Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն է: Այդ առիթով շաբաթ ԱԻՄ անդամները հավաքվել էին Հանրապետության հրապարակում:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ավելի քան 70 տարի Հայաստանի անկախության օր հռչակված մայիսի 28-ը դարձել է ինչ-որ Առաջին Հանրապետության օր, ինչը պատմական իրողության խեղում է. «Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար ունեցել է նաեւ փարոսի նշանակություն: Նախ բարոյալքված, հետապնդված զանգվածի համար եղել է հույսի հենարան, ապա նաեւ փարոս՝ եթե ժամանակին ունեցել ենք, կարող է վերականգնվել:
Այսօր ես, ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ մենք գտնվում ենք այդ խաբեության ճիրաններում, մեր հարեւանները՝ Վրաստանը եւ Ադրբեջանը երեկ եւ երեկ չէ առաջին օրը նշեցին իրենց անկախության 98-ամյակը, իսկ մեզ փորձում են պարտադրել, որ մեր անկախության 25-ամյակը նշենք այս տարի: Մինչդեռ այդ 25-ամյակը պակաս կարեւոր օր չէ, դա մեր ժողովրդի ինքնորոշման տոնն է, եւ ինքնորոշումը, ըստ էության անընդմեջ անհրաժեշտ հասկացություն եւ սկզբունք է, որովհետեւ ցանկացած ընտրության ժամանակ ժողովուրդը եւս մեկ անգամ ինքնորոշվում է: Եվ ինքնորոշման սկզբունքը կարելի է համարել ավելի կարեւոր մի բան, քան անկախությունը»:
ԱԻՄ անդամները Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի Արամ Մանուկյանի եւ Հայկազ Խաչատրյանի շիրիմներին: Պարույր Հայրիկյանը մեզ հայտնեց, որ հարգանքի տուրք են մատուցելու Գեւորգ կաթողիկոսին եւ այցելելու են նաեւ Մովսես Գեորգիսյանի շիրիմին: Տեղի է ունենալու նաեւ ավանդական խնջույքը, ԱԻՄ առաջնորդը հայտնեց, որ Տիգրան Խզմալյանի առաջարկով նորամուծություն է մտցվել. Երեւանի ժամանակով 19:18-ին աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերը պետք է բաժակ բարձրացնեն հանուն անկախության նահատակված մարդկանց համար:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ