2014 թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակից Արմեն Աբրոյանի գործով դատաքննությունը Վարչական դատարանում ավարտվել է: Դատարանը հունիսի 16-ին կհրապարակի դատավճիռը:
Երեկ նշանակված դատական նիստին ոստիկանության ներկայացուցիչը չէր ներկայացել, թեեւ նախորդ նիստին հենց ինքն էր միջնորդել հետաձգել դատական նիստը, որ կարողանա պաշտպանական կողմի՝ դատարան ներկայացրած տեսանյութի վերաբերյալ դիրքորոշում հայտնել:
«Ոստիկանության ներկայացուցիչը դիրքորոշում չհայտնեց, թե Արմենին բերման ենթարկած ոստիկանը ինչ համազգեստ էր կրում ու որ գումարտակի ոստիկան էր,- մեզ հետ զրույցում ասաց Արմենի պաշտպան՝ փաստաբան Սերգեյ Գրիգորյանը,- Մենք տեսանյութով ներկայացրել էինք ապացույց, որ մեր վստահորդին բերման են ենթարկել բերետավորները՝ երրորդ հատուկ գումարտակի ծառայողները:
Այնինչ զեկուցագիրը կազմած բերման ենթարկող ոստիկանը ներկայացել է որպես առաջին գումարտակի ծառայող, այդ տեսանյութով հաստատվեց, որ առաջին գումարտակի ոստիկանը բերման չի ենթարկել, զեկուցագիրը սուտ տեղեկությունների հիման վրա էր:
Կարդացեք նաև
Երեկվա նիստում ոստիկանության ներկայացուցիչը դիրքորոշում պետք է հայտներ, բայց քանի որ գնացել, խորհրդակցել էր ու տեսել, որ մեր պնդումները ճիշտ են, դատական նիստով չէր ներկայացել ու դիրքորոշում չէր հայտնել նույնիսկ գրավոր ձեւով, այսինքն, չխայտառակվելու համար չէր եկել նիստին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ