Լրահոս
Օրվա լրահոսը

Աշնանը կիրականանա 92-ամյա շանսոնյեի ցանկությունը

Մայիս 30,2016 14:00

Գյումրեցի երիտասարդ արվեստագետն  Ազնավուրի երգերը կներկայացնի հայերեն

Շառլ Ազնավուրը քանիցս արտահայտվել է, որ կցանկանար իր երգերը լսել հայերեն: Ժամանակին շանսոնյեի երգերի տեքստերը թարգմանվել են հայերեն, բայց այդպես էլ չեն հնչել: Հավանաբար սա մեկ բացատրություն ունի, այն է՝ երգիչները պարզապես չեն հանդգնել… Իսկ ազնավուրյան երգերը հայերեն տեքստով լսելը դա ոչ միայն իր՝ շանսոնյեի, այլեւ մեր արդեն տասնամյակների ցանկությունն է: Այս պահին մտաբերեցինք, որ ժամանակին Կ. Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախմբում Ազնավուրի երգերը իսկապես հիանալի էին մեկնաբանում Էլվինա Մակարյանը եւ Սիմոն Տերյանը: Տեղեկացնենք, որ Ազնավուրն ունի շուրջ 1000 երգ:

«Առավոտին» հասած տեղեկություններով՝ մասնագիտությամբ կինովավերագրող, բայց առավել հայտնի իբրեւ հեղինակ-կատարող Վահե Հարությունյանը պատրաստվում է աշնանը հանդես գալ մենահամերգով, ծրագրում՝ միայն Շառլ Ազնավուրի երգերը հայերեն:   Իսկ թե որտեղից է գալիս նման ընդգծված սեր դեպի Ազնավուրի արվեստը եւ ինչու է երիտասարդ արվեստագետը կինովավերագրողի մասնագիտությունը դրել մի կողմ եւ իրեն նվիրել միայն շանսոնյեին, «Առավոտի» հետ զրույցում  Վահե Հարությունյանը նախ հայտնեց, թե կինովավերագրողի մասնագիտությունը (ուսանել է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում, Ռուբեն Գեւորգյանցի արվեստանոցում) իրեն օգնում է ամեն ինչում՝ մարդկային հարաբերություններից մինչեւ երգերի ստեղծում ու տեսահոլովակների նկարահանում: Ծնունդով գյումրեցի մեր զրուցակիցը հիշեց երկրաշարժը, դրան հաջորդած ցուրտ ու մութ տարիները, երբ ինքը դեռ 4-5 տարեկան էր. «Չգիտեմ՝ պատահականությո՞ւն էր, թե՞…  Բայց երբ այն ժամանակների համար այդքան սպասված, ավելին՝ բաղձալի լույս էր վառվում տներում,  չգիտես ինչու, մեր տան հեռուստացույցի էկրանին  երեւում էր Շառլ Ազնավուրը իր  անկրկնելի երգերով ու կատարումներով, ինչպես նաեւ հաճախ հնչում էր մեր շանսոնյեի ու Ժորժ Կառվարենցի «Քեզ համար Հայաստան»-ը: Այդ տարիքում իմ մեջ տպավորվեցին Ազնավուրի աչքերը, ժեստերը… Իսկ երբ հետագայում արդեն դպրոցում կարդացի «Ազնավուրը՝ Ազնավուրի մասին» ինքնակենսագրականը, դա ինձ համար եղավ երկրորդ Աստվածաշունչը: Կարծում եմ՝ այս խոսքերից հետո մեկնաբանություններս ավելորդ են: Մի բան էլ. 7-րդ դասարանում, երբ դիտեցի Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը, այդժամ ասացի, որ ես պիտի դառնամ ռեժիսոր, եւ վերջ…»,- հայտնեց մեր զրուցակիցը ու հավելեց, թե երբ այդ մասին հայտնել է ծնողներին, վերջիններս միանշանակ դեմ են եղել իր որոշմանը, որդուն հորդորելով, թե ինչ գնով ուզում է լինի՝ պետք է դառնա իրավաբան: Մեր զրուցակիցը հիշեց նաեւ, թե, իր խոսքերով՝ այդ ամենին հասնելու համար, ի վերջո, դրամ էր հարկավոր, հետո մանրամասնեց. «Մինչ օրս մեկ անգամ բախտս բերեց՝ շահեցի. «Ոսկե աշուն» միջոցառման ժամանակ ես շահեցի փոշեկուլ, ընկերներս՝ լվացքի մեքենա: Եվ ստացվեց կլորիկ գումար, որովհետեւ այն անհրաժեշտ էր թատերականի զրո կուրս ընդունվելու համար»: Հավելեց նաեւ, թե սա միակ դեպքը չէր, որ իր բախտը բերել է: Մինչ ինստիտուտ ընդունվելը Շվեյցարիայում բնակվող հորեղբայրը  նվիրում է սինթեզատոր: «Հիմա արդեն ավելի բարձրակարգ գործիքներ կան, բայց հորեղբորս նվիրածը աչքի լույսի պես եմ պահելու մինչեւ կյանքի վերջ: Հենց այդ սինթեզատորն էր «մեղավորը», որ ես սկսեցի ինքնուրույն պարապել, հետո արդեն խորանալ երաժշտարվեստում, մասնավորապես՝ երգի ժանրում: Եվ այս սինթեզատորով հորինեցի առաջին մեղեդին»,- ասաց արվեստագետը:

Մեզ հետ զրույցում Վահեին հիշողություններն անընդհատ «տանում» էին ու վերադարձնում: Մտաբերեց, որ 8-րդ դասարանում 100-ական դրամներ էր հավաքում, որ տեսախցիկ գնի, որ ֆիքսի «ինչ աչքը կտրում է», բայց վերջում գումարը կորցրել էր: Այստեղ դարձյալ օգնության է հասնել շվեյցարաբնակ հորեղբայրը…

2004թ. 17 տարեկանում իր առաջին հեղինակային երգի կատարումն ու տեսահոլովակը՝ «Հեզ աղջիկը», ժամանակին ցուցադրվում էր TV-ներով ու հեռարձակվում ռադիոկայաններով:  Այդ թվականից էլ սկսվեց երգչի բեմական գործունեությունը, հիմնականում մարզերում:  Երբ մենք էլ սա հիշեցրինք մեր զրուցակցին, Վահեն, առանց մանրամասնելու, ասաց. «Անկասկած հիշում եմ, բայց այդ երգից հետո մի տեսակ փակվեց իմ մուտքը Երեւան»: Ասաց նաեւ, որ փնտրտուքների շրջան էլ է ունեցել, օրինակ, ընկերոջ խորհրդով արեւելյան հնչերանգներով  մի երգ է գրել կամ իսպանական երաժշտության մոտիվներով՝ մեկ ուրիշը… Նպատակը մեկն էր՝ գումար վաստակել, մանավանդ որ, արդեն ամուսնացել էր: Հետաքրքրությանը՝ իսկ կինը ինչպե՞ս է վերաբերվում հիմնականում երգարվեստի ուղին բռնած ամուսնուն, Վահեն կատակեց. «Կնոջս օգնությունն այն է, որ նա ինձ չի խանգարում»: Նաեւ նշեց, թե հիանալի ընկերներ, ինչպես նաեւ գործընկերներ ունի, այսօր արդեն հիմնել է «Վան մեդիան», որտեղ իր գործընկերների հետ իրականացնում է գործիքավորումներ, ձայնագրություններ, տեսահոլովակներ եւ այլն:

Անդրադառնալով իր կուռքին՝ Ազնավուրին, Վահեն հայտնեց, որ երբ 2015թ. շանսոնյեն Հայաստանում էր,  ընկերները ամեն ինչ արել են շանսոնյեի հետ գոնե 1-2 րոպեով հանդիպման համար, բայց ապարդյուն: Նույն ընկերները, առանց Վահեի ներկայության, ի վերջո մեկ րոպեանոց հանդիպում են ունեցել Շառլի հետ, նույնիսկ ֆրանսերեն երգել նրա երգերից մեկը, իսկ Ազնավուրն ասել է՝ «ինձ դրանով չեք զարմացնի, ինձ կզարմացնեիք, երբ նույն այս երգը երգեիք հայերեն»:

Վահե Հարությունյանը մեզ հետ զրույցի ավարտին հավաստիացրեց, որ ինքը ամենայն լրջությամբ է պատրաստվում  ազնավուրյան երգերի հայերեն տարբերակով իր մենահամերգին: Օգտվում է Պերճ Թուրաբյանի հայերեն թարգմանած  ազնավուրյան բանաստեղծություններից: Մի բան էլ հիշեց՝ վերջերս, երբ Ազնավուրը Երեւանում էր, Վահեն 4 օր ու գիշեր լուսացրել է հյուրանոցի դիմաց, որտեղ իջեւանել էր շանսոնյեն, բայց դարձյալ ապարդյուն: Այսուհանդերձ, երիտասարդը  հույս ունի, թե մի օր անպայման կկայանա իրենց հանդիպումը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ»

28,05,2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031