Մոնթե Մելքոնյան, Թաթուլ Կրպեյան, Վազգեն Սարգսյան, Դուշման Վարդան… անուններ, որոնց դիմանկարները գրաֆիտի է արել 20-ամյա Արթուր Ավագյանը. մի երիտասարդ, ում հետ ծանոթանալու պահից հասկացա՝ նա յուրահատուկ նկարիչ է։
Չնայած համեստորեն իրեն նկարիչ չի համարում, բայց աշխատանքները տեսնելուց հետո վստահ կարելի է ասել՝ նա և՛ տաղանդավոր է, և՛ նրբանկատ, և՛ աշխատասեր։
Ստեղծագործելիս սիրում է երաժշտություն լսել. «Տարբեր երգեր եմ լսում՝ ըստ տրամադրության, բայց հիմնականում նախընտրում եմ ռոք լսել», – ասում է նա։
Առաջին գրաֆիտի աշխատանքն Արթուրն արել է զորամասի պատին՝ նկարելով Նժդեհին, այնուհետև մեկը մյուսի հետևից նոր գործեր, նոր մտքեր ու իրականացումներ. «Առաջին անգամը ռիսկային էր,- ասում է , – առաջարկեցի հրամանատարությանը, համաձայնեցին ու փորձեցի նկարել, լավ ստացվեց ու այդպես շարունակական եղավ»։
Կարդացեք նաև
Արթուրի հայրենասիրության մասին խոսում են ոչ միայն աշխատանքները, այլ նաև ծառայության ընթացքում հրամանատարության կողմից ուղարկվող բազմաթիվ շնորհակալական նամակները․«Դրանցից միայն մեկն եմ իմացել, որ ուղարկել են, բայց ճիշտն ասած այնքան էլ չէի հավատում, քանի որ չիրականացող խոստումներ շատ էինք լսում, կարծում էի հերթականն է, բայց փաստորեն ճիշտ է եղել», – (ժպտում է, – հեղ․)
Ծառայությունը հաջողությամբ ավարտելուց հետո որոշել է շարունակել ուսումը Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում։ Այժմ ուսանող է, ուսմանը զուգահեռ աշխատում է, ինչպես նաև նոր լեզուներ ուսումնասիրում։
Երբ Արթուրին հարցրեցի ապագայի մասին՝ մի պահ լռեց, հետո ավելացրեց. «Ես չեմ սիրում խոսել ապագայի մասին, որովհետև չեմ պլանավորում ու չեմ էլ պատկերացնում՝ ինչ կարող է լինել ինձ հետ վաղը»։
Տիգրանուհի ԹԱՍԼԱԿՅԱՆ