Հայ ազգային կոնգրեսի անդամ, շորթման մեջ մեղադրվող Տիգրան Առաքելյանն ազատության մեջ է: Նա այդ մասին գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ մասնավորապես դիմելով ԶԼՄ-ներին. «Հասկանում եմ, որ որոշ հետաքրքրություն պահպանվել է առեղծվածային կալանավորմանս հետ կապված։ Պետք է մի փոքր էլ սպասենք, նախաքննությունը կավարտվի: Հատուկ լրագրողների համար. նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ չհրապարակելու վերաբերյալ նախաքննական մարմնում դրել եմ ստորագրությունս։ Որեւէ այլ ինֆորմացիա ունենալու, կամ իմանալու համար դիմեք բացառապես ԱԱԾ֊ին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ 2015 թվականի հուլիսին Տիգրան Առաքելյանը կալանավորվեց ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար: Տիգրան Առաքելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածով, որը վերաբերվում է շորթմանը:
Այն սահմանում է. «Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաեւ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա»: