Analitik.am լրատվական կայքի տնօրենի հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում դեռ նոր անուններ են ի հայտ գալու: Այս մասին այսօր` մայիսի 28-ին, «Ալյանս» առաջադիմական-ցենտրիստական կուսակցության երկրորդ արտահերթ համագումարի ավարտին` հարցուպատասխանի ընթացքում, ասաց կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ներկաներից մեկը նրան գրավոր հարց էր ուղղել. «Ձեր անձի հետ կապված ֆեյսբուքյան պատությունից ի՞նչ ստացվեց»:
Հիշեցնենք` երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր, որ «analitik.am» լրատվական կայքի աշխատակիցների կողմից ԱԺ պատգամավորից գումար շորթելու վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է «Վանոյի Արտակ» մականունով հայտնի Արտակ Գալստյանը՝ 2015թ. աշնանը «analitik.am» կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով:
Հարցին պատասխանելու ընթացքում Ուրիխանյանը նաեւ աղմկահարույց քրեական գործին անդրադարձավ` մասնավորապես ասելով. «Երեկ բոլորին պարզ դարձավ, որ երկար ժամանակ գործել է մի կազմակերպված հանցախումբ, որը բանկային փոխառությունների եւ այլ ձեւաչափի գործառույթներով, բազմաթիվ խարդախություններով է գործունեություն ծավալել: Ստացվել է այսպես. երեւի մտածել են, որ կարելի է Ուրիխանյանի հանդեպ էլ փորձել գործողություններ անել, երեւի իր կենսագրության մեջ էլ կան մութ տեղեր, սկսել են սակավամիտ ձեւով պատրաստված կեղտոտ ստեր հորինել: Եթե ակնկալում էին, որ ես էլ մյուս քաղաքական գործիչների նման պետք է վճարեմ, այդպես չէ, ես չեմ գործի «տակից ձեռք բերված» պայմանավորվածություններով, ես այդ մարդը չեմ, ես օրենքի մարդ եմ»:
Ուրիխանյանը հայտնեց, որ օրեր անց այս գործով նոր տեղեկություններ ի հայտ կգան. «Կպարզվի, որ ոմանք ունեն վարկեր համապատասխան բանկում, բանակցել են նրանց հետ, պահանջել են լրացուցիչ գումարներ` նրա դիմաց, որ չշահարկեն պատերազմական վիճակում արյուն եւ կյանք կորցնող զինվորների թեմաները եւ իբրեւ թե ադրբեջանական ծագում ունեցող բանկի դեմ պայքարը… Ու այս ամենի խնդիրը նյութական շահն է: Սա տարիների պատմություն ունեցող հանցավոր բանդա է: Յուրաքանչյուր հանցագործ պետք է փտի ճաղավանդակների հետեւում, եթե շահարկում է պատերազմի եւ ռազմական թեմաները»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է «ֆեյսբուքյան պատմություններին», Տիգրան Ուրիխանյանի բնորոշմամբ` սոցցանցի եւ մի շարք տեղեկատվական հարթակների միջոցով փորձում են վարկաբեկել իր եւ «Ալյանսի» գործունեությունը: Վկայակոչելով համագումարին մասնակից 800-ից ավելի պատվիրակներին` նա ասաց. «Այսքան մարդ է հավաքվել, բա պիտի վախենա՞ն, թե չէ: Ուստի ի՞նչ է պետք անեն` սոցցանցերում եւ ասեկոսեների մակարդակով վարկաբեկեն նրան, ով գլխավորում է այս ամենը: Եվ վարկաբեկում են այլանդակ, խայտառակ ստերով: Որեւէ մեկը հավատացե՞լ է, որ ես ՀՀ-ում պաշտպանում եմ օտարերկրյա շահեր…Ձեր առջեւ դրված է իմ ողջ կենսագրությունը: Որեւէ մեկը հավատացե՞լ է, որ իմ կենսագրության մեջ մութ տեղեր կան»:
Այս թեմայի շուրջ Ուրիխանյանի մեկ այլ նկատառումը դահլիճը ողջունեց ծափերով. «Եթե իմ ամենամեծ մեղքը նրանում է, որ շվեյցարական բանկից վարկ եմ վերցրել եւ կառուցում եմ առանձնատուն, շնորհավորեք ինձ, վարկ է վերցրել ՀՀ բնակչության 80 տոկոսը»:
Ի դեպ, համագումարի ընթացքում Կառավարության նիստերի դահլիճի հնչյունային տեխնիկաների սպասարկումն այդպես էլ չբարելավվեց: Ուրիխանյանն էլ կրկին հիշեցրեց, որ դահլիճի պատասխանատուներին խնդրել է կարգավորել ձայնի հարցը. «Եթե սա հատուկ կազմակերպված իշխանական «դիվերսիա» է, ասեք` տեղափոխվենք մեկ այլ տեղ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ