Վիճակագրական ծառայությունը դեռ չի հրապարակել անցած տարվա աղքատության ցուցանիշը։ Սովորաբար դա լինում է հաջորդ տարվա վերջին կամ ավելի հստակ՝ նոյեմբերին։
Մինչ այդ, 2015թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումների ժամանակ, սոցապնախարարը հայտարարեց, թե անցած տարի Հայաստանում աղքատությունը 2 տոկոսով նվազել է։ Այլ կերպ ասած՝ 32-ից դարձել է 30 տոկոս։
Իրականում նախարարը խառնել է տարեթվերը։ Աղքատության 2 տոկոսանոց նվազում Հայաստանում արձանագրվել է ոչ թե անցած տարի, այլ 2014թ.։ Եթե 2013թ. այն 32 տոկոս էր, ապա 2014թ. դարձավ 30 տոկոս։ Սա պաշտոնական վիճակագրության ցուցանիշն է, որը հրապարակվել է անցած տարի։ Նոր ցուցանիշներ, ինչպես նշեցինք, առայժմ չկան։
Չնայած առանց այդ էլ պարզ է, որ անցած տարի աղքատության մակարդակը Հայաստանում հազիվ թե կարող էր կրճատվել։ Այդ են վկայում արձանագրված տնտեսական եւ սոցիալական ցուցանիշները։ Ինչպես հայտնի է, արտաքին եւ ներքին բազմաթիվ բացասական գործոնների հետեւանքով 2015թ. Հայաստանում տնտեսական վիճակն այնքան էլ բարվոք չէր։ Չնայած գրանցվեց 3 տոկոսանոց տնտեսական աճ, այնուհանդերձ սոցիալական վիճակը բնութագրող ցուցանիշները շատ դեպքերում վատացան։
Կարդացեք նաև
Աղքատության մակարդակը ուղղակիորեն պայմանավորված է հասարակության եկամուտներով, որոնց ձեւավորման գործում կարեւոր նշանակություն ունեն արտաքին ֆինանսական փոխանցումները։ Դրանք գումարներ են, որ ազդում են հասարակության գնողունակության վրա։
Այդ առումով, անցած տարին բարենպաստ չէր։ Արտաքին աղբյուրներից բնակչության ստացվող եկամուտներն զգալիորեն կրճատվեցին։ Անկումը կազմեց գրեթե 40 տոկոս։ Խոսքը շուրջ 500 մլն դոլարի մասին է, որն ուղղակիորեն մտնում է քաղաքացիների ընտանեկան բյուջե։
Այս գումարները հիմնականում ունենում են սպառողական նշանակություն։ Այլ կերպ ասած, ծառայում են հասարակության սոցիալական խնդիրների լուծմանը։ Տրանսֆերտների անկումն արդեն իսկ նշանակում է, որ անցած տարի քաղաքացիներն այդքանով պակաս եկամուտ են ստացել միայն արտաքին աղբյուրներից։
Նախորդ շրջանի փորձը ցույց է տալիս, որ արտաքին տրանսֆերտների շարժն էական ազդեցություն է ունենում աղքատության մակարդակի վրա։ Պատահական չէ, որ դրանց նվազումը մշտապես հանգեցնում է աղքատության խորացման։
Հ. ՍԱՀԱԿՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: