Յադվիգա Զառուգեւիչը (Բոգոսյանների ընտանիքից) ճակատագրի բերումով Լեհաստանի անսովոր խորհրդանիշն է, որ դարձել է «Անհայտ Զինվորի» անվանակոչ մայր: Նա, ում Լեհաստանում ճանաչում են որպես հերոսական հայուհու կերպար, 1920 թվականին Լվով քաղաքի պաշտպանության ժամանակ կորցրել է իր միակ որդուն՝ Կոնստանտինին:
Ըստ Կիեւի հայ համայնքի կայքում հրապարակված տեղեկության՝ 1925 թվականին Յադվիգա Զառուգեւիչը այն ժամանակվա իշխանությունների խնդրանքով ցույց է տվել 1920 թ. հերոսական պաշտպանության երեք անհայտ զինվորներից մեկի գերեզմանը, որի աճյունը հետագայում հանդիսավոր պայմաններում տեղափոխվել է Վարշավա եւ թաղվել «Անհայտ Զինվորի Հուշահամալիրում», որտեղ հանգչում են կյանքը հայրենիքին տված լեհ քաղաքացիները եւ որոնց հետ հավասար, ինչպես միշտ, պայքարել են հայ երիտասարդները:
Ճակատագրի բերումով, հայ հերոսուհի մայրը վախճանվել է Սուվալկի քաղաքում, հեռու իր հարազատներից: Ու ճակատագրի բերումով, Մեչեա Բոգոսեւիչի միջնորդությամբ 48 տարվա լիակատար մոռացությունից հետո նրա մասունքները հայտնաբերվել են այս տարվա հունվարին եւ տեղափոխվել Վարշավա եւ այսօր պատշաճ արարողակարգով Պովոնզկովյան զինվորական գերեզմանատանը հանձնվելու են հողին, որտեղ հավերժ հանգչում են նաեւ նրա «Զավակները»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ kievao.com.ua-ի