Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կաշառք վերցնեմ, ինձ կախաղան հանեք

Մայիս 29,2016 18:20

     Արդեն 25 և ավելի տարիներ, Հայաստանը թաղված է համակարգային կոռուպցայի մեջ: Հենց խոսք է գնում կոռուպցիայի մասին, հանրապետության նախագահից մինչև ամենացածր կարգի տեսուչ, քարկոծում են կոռուպցիային, էլ ինչ խոսքեր ասես, որ չեն ասում նրա հասցեին. կորչի կոռուպցիան, գետինը մտնի կոռուպցիան, չարիք է կոռուպցիան, անամոթ է կոռուպցիան, շան էրես ունի կոռուպցիան, մեր գլխին բումերանգ է դարձել կոռուպցիան, ինչքան ետ ենք հրում նրան, այնքան մեզ ավելի մոտ է գալիս անամոթ կոռուպցիան, պետք է արմատախիլ անել կոռուպցիան, պետք է արտաքսել նրան Հայաստանից… և այսպես շարունակ, քանզի, մենք անընդհատ փախչում ենք նրանից, իսկ նա հասնում, պարտադրում և իր մեջ է առնում մեզ: Չկա գեթ մեկ պաշտոնյա, որը երբևէ բարձրաձայնի, որ կոռուպցիան ճիշտ բան է և այն անհրաժեշտ է: Սակայն, արի ու տես, որ բոլոր պաշտոնյաները միաբերան արտահայտվում են այդպես, բայց նրանց ահռելի մեծամասնությունը, եթե ոչ բոլորը,  առաջին իսկ հնարավորության դեպքում, լիովին օգտվում են նրա «բարիքներից»: Սա ի՞նչ աբսուրդ է:

Սովորաբար, եթե մի բանի մասին վատ են արտահայտվում, ապա նրանից՝ ոչ միայն չեն օգտվում, այլև ամեն կերպ խուսափում են նրա հետ առնչվելուց: Եթե քրիստոնեկան տեսանկյունից մոտենանք, ապա կոռուպցիան նման է ինտիմ կապի, որը ճիշտ բան է, եթե այն իրականացնում ես սեփական կնոջդ հետ և վատ բան է, երբ այն իրագործում ես ուրիշի կնոջ հետ, քանզի այս դեպքում խախտում ես Տիրոջ պատվիրանները, շնանում և մեղք ես գործում: Այդ պարագայում, մարդիկ հիմնականում բարձրաձայնում են. դա մեղք է և մենք չենք ուզում մեղք գործել, սակայն թաքուն, լավ էլ այդ մեղքը գործում են: Կոռուպցիան՝ դա ագահության հիվանդություն է, մոլուցք է, իսկ մարդկանց մեծ մասը ագահ են և տառապում են այդ հիվանդությամբ: Օրինակ, կան ուտելու մոլուցքով տառապող մարդիկ, ովքեր հրաշալի գիտակցում են, որ չափից ավելի ուտելը խիստ վնասակար է և միևնույն է, շարունակում են անընդատ ուտել: Եթե այս պարագայում շարունակում են, իսկ կոռուպցիայի, կաշառքի դեպքում, որը նրանց օրգանիզմին՝ առողջությանն  ընդհանրապես վնաս չի հասցնում, նման տիպի մարդիկ ինչու պետք է դրանով չզբաղվեն, մանավանդ, որ այդ ճանապարհով ձեռք բերված լրացուցիչ միջոցները՝ բացի այլ ճոխություններ պարգևելուց, ստեղծում են նաև մեծ հնարավորություն՝ աշխարհի վրա գոյություն ունեցող բոլոր ուտելիքներից, խմիչքներից առատորեն և շարունակաբար օգտվելու համար, որից ավելի մեծ բավականություն, նրանց համար գոյություն չունի:

Կոռուպցիայից զերծ մնալու երկու ճանապարհ կա. կամ պետք է մարդն ինքը հասկանա, որ դա մեծ մեղք է և հեռու մնա դրանից, կամ պետք է գործեն հստակ մեխանիզմներ, որոնք նրան թույլ չտան զբաղվելու դրանով: Երրորդ ճանապարհ՝ ուղղակի գոյություն չունի: Կյանքը ցույց է տալիս, որ կոռուպցիայից կամովին ետ կանգնելու հավանականությունը համարյա ձգտում է զրոյի, հետևաբար մնում է զսպող մեխանիզմների կիրառումը, որը կոռուպցիոներներին կպարտադրի զերծ մնալ այդ քայլերից: Տրամաբանորեն, ծառանում է ամենադժվարին, կոռուպցիան զսպող համակարգի ձևավորման հարցը. Ինչպիսի՞ համակարգ ստեղծել, որի ընձեռնած մեխանիզմների միջոցով հնարավոր լինի զսպել կոռուպցիոներների ախորժակը, որպեսզի մեծագույն ցանկության դեպքում անգամ, նրանք խուսափեն դրանից:

Ինչպես նախորդ հոդվածներից մեկում արդեն նշել էի, կոռուպցիայի դեմ  պայքարի մասին խոսակցությունները կդառնան գործ, այսինքն՝ կտան կոնկրետ և գործնական արդյունքներ, եթե վերջապես համոզվենք, որ այդ հարցում հեծանիվ հնարելու բոլոր փորձերն ապարդյուն են և պետք է ընդամենը փորձել կյանքի կոչել աշխարհի որոշ երկրների՝ հատկապես Սինգապուրի փորձը, որը մինչև այսօր հաջողությամբ աշխատում և այդ բնագավառում արձանագրում է նորմալ արդյունքներ: Ինչպես նշեցի, ես առաջարկել էի հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծում և ապօրինի հարստացման քրեականացման իրականացում: Այս վերջինների իրականացման համար անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական և հարակից այլ նախաձեռնությունների մշակման և դրանց կյանքի կոչելու մեխանիզմներ: Այս լրջագույն և նրբին հարցերի մշակման մեխանիզմները միարժեք չեն և երկարատև քննարկումների արդյունքում է միայն հնարավոր դրանց հիմնավոր մշակումը և հետագա գործարկումը: Մի բանում հստակ համոզված եմ. պետք է օր առաջ սկսել դրանց իրագործումը:

Առաջին հերթին պետք է մշակել հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծման և ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ օրենսդրությունը, որտեղ ձևակերպված կլինեն նաև դրանց ձևավորման և կարգավորման մեխանիզմները: Առաջ ընկնելով, նոր ստեղծվելիք հակակոռուպցիոն անկախ մարմնի ձևավորման մասին մի առաջարկություն հաստատ կարող եմ անել, որը կարծում եմ, հետագայում ևս  փոփոխության ենթակա չի լինի. այդ անկախ մարմնի անդամները պետք է ընտրվեն ժողովրդի ուղիղ ընտրությամբ՝ համապատասխան օրենսդրությամբ սահմանված թվականակով և այն պետք է ֆինանսապես լինի անկախ. այդ մարմինը պետք է ֆինանսավորվի միջազգային դոնորների կողմից: Անգամ, որևէ նվիրատվություն այդ մարմնին, պետք է արգելվի օրենքով: Մեծամասնական ընտրակարգի կանոնակարգով, պետք է լինեն մեծամասնական կարգով առաջադրումներ և ինքնառաջադրումներ՝ մի պայմանով միայն, որ օրենսդրության բոլոր պահանջներին կավելանա նաև մեկ այլ պահանջ. փաստաթղթերը հանձնելիս, թեկնածուները պետք է ստորագրություն դնեն հետևյալ բառակապակցության տակ. «Ընտրվելու դեպքում,  երդվում եմ. եթե նպաստեմ կամ զբաղվեմ կոռուպցիոն գործունեությամբ, ապա ինձ կախաղան հանեք»: Սա է այս հարցի միակ լուծումը և ընդամենը քրեական օրենսգրքում՝ այս շահառուների մասով, պետք է անել այդ փոփոխությունը, հակառակ պարագայում, Հայաստանում կոռուպցիայի վերացման մասին  ընդհանրապես խոսք լինել չի կարող…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031