Լրահոս
Օրվա լրահոսը

Բեմում` ինչպես մարտի դաշտում (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մայիս 29,2016 16:15

Ժամանակին ռազմապարերը զինվորների ֆիզիկական պատրաստության մաս են կազմել

Չեմ կարող պատկերացնել, որ հայի ինքնության կրողները «Կարին»-ի եւ համույթի սաների խմբերի ելույթների ժամանակ կարող են դահլիճում նստած հորանջել կամ փորփրել «ֆեյսբուքը»: Այդպիսիք այլ դահլիճներում են լինում` որակապես այլ «երգիչների» եւ «խմբերի» համերգներին:Karin2 Karin3

«Կարին»-ի հերթական ելույթն օրերս էր` Հենրիկ Մալյանի անվան թատրոնի բեմում, որը որոշ ժամանակով յուրօրինակ «ռազմի դաշտի» էր վերածվել: Հատկանշական է, որ ապրիլյան պատերազմում նահատակված հերոսների ընտանիքների փոքրիկները միջոցառման ընթացքում իրենց տեղը չէին գտնում, իսկ ահա «Կարին»-ի պարերի ժամանակ երեխաների ուշադրությունը դեպի բեմն էր:

Ռազմապարով, եւ ոչ միայն, մանկուց պետք է կրթվի յուրաքանչյուր հայորդի: Ժողովուրդը ռազմապարերն անվանում է կռվի խաղեր: Հնում հաղորդություն ստացող պատանիները պետք է ծանոթանային իրենց ազգի եւ նախնիների հերոսական սխրանքներին եւ պատմություններին, որոնք բեմականացվել են: Ռազմի տեսարանները եւ պարերը կատարվում էին ավագների անմիջական հսկողությամբ` հաղորդություն վերցնող, օծվող պատանու դիմաց: Աստիճանաբար պատանիները սովորում էին պարերը բեմականացնել և կատարել` գովերգելով ժողովրդի ռազմարշավները, հաղթանակները, կամ ողբերգելով պարտությունները:

Հատկանշական է նաեւ ռազմապարերի առողջարար և կազդուրիչ ազդեցությունը, որի շնորհիվ ռազմապարերը զինվորների ֆիզիկական պատրաստության մաս էին կազմում: Ինչպես բոլոր ծիսական պարերը, ռազմապարերը եւս համարվել են սրբազան, և դրանց կատարմանը լուրջ նշանակություն է տրվել: Դրանք դիտվել են որպես ռազմամարզական դաստիարակության միջոց:Karin4 Karin5 Karin6

Եւ ուրեմն, ճանաչենք մեր պարերը.

«Քոչարի». (Տեսանյութում` «Կարնո քոչարի»)

«Քոչարին» Հայկական լեռնաշխարհի ամենատարածված և ներկայում ամենապահպանված հայկական պարն է, որի անվան «Քոչ» արմատը կապված է չամորձատված ոչխարի, խոյի` «գոչ», «ղոչ» և «խոչ» անվանումների հետ:

Այս պարը ծնվել է խոյերի պաշտամունքից` պահպանելով հնագույն շարժումների արմատները, ցատկոտումը, խոյերի ու այծերի, այծամարդու շարժումները: Հատկանշական են թշնամու խոյահարումը մարմնավորող շարժումները:

«Ռոստամ Բազի» կամ «Քաջաց խաղ» (Տես` տեսանյութում)

Այս ռազմապարը հիմնականում տարածված է եղել Պարսկահայքում: Ռոստամը պարսիկ գրող Ֆիրդուսու հայտնի էպոսի հերոսի անունն է, որը ողջ Պարսկաստանում, այդ թվում` պարսկահայոց շրջանում, ընկալվում էր որպես հերոսության խորհրդանիշ կերպար: Իսկ «բազի» թարգմանվում է որպես «խաղ»: «Քաջաց խաղ»-ը կրել է ռազմիկներին մարզելու խնդիր:

«Յար խուշտա»

Այս ռազմական խաղ-պարը տարածված է եղել Սասունում: Պարի անվանումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ, որոնցից մեկը հետեւյալ է. «Յար խուշտա» նշանակում է «զենքի ընկեր»: «Յար» պարսկերեն նշանակում է ոչ միայն «սիրեցյալ», այլև «ընկեր», իսկ «խըշտ» կամ «խըշտիկ»` կարճ նիզակ, զենք:

«Յար խուշտա»-ն պատկանում է ծափ-պարերի տեսակին և առանձնանում յուրօրինակ կառուցվածքով, խաղային, երաժշտական, բանահյուսական տեքստերով և գունեղ կատարման ոճով: Ծափ-պարերը հայկական ռազմապարերի տեսակներից են, որոնցում շարժումները շեշտվում են հանդիպակաց զույգի հետ ծափերով, որոնք կարծես փոխարինում են զենքերին և յուրովի նմանակում դրանց հարվածն ու բախման ձայնը:

Պարերի մասին տեղեկատվության աղբյուրը` «Կարին» ավանդական երգի-պարի խումբ

Պատրաստեց` Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031