«1918 թվականը մեծ դեր է կատարել հայոց պատմության մեջ: Շատ են քննադատել Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարներին: Անշուշտ եղել են թերություններ, սխալներ, բայց ընդհանուր առմամբ չպետք է թերագնահատել նրանց, որովհետև նվիրված էին իրենց պետությանն ու ժողովրդին»,- «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ եթե չլիներ Հայաստանի առաջին հանրապետությունը, ըստ երևույթին, չէին լինի ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ հանրապետությունները:
«Առաջին հանրապետությունն ընդամենը 2,5 տարի գոյատևեց, բայց հասցրեց ստեղծել կանոնավոր բանակ, զինանշան, օրհներգ, պետական դրոշ և այլն»,- ասաց Էդիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ հինգուկես դար հետո պետականության վերականգման փաստը մեր ամենամեծ ձեռքբերումներից է:
Պատմաբանը չմոռացավ նաև մայիսյան հաղթանակների դասերի մասին. «Առաջին հերթին մենք պետք է հիշենք, որ դա գոյապայքար էր՝ մեր սեփական իրավունքները մեր իսկ հողի վրա պահպանելու համար, և մենք այդ կռվից հաղթանակով դուրս եկանք: Երկրորդը Հայրենական մեծ պատերազմն էր՝ մեր ժողովրդի համաժողովրդական պայքարը, որտեղ հոգևորականը, գյուղացին, բանվորը, շինականը, մտավորականը միասին էին, միասնական բռունցք դարձած, առանց քաղաքական տարաձայնությունների, ինչն էլ ապահովեց մեր հաղթանակը: Երրորդ կարևոր դասը համարում եմ մեր կանոնավոր զորամիավորումների և աշխարհազորայինների միասնությունը: Հենց դրա շնորհիվ էր, որ կարողացանք հետագայում հաղթանակ տանել նաև Արցախյան պատերազմում: Չորրորդ կարևոր հանգամանքը մեր ազատության և անկախության ձեռքբերումն էր՝ մեր դարավոր երազանքը»,- նշեց Էդիկ Մինասյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Լա փալիս …