Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի երիտասարդների իմաստուն սխրանքը

Մայիս 30,2016 12:00

Եթե Ղարաբաղյան այս նոր՝ քառօրյա պատերազմը չլիներ, մենք հանգամանալից ու մանրակրկիտ էինք անդրադառնալու գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի եւ նրա համախոհ երիտասարդների սկսած ու բարեհաջող ավարտած առաքելությանը, որը մեր դժվարին կյանքի հազվադեպ ու բացառիկ երեւույթներից էր:

Երիտասարդները մտքներին դրեցին եւ վճռականորեն ու նպատակադրված աշխատելով՝ գյումրեցի երկու տասնյակից ավելի  անօթեւան ընտանիքների բնակարանի տեր դարձրին: Երիտասարդների նպատակային գործողությունները վարակիչ ու օրինակելի էին, եւ այս գործում իրենց նպաստը բերեցին նաեւ մշակույթի ու քաղաքական գործիչները Հայաստանից ու արտերկրից, ինչպես նաեւ զանազան մեծ ու փոքր մեծահարուստներ, եւ շատ շուտով գյումրեցի երիտասարդների այդ փառահեղ երազանքն իրականություն դարձավ: ՀԷՑ-ն էլ իր հերթին եւս 13 բնակարան նվիրեց գյումրեցի անօթեւաններին:

Համոզված եմ, որ եթե ապրիլի 1-ին արցախյան երկրորդ պատերազմը չսկսվեր, գյումրեցի երիտասարդների սկսած աննախադեպ ու անգնահատելի նախաձեռնությունը նոր թափ ու շարունակություն էր ունենալու, եւ տասն ու հարյուր անգամ ավելի անօթեւաններ էին բնակարանի տեր դառնալու:

Բայց պատերազմը սկսվեց, եւ բնակարանային միանգամայն նոր խնդիր առաջացավ, որովհետեւ հանկարծ  բոլորիս համար պարզվեց, որ պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատներն էլ ունեն բնակարանային խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Եվ նաեւ գյումրեցի երիտասարդների այս բացառիկ բարեգործության նախադեպն էր պատճառը, որ զոհվածների ու հերոսների ընտանիքներին բնակարաններ շնորհելն  ընթացք ստացավ:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հանկարծ բոլորս նկատեցինք ու հասկացանք, որ մեր հերոս զինվորները հիմնականում համեստ ու կարիքավոր ընտանիքների զավակներ են: Եվ այդ ակնհայտ իրողությունն ուշացումով նկատելով ու հասկանալով՝ միահամուռ ու բարձրաձայն սկսեցինք խոսել ու բարձրաձայնել, որ մեր իշխանությունները անուշադրության են մատնել մեր զինվորների եւ ընդհանրապես մեր ժողովրդի սոցիալական խնդիրները:

Եթե իսկապես մինչեւ վերջ անկեղծանանք, պիտի խոստովանենք, որ մեր ժողովրդի սոցիալական խնդիրներն աչքաթող են արել ոչ միայն իշխանությունները, այլեւ լրագրողներն ու քաղաքական գործիչները՝ ընդդիմադիրները ներառյալ: Մեր ընդդիմադիրներն ու լրագրողներն ավելի հաճախ մարդու իրավունքներից ու դրանց ոտնահարման երեւույթներից են խոսում՝ հաճախ մոռանալով, որ մարդու իրավունքների պաշտպանվածությունն առաջին  հերթին մարդու սոցիալական իրավունքների պաշտպանվածությունն է, եւ մարդու ամենակարեւոր ու գլխավոր իրավունքը նրա ապրելու ու գոյատեւելու իրավունքն է, եւ եթե մարդը կրթություն ստանալու, բուժվելու կամ լիարժեք սնվելու հնարավորություն չունի, նրա այլ իրավունքների պաշտպանությունը պարզապես երկրորդական խնդիր է, եւ եթե թոշակառուն իր կենսաթոշակով ի վիճակի չէ նույնիսկ իր կոմունալ վարձերը վճարել, բնականաբար՝ չի կարող հրաժարվել ցանկացած մեկի տված ընտրակաշառքից:

«Առավոտի» Գյումրիի թղթակից Նունե Արեւշատյանը մեր այն լրագրողներից է, ով պարբերաբար անդրադառնում է քաղաքացիների սոցիալական խնդիրներին: Վերջերս Արեւշատյանի հրապարակումներից մեկում ներկայացված էր, թե ինչպես են Գյումրիի տեղական չինովնիկները հալածանքի ենթարկում «դոմիկում» բնակվող մի խեղճ ընտանիքի, որի անդամները չարքաշ աշխատանքով հազիվ են իրենց գոյությունը քարշ տալիս: Նույն Գյումրիում, որտեղ Հայկ Բարսեղյանի  եւ մյուս երիտասարդների նպատակաուղղված գործունեության շնորհիվ երկու տասնյակից ավելի ընտանիքներ բնակարանների տեր դարձան:

Քառօրյա պատերազմից հետո շատերս կոչ ենք անում, որ մեր մեծահարուստներն օգնեն մեր բանակին, ինչպես նաեւ մեր զինվորների եւ առաջին հերթին նահատակված զինվորների կարիքավոր ընտանիքներին:

Գյումրեցի երիտասարդները ցույց տվեցին, որ կարիքավորներին օգնելու համար ամենեւին պարտադիր չէ մեծահարուստ լինել: Բարի կամքն ինքնին հարստություն ու ամեն ինչ է:

Օրինակ վերցնենք:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

 

«Առավոտ»

28,05,2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031