Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմիտասն ասում էր՝ ինձ կտանեք, որ հանգչեմ Մասիսներում և Արագածի սյուքին տակ». Գագիկ Շահվերդյան

Մայիս 28,2016 23:08

Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում նշվեց Կոմիտասի աճյունի հայրենադարձման 80-ամյակը:

Միջոցառումը սկսվեց Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի օրհնանքով և հոգեհանգստյան արարողությամբ: Ներկաները ծաղիկներ դրեցին մեծ մտավորականի շիրիմին: Ելույթ ունեցան Երիտասարդական «Արարատ» հոգևոր երգչախումբը, երգիչներ Արսեն Համբարյանն ու Նունե Սարգսյանը և «Կարին» ազգագրական երգի և պարի համույթի քույր խմբերից՝ «Արեգ»-ը:

Միջոցառման կազմակերպիչ, «Սիմոն Զավարյան» ԲՄՀԿ նախագահ, բժիշկ Գագիկ Շահվերդյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառումն անցկացնում են 2000 թվականից. «Կոմիտասի երազանքն էր հանգչել հայրենիքում. ասում էր՝ ինձ կտանեք, որ հանգչեմ Մասիսներում և Արագածի սյուքին տակ: 1936 թ. մայիսի 9-ին Ֆրանսիայից Հայաստան մշտական բնակության նպատակով ներգաղթող 1800 հայերով շոգենավը՝ Կոմիտասի խնամատար հանձնաժողովի նախագահ Դանուշ Շահվերդյանի ջանքերով ու հսկողությամբ, Հայաստան փոխադրեց նաեւ Կոմիտասի աճյունը»:

Պարոն Շահվերդյանն ավելացրեց, որ ամեն տարի նշում են մեծ շուքով, ցուցադրվում են քանդակներ և նկարներ, սակայն այս տարի եղանակային պայմանների պատճառով այդ ցուցադրությունը չկազմակերպվեց. «Այս տարի որոշեցի հրավիրել Կոմիտաս սիրող և Կոմիտասով ապրող հասարակ մարդկանց, որոնք ի սրտե կգան ու կմասնակցեն միջոցառմանը»:

Aravot.am-ի այն հարցին, թե որքան է նոր սերունդը Կոմիտաս անվանից բացի ճանաչում նրա գործունեությունը, պարոն Շահվերդյանն ասաց. «Ի՞նչ տարբերություն կա դասատուի և ուսուցչի միջև: Ուսուցիչը դասից դուրս էլ է կրթողի և դաստիարակողի դերում: Ես իմ ուսանողներին դասերից դուրս միշտ տանում եմ տարբեր մշակութային միջոցառումների, առիթը բաց չեմ թողնում նրանց պատմելու մեր մեծերի մասին: Կարծում եմ՝մեզնից է կախված, թե նոր սերունդը որքանով կճանաչի Կոմիտասին»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031