Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Քուրզը խոսել է Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների և փախստականների հարցով Եվրոպայի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Cumhuriyet.com լրատվականը։
Քուրզի խոսքերով՝ փախստականների հարցերով Թուրքիայի և Եվրամիության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները վստահություն չեն ներշնչում։ Ավստրիայի ԱԳ նախարարը նաև դեմ է արտահայտվել Թուրքիայի հետ համաձայնություն ստորագրելու գաղափարին՝ ասելով, որ նման պայմանագիր ստորագրվելու դեպքում, իրենք կապրեն մի Եվրոպայում, որը կախված է տարբեր պետություններից և նույնիսկ նախագահ Էրդողանի նման մարդկանցից։
Հիշեցնենք, որ փախստականների հարցերով Թուրքիայի և Եվրոպայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում նախատեսվում է, որ Թուրքիա կվերադարձվեն այդ երկրից ապօրինի ճանապարհներով Հունաստան գաղթածները, իսկ ամեն մի վերադարձված գաղթականի փոխարեն՝ Թուրքիայից մեկ փախստական կտեղափոխվի Եվրոպա։ Թուրքիա-Եվրամիություն բանակցությունների ներկայիս օրակարգում է նաև Թուրքիայի քաղաքացիների համար Շենգենյան գոտում առանց վիզայի ելումուտի իրավունքի տրամադրումը, որը սակայն լուրջ քննարկումների առարկա է դարձել և դեռևս պարզ չէ՝ կյանքի կկոչվի՞ արդյոք այդ նախաձեռնությունը, թե՞ ոչ։