Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Սիմոնյանի վրձնի հիշողության ձայնը

Մայիս 30,2016 12:30

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, «Լոռվա ձոր» հայրենակցական միության աջակցությամբ, տեղի ունեցավ նկարիչ Վարուժան Սիմոնյանի «Վրձնի հիշողության ձայնը. Ակոռից Աքորի» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Վարուժան Սիմոնյանն ունի ճարտարապետաշինարարական կրթություն: Նա շատ ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ: Այդ շնորհը Վարուժան Սիմոնյանն իր մեջ պատահական է հայտնաբերել:

Նկարչի հիշողության արահետները նախեւառաջ տանում են դեպի Լոռի, որի բնությունը նրա համար ներշնչանքի մեծ աղբյուր է։ Բայց նրա պատկերները կարող ենք տեսնել հայոց աշխարհի այլ տարածքներում՝ Վայոց ձոր, Դիլիջան, Ապարան, Արագածոտն:

Հեղինակի ստեղծագործության որոնումները չեն սահմանափակվում Հայաստան աշխարհով: Նա ներկայացրել է պատկերներ նաեւ Դոնբասից՝ «Գալյա տատի տունը», Էսենդուկիից՝ «Ամռան բույրը», Վանից՝ «Սուրբ խաչը» եւ այլն:

Ցուցահանդեսի բացմանն իր խոսքով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Այսօր կարեւոր օր է ինձ համար,- ասաց նա,- քանի որ ներկա եմ Վարուժան Սիմոնյանի այս գեղեցիկ ցուցահանդեսին: Նրա ստեղծագործություններում հիմնականում Լոռին է: Այդ հրաշքի ծնունդն է Վարուժան Սիմոնյանը, ով իր կտավներով մեզ բերում է իրական աշխարհը՝ ինքնատիպ պատկերներով: Աստված Ձեզ պահապան, իսկ մեզ՝ շնորհ, որպեսզի չխանգարենք Ձեր աշխատանքին: Արվեստագետին հենց դա է պետք»:

«Այսօր մենք ներկա ենք եզակի ցուցահանդեսի, – շարունակեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը,- քանի որ գործ ունենք ընդամենը մի քանի տարի առաջ իր առաջին քայլերը կատարած եւ այսօր հասունության հասած նկարչի հետ։ Այս տարիների ընթացքում նա ստեղծել է իր հետաքրքիր նկարչական աշխարհը: Վարուժան Սիմոնյանը հարգելով իր արմատների կանչը եւ ընդունելով իր ընկերների օգնությունը՝ բացահայտել է իր նկարելու ունակությունը»:

Սերգո Երիցյանը ներկայացրեց նաեւ «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից լույս ընծայած գիրք-ալբոմը, որտեղ ներկայացված են Վարուժան Սիմոնյանի կենսագրությունը, բոլոր կտավները եւ դրանց ստեղծման պատմությունները:

Լոռվա աշխարհի տաղանդավոր զավակը, բացի հրաշալի նկարիչ լինելուց, նաեւ շատ բարի եւ պարզ մարդ է: Նա սիրով համաձայնեց փոքրիկ վարպետաց դաս անցկացնել նաեւ մեզ՝ Մանկավարժական համալսարանի լրագրութան 3-րդ կուրսի ուսանողներիս հետ:

Մեզ հետաքրքրեց Վարուժան Սիմոնյանի կտավների գույների ընտրությունը, որը նա բացատրեց հայրենիքի եւ հատկապես Լոռու նկատմամբ մեծ սիրով, ասելով, որ Լոռվա գողտրիկ աշխարհի գույները տրամադրում են իրեն ստեղծելու նման ներդաշնակ կոմպոզիցիաներ:

Խոսեցինք նաեւ նկարչական տարբեր ոճերի ու ձեռագրերի մասին: Վարուժան Սիմոնյանն ասաց, որ հնարավոր են դեռ ոճային նոր փնտրտուքներ, քանի որ նա նկարչությամբ զբաղվում է ընդամենը 3 տարի։ Սակայն նշեց, որ երբեք չի նկարի աբստրակտ ոճով։

«Պետք է նկարել այնպես, որ մարդուն էներգիա հաղորդես, նկարին նայելով պետք է ժպտաս, իսկ աբստրակտը մարդուն ստիպում է մտածել՝ մարդուց էներգիա խլելով: Դա իմ կարծիքն է»,- ասաց նա: Մեզ հետաքրքրեց, թե ի՞նչ կարծիք ունի Վարուժան Սիմոնյանը ռեալիզմի մասին, քանի որ վերջինս նկարիչների կողմից սուր քննադատությունների է արժանանում:

«Քննադատում են, քանի որ համեմատում են լուսանկարի հետ՝ ասելով, որ պարզապես պետք է «լուսանկարել»: Այդ նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ մենք տեսնում ենք ծառը եւ կարող ենք այն չհանձնել կտավին, քանի որ այն ռեալ երեւում է մեր աչքին, բայց չէ՞ որ այն յուրովի ենք հանձնում կտավին: Այլ խոսքով, դա էլ ռեալիզմն է եւ շատ կարեւոր է այդ նկարչությունը»,- ասաց նկարիչը:

Մենք իմացանք նաեւ, թե որն է եղել Վարուժան Սիմոնյանի առաջին նկարը: Դա եղել է իր տոհմածառը՝ սկսած իր նախապապից, մինչեւ իր թոռները:

Մեր հարցին, թե արդյո՞ք արվեստագետը գնահատված է մեր օրերում, նկարիչը պատասխանեց.

«Նայեք ձեր շուրջը եւ կտեսնեք: Ես այսօր ինձ շատ երջանիկ եմ զգում, նաեւ՝ գնահատված»:

Վարուժան Սիմոնյանը մեզ նվիրեց իր գրքերը՝ իր իսկ մակագրությամբ եւ սիրով հրավիրեց Ալավերդի՝ տեսնելու նաեւ այնտեղի ցուցահանդեսը, որն այս պահին ընթացքի մեջ է:

Վարուժան Սիմոնյանի ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Գուցե պատճառը նաեւ այն էր, որ հայրենի եզերքի կարոտը միշտ առկա է ամեն մեկիս սրտում։

ՏԱԹԵՎԻԿ ԹԱՀՄԱԶՅԱՆ

Լուսանկարը՝

Հայարփի Կարեյանի

«Առավոտ»

28,05,2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031