Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «Կառավարության դահլիճի ձայնային ապահովումից սկսած` բոլոր ոլորտներում ունենք խնդիր»

Մայիս 28,2016 16:04

«Ալյանսի» նախագահի խոսքով` «ամեն ինչ չէ, որ մեր երկրում լավ է» եւ այս բնորոշումը բավականին մեղմ է

«Այլ անելիք, բացի պետական կառավարման կարգերի վերաբերյալ մտահոգությունները բարձրաձայնելուց, դրանք հանրությանը ներկայացնելուց, հայաստանյան քաղաքական կուսակցություններն այլ անելիք չունեն` ըստ իս եւ դասագրքերի: Ուրախ եմ, որ երկրում դեռ կան մարդիկ, որոնք նման թիմով եւ որակով կարող են հավաքվել, մեկտեղել մտավոր եւ ֆիզիկական պոտենցիալը` խնդիրների շուրջ խոսելու եւ ընտրությունների ձեւով գնահատական ստանալու համար: Մենք պետք է հանրության դատին ներկայանանք առաջիկա խորհրդարանական ընտրություներում»,-այսօր` մայիսի 28-ին, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության երկրորդ արտահերթ համագումարի ընթացքում հայտարարեց կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Խնդիրներն ընդգծելու համար նա օրինակ բերեց հենց Կառավարության նիստերի դահլիճը, որտեղ ընթացավ համագումարը. «Երեք անգամ ասացինք, որ ձայնային ապահովումը որակյալ չէ, լավ չի լսվում: Չէ՞ որ այս խնդրի մասին գիտեն շատերը, սա Կառավարության նիստերի դահլիճն է, բայց խնդիրը չի լուծվում: Այսպիսի կենցաղային հարցերից սկսած` երկրի բոլոր ոլորտներում ունենք խնդիր, որովհետեւ վարչական շրջանների ղեկավար օղակներից, նախարարություններից եւ վարչություններից սկսած` գերագույն գլխավոր իշխանությամբ վերջացրած, սեփական գործառույթների հանդեպ չկա բծախնդրություն»:

Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ համագումարի նպատակն է` բարձրաձայնել խնդիրները. «Մեղմ ասած` ամեն ինչ չէ, որ մեր երկրում լավ է… Դժկամ մարդիկ մտնում են մեկը մյուսի գրպանը, եւ սա կացութաձեւ է դարձել: Իրավիճակի փոփոխության միակ հնարավորությունը տեսնում եմ այս ձեւաչափի մեջ` որոշումների կայացման դաշտ եւ ազդեցության տիրույթ պետք է բերել նրանց, որոնք հասկանում են, որ գողանալ չի կարելի, իսկ մերձավորի գրպանի պարունակությունը միայն նրանն է, եթե ձեռք է բերվել օրինական ճանապարհով: Պետական կառավարման համակարգ պետք է բերել նրանց, որոնք ունեն խիղճ, հանրային շահի գիտացում, գիտելիք եւ կարողություններ, մաքուր կենսագրություն, օգտակար գործողության գործակից ապահովելու հմտություններ: «Այլանսի» ճանապարհն այդպիսի մարդկանց բացահայտելն է»:

Տիգրան Ուրիխանյանի բնորոշմամբ` առաջիկա ՏԻՄ եւ 2017թ. ընտրություններին մասնակցելու դեպքում «Այլանսը» պետք է ներկայացնի այնպիսի մարդկանց, որոնք կարճ ժամանակում քաղաքացու համար կյանքի որակ կապահովեն, կիրականացնեն վերահսկողություն եւ ամենօրյա աշխատանքով պատասխանատու կլինեն յուրաքանչյուր քաղաքացու համար:

Ուրիխանյանը համագումարի մասնակիցներին կոչ արեց չտրվել «Ալյանսի» շուրջ հնչող սադրանքներին եւ «Այլանսի» գործունեության մասին հակաքարոզչությանը:

Համագումարի այլ մանրամասները եւ տեսանյութը` քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031