթե, իհարկե, քո բարեկամը չի:

Ուրեմն, կոռուպցիոն ռիսկը բացառելու համար այդ փաստաբանական մենաշնորհը շատ ճիշտ է: 8 տարի առաջ, երբ մենք պայքարում էինք մենաշնորհի դեմ, դա ուրիշ դպրոց էր: Որակական առումով շատ լուրջ փոփոխություններ են եղել, այսօրվա փաստաբանական դպրոցը տալիս է գիտելիք: Ու ճիշտն ասած, վստահորդի  հետ երբ որ շփվում ես, կոմերցիոն առումով բավական դժվար է լինում բացատրել, եթե դու իրավաբան ես, ասես, գիտես՝ ես կգամ, շահերդ կներկայացնեմ, բայց ես փաստաբան չեմ: Վստահորդի մոտ հարց կառաջանա՝ եթե այդքան լավ գիտելիք ունես, պետական համալսարան ես ավարտել, մի՞թե քո գիտելիքը բավարար չէր, որ կարողանայիր արտոնագրի համար դպրոց դիմեիր: Փաստաբանն այս դեպքում ավելի շահեկան վիճակում է: Այս քննարկման հետաձգումը ամենաճիշտ լուծումն էր: Վերջնական լուծում տալու համար ելակետ պետք է վերցնեն նրանից, բանիմաց մարդիկ, հրատարակչությունները, որոնք կարող են ներկայացուցչություն ապահովել, դրանց իրավունքները չսահմանափակվեն: Լրագրողին պետք է ներգրավեն որպես փորձագետ, վճարեն, փաստաբանն էլ վճարվի դատական ներկայացուցչության համար: Բոլորը կլինեն իրենց տեղերում: Այս հարցը տանել ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտ, տեղին չէ: Այս հարցի քննարկմանը շահագրգիռ կողմերը պետք է ներգրավվեն, ոչ թե քաղաքականությամբ զբաղվող պատգամավորները: Փաստացի, մենք ականատես ենք դրան, որ ընտրությունների նախաշեմին տեղի է ունենում որոշակի պատգամավորների ակտիվություն, այն հարցը, որը 8 տարի շարունակ եղել է առանցքային հարց, պատգամավորները չէին նկատում, այսօր մեկ էլ տեսաք, սկսում են փաստաբանական մենաշնորհի դեմ ակտիվորեն արտահայտվել: Ինչ է այն ժամանակ չե՞ն կարդացել  օրենքը, հիմա մեկ էլ տեսար հիշեցի՞ն: Փաստաբանությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է: Պալատն այն աստիճանի է կայացել, որ հանրային պաշտպանի գրասենյակը բավական մեծ խավերի  է ներառում անվճար փաստաբանական  որակյալ օգնության  տալով: Պետք է ոչ թե փաստաբանական մենաշնորհի դեմ պայքարել, այլ առանձնացնել այն դեպքերը, օրենքի մեջ մանրամասնել բացառությունները: Պատուհաններ թողնել, որպեսզի իրականում ազնիվ մարդիկ, որոնք կոմերցիոն շահեր չեն հետապնդում, որոնք իրենք գիտելիքներով կարող են դատական ներկայացուցչություն ապահովել, դուրս չմնան դատական գործընթացներից:

Հարցը այո կամ ոչը չի: Այո, փաստաբանական մենաշնորհին, բայց դրա մեջ պիտի լինեն այնպիսի բացառություններ, որից իրականում ՀՀ քաղաքացու շահը չտուժի:

Փաստաբան ընտրելու իրավունքը պետք է բացառապես համեմատել բժշկական օգնություն ստանալու հնարավորության հետ: Քանի դեռ մարդը գտնվում է իր սեփական տանը կամ փողոցում, ինքը կարող է ընտրել՝ թե իր հարեւանը իրեն բուժի, թե ինքն իրեն որոշումներ կայացնի: Այն պահից, երբ որ ինքը հայտնվում է բուժհաստատությունում, կոկրետ բուժող բժիշկի արտոնությունն  է սահմանել բուժման տեսակն ու տեւողությունը եւ դեղորայքը: Երբ հայտնվում ես դատարանում, որը հանրային իրավունքի կառույց է, ուր քո շահերն են, դու ընտրության հնարավորությունը չպիտի ունենաս, ի շահ քեզ: Այլապես, դու կհայտնվես հիվանդանոցում՝ օգտվելով բժշկի եւ հեքիմի օգնությունից:

Պատրաստեց 

ՌՈՒԶԱՆ  ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

«Առավոտ»

28,05,2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031