Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտրության հարցը

Մայիս 28,2016 23:18

Գնալով ավելի եւ ավելի եմ համոզվում, որ մարդիկ իրականության ցանկացած դրվագից կամ ցանկացած տեքստից ընտրում  են այն շերտը, որն իրե՛նց ավելի շատ է հուզում: Այդ շերտերը կարող են նաեւ ոչ մի կապ չունենալ տվյալ դրվագի կամ տվյալ տեքստի հետ: Օրինակ, երեկվա հոդվածս կոչվում էր՝ «Ընտրություն միշտ էլ կա» : Վերնագիրը, կարծես թե, պետք է հուշի հիմնական գաղափարը, որն, ի դեպ, 20-րդ դարում զարգացնում էին էքզիստենցիալիզմ կոչվող փիլիսոփայական  ուղղության ներկայացուցիչները: Գաղափարը հետեւյալն է. ինչպիսի հանգամանքներում էլ մենք հայտնվենք՝ «Գուլագում» թե նացիստական համակենտրոնացման ճամբարում, պալատում թե խրճիթում, թագավորի գահին թե կամուրջի տակ, ռազմի դաշտում կամ տանը սուրճ խմելիս, բոլոր սովորական եւ ծայրահեղ իրավիճակներում, մենք ընտրություն ենք կատարում: Նրանից, թե ինչպես ենք մենք այդ ընտրությունն անում՝ արտաքին հանգամանքներով պայմանավորված, թե ներքին մղումներից ելնելով, կախված է ամենակարեւորը՝ որքանով ենք ինքնաբավ, որքանով ենք ինքներս մեզ հարգում եւ որքանով ենք երջանիկ:

Հոդվածի մնացած նյութն այդ մտքի «գունավորումն» է՝ այսպես ասած, օրինակներ կյանքից: Բայց մարդիկ կենտրոնանում են հենց օրինակների վրա՝ արժանի՞ է Համազասպ Բաբաջանյանը արձանի, թե ոչ, Սովետը լա՞վ երկիր էր, թե` ոչ, հունգարացիներն իրավունք ունեի՞ն Սովետի դեմ ապստամբեին, թե` ոչ: Առաջին երկու հարցերն ինձ համար միանշանակ պատասխաններ չունեն, ոչ մի մարդու, կամ ոչ մի հասարակարգի մասին հնարավոր չէ ասել միայն լավը կամ միայն վատը: Երրորդ հարցի մասին վեճ, կարծես թե, չի կարող լինել՝ ամեն ազգ իրավունք ունի իր կյանքն այնպես կազմակերպել, ինչպես որ ինքն է ցանկանում: Դրանք, իհարկե, շատ հետաքրքիր թեմաներ են, բայց հոդվածի բուն գաղափարի հետ կապ չունեն:

Եվ, քանի որ խոսք գնաց էքզիստենցիալիզմի մասին, բերեմ մի ցիտատ Ժան-Պոլ Սարտրից, քանի որ այդ միտքն անմիջականորեն վերաբերում է բոլորիս՝ նաեւ այն մարդկանց, որոնք ապրում են ժամանակակից Հայաստանում. «Դու միշտ պատասխանատու ես այն երեւույթների համար, որոնց չես փորձել խանգարել»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    “Նրանից, թե ինչպես ենք մենք այդ ընտրությունն անում՝ արտաքին հանգամանքներով պայմանավորված, թե ներքին մղումներից ելնելով, կախված է ամենակարեւորը՝ որքանով ենք ինքնաբավ, որքանով ենք ինքներս մեզ հարգում եւ որքանով ենք երջանիկ:“

    Շատ ճիշտ ու անհրաժեշտ գաղափար է եւ այն պահանջում է նմանապես ճիշտ, հստակ ու միանշանակ ՝գունավորում՝: Օրինակ, ինչպես լուծենք, ասենք, Փոքր Հայքի խնդիրը՝ մարտավարական համարելով արտաքին հանգամանքները եւ ռազմավարական համարելով ներքին մղումները, որպեսզի լինենք ինքնաբավ ու երջանիկ: Ուրեմն, Մեծ Հայքի օրենքներն ու կառուցվածքն այնպիսին պետք է լինեն, որ Մեծ Հայքը կազմված լինի Փոքր Հայքերից ու օրենքներն էլ այնպիսին են, որ նոր Փոքր Հայքի ներգրավումը Մեծ Հայքի կազմում կատարվի ներդաշնակորեն, առանց հատուկ նոր օրենքներ ընդունելով: Նման փորձ Մերձավոր Արեվմուտքի առաջավոր երկիրն հաջողությամբ ցուցադրել է, երբ Խորհրդային Միությունը ռազմավարական համարեց արտաքին հանգամանքները ու ոչնչություն՝ ներքին մղումները:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031