Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընտրություն միշտ էլ կա

Մայիս 28,2016 10:00

«Անձամբ ես հեռու եմ նրանից, որ քեն կամ վիրավորանք պահեմ անսահմանափակ կամայականություն տարածողների հանդեպ: Ես միայն ափսոսում եմ, որ չեմ կարողացել  իսկական պայքար մղել այդ չարիքի դեմ: Կամայականության եւ ինքնիրավչության հետ պայքարում ինձ պակասում էր մահացու մարտ մղելու ունակությունը»:  Այս խոսքերի հեղինակը այլախոհ եւ խորհրդային կարգերի թշնամի չէր: Հակառակը` նա Խորհդային Միության հերոս էր, Լենինի շքանշանակիր, Հայրենական պատերազմում իրեն հոյակապ դրսեւորած գեներալ: Այդ` սպայի պատիվը բարձր պահող հրաշալի ռուս մարդու անունն էր Մատվեյ Շապոշնիկով:

Նրա մասին ինձ հիշեցրին ընկերներս` ի հակադրություն Համազասպ Բաբաջանյանի, որի արձանը վերջերս դրվել է Երեւանում: Մարշալ Բաբաջանյանը նույնպես խիզախաբար կռվել էր նացիզմի դեմ` դրսեւորել էր զորավարի բարձր հմտություններ, ինչի համար նա գուցե արժանի է արձանի (այլ հարց է, թե ինչպիսի՛):

Երկու զորավարների տարբերությունն արտահայտվեց Երկրորդ աշխարհամարտից հետո: Մեր հայրենակիցը կատարեց խորհրդային իշխանության անբարոյական, «մարդակեր» հրամանը` Հունգարիայում տանկեր հանելով Սովետի դեմ ապստամբած ժողովրդի եւ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության դեմ:  Իսկ գեներալ Մատվեյ Շապոշնիկովը հրաժարվեց կատարել նմանատիպ մի հրաման խորհրդային Նովոչերկասկ քաղաքում:

Դա տեղի ունեցավ 1962 թվականի հունիսին, երբ այդ քաղաքի բանվորները դուրս էին եկել տարերային ցույցի՝ իրենց կյանքի պայմանների կտրուկ վատթարացման դեմ: Հյուսիսկովկասյան ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Շապոշնիկովը հրաման էր ստացել տանկեր դուրս բերել բողոքող բանվորների դեմ, բայց գեներալը հրաժարվեց կատարել այդ հրամանը՝ ասելով. «ես չեմ տեսնում այն հակառակորդին, որի վրա ես պետք է հարձակվեմ մեր տանկերով»: Ավելին՝ սադրանքներից խուսափելու համար գեներալը հրամայել էր լիցքաթափել ինքնաձիգները եւ հանձնել զինամթերքը: Բանակի չմիջամտելու շնորհիվ Նովոչեկասկում զոհվել էր 26 հոգի: Եթե Շապոշնիկովը կատարեր հրամանը՝ կլինեին հազարավոր զոհեր: 1956 թվականի աշնանը Հունգարիայում «Վիխր» օպերացիայի ժամանակ,  որին մասնակցում էր նաեւ Համազասպ Բաբաջանյանի գլխավորած 8-րդ մեխանիզացված բանակը, զոհվել է ավելի քան 3 հազար մարդ: Բաբաջանյանը հետո դարձավ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ: Իսկ Շապոշնիկովին հեռացրեցին կուսակցությունից, զորացրեցին եւ նույնիսկ քրեական գործ հարուցեցին՝ «հակախորհրդային քարոզչություն» հոդվածով, քանի որ նա փորձում էր տարբեր հասցեներով նամակներ գրել Նովոչերկասկում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

«Մենք ընտրություն չունեինք, մենք հրաման էինք կատարում»,- ասում էին հազարավոր մարդկանց գազային խցիկներ ուղարկող նացիստական Գերմանիայի սպաները: Դա մոլորություն է՝ ընտրություն միշտ էլ կա:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. henri says:

    Արդարօրէն զայրացանք երբ Հունգարիան Ազէրի մարդասպանը յանձնեց Բագուին
    և միւս կողմէն 25 -ամեայ անկախ Հայաստանի մէջ կասկածելի յուշարձան կը կանգնենք / աւելի յարմար է ըսել կը ՆՍՏԵՑՆԵՆՔ / սովետ մարշալի մը ` որ Հունգարիոյ մայթերը անմեղ արիւնով ողողեց ? Միթէ բաւարար է անոր Ղարաբաղցի ծագումը արդարացնելու համար մարդկութեան
    դէմ գործուած այս ոճիռը ?

  2. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի Արամ, շնորհակալություն ձեզ և ձեր ընկերներին Մատվեյ Շապոշնիկովին հիշատակելու համար: Դա ինձ համար ևս գյուտ էր: Այնքան տպավորված եմ, որ կարիք զգացի ծանոթանալ այդ՝ առանց չափազանցության՝ մեծ մարդու կենսագրությանը:
    https://ru.wikipedia.org/wiki/%D0%A8%D0%B0%D0%BF%D0%BE%D1%88%D0%BD%D0%B8%D0%BA%D0%BE%D0%B2,_%D0%9C%D0%B0%D1%82%D0%B2%D0%B5%D0%B9_%D0%9A%D1%83%D0%B7%D1%8C%D0%BC%D0%B8%D1%87
    Հետաքրքիր զուգադիպությամբ երկու զորահրամանատարներն էլ ծնվել են 1906 թ., գյուղական բնակավայրում, ունեցել են գրեթե համանման կարիերա, սակայն երբ պահը եկել է ճակատագրական ընտրություն կատարելու, ճիշտ հակառակ որոշումներ են ընդունել, ինչի արդյունքում մեկը հետապնդվել ու ճնշումների է ենթարկվել, իսկ մյուսը ստացել է գլխավոր մարշալի կոչում ու ապահով ծերություն:
    Ձեր թույլտվությամբ կուզենայի թարգմանել Շապոշնիկովի օրագրից ձեր մեջբերած մտքի շարունակությունը, որը ևս պակաս արդիական չէ.
    ՛՛Բանակային պայմաններում տարածված և արմատավորված չարի դեմ պայքարում, որպիսին ինքնիրավների ստորությունն ու երեսպաշտությունն է, ես չունեցա բավարար արդյունավետ զենք, բացի երևակայական հավատն առ այն, որ ճշմարտությունը, հենց այնպես, ինքն իրենով կհաղթի և արդարությունը հաղթանակ կտոնի :՛՛

  3. Լավատես says:

    Եթե հայ զինվորականը զենք բարձրացներ հայ բանվորի վրա, նոր միայն կարող ենք զուգահեռներ անցկացնել, իսկ այլազգի զինվորականին փառք ու պատիվ՝ իր սեփական ազգի պատիվն ու կյանքը պահպանեց: Մնացածը զինվորական մասնագետները պետք է մեզ բացատրեն:

  4. Հարգելի պրն.Արամ Աբրահամյան:դժվար թե արժե մեղադրել Համազասպ Բաբաջանյանին ,քանզի կարծում եմ (կարծում եմ),որ չէր կարելի սովետական,այդ թվում եւ հայ զինվորի արյան գնով ֆաշիստներից ազատագրված Հունգարիան «հեշտ ու հանգիստ»հանձնել Արեւմուտքին(կարծում եմ Ձեր Արեւմուտքին):Ճիշտ նույնը եվ 1968-ին… չնայած,68-ին ինքս էի ըմբոստանում սովետական զորքերի Չեխոսլովակիա մտնելուն,ըմբոստանում էի,որովհետեւ ամեն գիշեր լսում էի «ամերիկայի ձայն»եւ այլ ձայներին(մինչ 68 թիվը)եւ ընկալում հալած յուղի տեղ:Հետո մեծացա,հասկացա,թե «Ինչու է աղմկում գետը»:Այս իմաստով առավել եւս տեղին չէ համեմատել Շապոշնիկիվի հրաժարվելը սովետական ժողովրդի դեմ դուրս գալու մի կողմից,եւ Բաբաջանյանի չհրաժարվելը Հունգարիայում՝ մյուս կողմից:Կուզեմ հավատացնել,որ սրանք «տարբեր օպերաներ են»:Դուք գիտակից մարդ եք եւ պիտի հասկանաք:Միայն ,Աստված սիրեք,չփորձեք ինձ համոզել,որ 56 եւ 68 թվերի կատարվածը ժողովրդի ցանկությունն էր: Սուտ է: Դա այնքանով էր «ժողովրդի ցանկությունը»,որքան վերջերս Ուկրաինայում(Հարավսլավիա,Լիվիա,Սուդան.Եգիպտոս…) կատարվածը, Նուլանդի «բլիթներ բաժանելու էժանագին ամերիկյան տրյուկն էլ Ձեզ նվեր…Հարգանքներս..

  5. Հ.Շ. says:

    Այս օրէն ի վեր երբ Հունգարիան փաստօրէն ազատ արձակեց Ռամիլ Սաֆարովը, աչքերս բացուեցան այդ երկրի իսկական բնոյթի նկատմամբ:

    Սովետի ժամանակ հունգարական ապստամբութեան – խղճալի – փորձը ուղղակի կազմակերպուած էր CIA-ի կողմէ: Հետեւաբար Ամերիկան կը կրէ անոր ընթացքին տուժողներու պատասխանատվութիւնը:

    Նաեւ հարկաւոր է նշել թէ Հունգարիան ամենախանդավառ կերպով միացած էր նացիական դաւանանքին, եւ այդ հետագայ հակա-սովետական շարժումը նաեւ կ’առընչուէր Հիթլերականութեան եւ Համայնավարութեան միջեւ խոր հակամարտութեան: Որու ընթացքին գիտենք թէ ինչ էր Հայաստանի Հանրապետութեան դիրքն ու անոր վիճակուած պատերազմի բաժինը, եւ հետեւաբար շատ բնական է որ հայ զօրաւարը աւելորդ հոգեվիճակներ չունենար, կատարելու համար իր պարտականութիւնը:

    Նշենք նաեւ որ այս օրերին իսկ, նացիական հակումները տակաւին չեն մարած այդ երկրին մէջ: Թշուառ փախստականներու առջեւ, եւրոպական տարածքի վրայ, բառացիօրէն փշալարեր քաշեց այդ նոյն Հունգարիան, մինչդեռ Եւրոպական Միութեան անդամ:

    https://www.youtube.com/watch?v=HO440ryVMTM
    https://www.youtube.com/watch?v=ZEk9bcZvhok

    Վստահաբար կը յիշէք նաեւ լրատվական ասպարէզի իրենց յատուկ ըմբռնողութիւնը՝

    https://www.youtube.com/watch?v=cXBjtJ7zhKk
    https://www.youtube.com/watch?v=5USyBlsGMnY

    Եւ ահա դեռ ինչպէս այդտեղ վարուեցան փախստականների հանդէպ, տակաւին անցեալ տարի իսկ, կարծես վերականգնել ջանալով Համաշխարհային Բ. Պատերազմի ամենահրեշային դրուագները ՝

    https://www.youtube.com/watch?v=4IKRQPsGxus

  6. Հ.Շ. says:

    Իսկ ամէն դէպքում՝

    Նովոչերկասկ-ը Ռուսաստանի քաղաք մըն է:

    Երgու զօրավարների միջեւ վերեւի բաղդատականը կարող էր ի զօրու լինել, եթէ նիւթի առարկայ հայ զօրավարը կրակ բացած ըլլար հայերու վրայ, Հայաստանի մէջ:

  7. Ruben says:

    Հակասություններ.
    1942թ. սկզբին գեներալ Դրաստամատ Կանայանը (Դրոն), գալիս է Բեռլին, եւ տեղի ազդեցիկ հայերը, մասնավորապես’ Վերմախտի հայազգի գեներալ Հայնց Գուդերիանը, հանդիպում են կազմակերպում ԷսԷս-ի ռեյխսֆյուրեր Հիմլերի հետ:
    1942թ. ամռանը Բուլղարիայից Բեռլին է ժամանում Գարեգին Տեր-Հարությունյանը’ Նժդեհը, այնուհետեւ ՀՀ նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը: Շուլենբերգի հետ հանդիպումների ժամանակ նա մի քանի անգամ բարձրացնում է Հայաստանի կարգավիճակի հարցը, համոզում է նրան պայմանավորվել ֆյուրերի հետ հանդիպման համար: Այդ հանդիպմանը ներկա էր նաեւ Հայնց Գուդերիանը:
    Մինչեւ 1944թ. վերջը Գեբելսի գերատեսչությունը հրատարակում էր “Armenien” շաբաթաթերթը, որի խմբագիրն էր Լեւոն Շանթի որդին’ Վիգեն Շանթը: Նույն գերատեսչությունում, որպես հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն ռադիոհաղորդումների հաղորդավարներ’ աշխատում էին շատ հայեր:
    1942թ. վերջին արդեն Վերմախտի հայկական լեգեոնը վերջնականապես ձեւավորված էր 160 ԻԴ զորամաս անվան տակ: Այս զորամասն ուներ իր տարբերանշանները: Գերմանական համազգեստի վրա պահպանված էին 1920թ. հայկական բանակի տարբերանշանները: Թեւքի նշանին պատկերված էր հայկական եռագույնը եւ գրված էր “Armenien” բառը:
    Լեգեոնի հրամանատարն էր գեներալ-մայոր Վարդան Սարգսյանը: Միսաք Թոռլաքյանը ղեկավարում էր Հայկական լեգեոնի գործակալական եւ դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումները:
    Ռոզենբերգի հետ գեներալ Նժդեհի հանդիպումից եւ նրան գաղտնի նյութերի ներկայացումից հետո…
    Ռեյխում լեգեոնի պաշտոնական ներկայացուցիչն էր Հարմիկ Ջալալյանը’ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարի որդին: Լեգեոնն ուներ 2 տպագրական մարմին’ “Հայ ազգ” եւ “Ազատ Հայաստան”‘ հայերեն եւ գերմաներեն լեզուներով:
    Բեռլին. 1942-43 թթ. Հայկական լեգեոնը պարում է «Բերդ» պարը…
    1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվեց 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944 թվականի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։
    1945 թվականի սկզբին նրա բանակը մասնակցեց Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։
    Նա նստած է Հիտլերի աթոռի վրա, դա սիմվոլիկա է։ Մենք համարում ենք, որ Բեռլինը նա է գրավել։ Որովհետև երբ Ստալինը Ժուկովին կանչում ու ասում է` պետք է 3 օրից մտնեք Բեռլին, նա ասում է` չեմ կարող։ Իսկ Բաբաջանյանը մտավ, նա տանկերը թունելով տարավ…
    «Կոռնետ Վանո, քո այս եռեսուն զինվորներն իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում»… «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է՝ մենք ինչքան կռվեցինք»։

  8. Գառնիկ says:

    Թույլ տվեք իմ կարծիքն ասել
    Չի կարելի Շապոշնիկովին և Բաբաջանյանին համեմատության մեջ դնել: Քանի որ Շապոշնիկովը ազգությամբ ռուս է , իսկ Բաբաջանյանը այլազգի : Շապոշնիկովը կռվում էր սովետական Նովոչերկեսկ քաղաքում, որտեղ առանց զենքի գործադրմամբ էլ հնարավոր էր հաղթանակել: Իսկ Բաբաջանյանը՝ Եվրոպայի սրտում ՝Հունգարիայում, որն զինված պայքարի էր ելել սովետի դեմ: Բաբաջանյանն չէր կարող այլ որոշում կայացնել, հակառակ դեպքում նա կորակվեր հայրենիքի դավաճան և կգնդակահարվեր: Չմոռանանք, որ Բաբաջանյանի մահն էլ խորհրդավոր եղավ: Բրեժնևի մոտ , ընդունելությունից վերադառնում է այլայլված, հիասթափված և տունն հասնելուն պես կնքում է մահկանացուն:

    • Հ.Շ. says:

      Չէ՜, եղբայրս… Յանուն Մարդկային Վեհ Սկզբունքների, Յանուն Գաղափարի, Պատիվի եւ Եւայլընի, նա պիտի որ նախընտրէր գնդակահարվել, քան թէ կրակ բանար հունգարացի նացիների վրայ…

      Շիշտն ասած, կեանքիս առաջին անգամն եմ լսում/սովորում Համազասպ Բաբաջանյանի մասին, սակայն արդէն տպավորված եմ իրմով:

      Մէկ սերունդ տարբերութեամբ, Ռուսական Բանակից սեռած այն հայ զօրավարների շարքին է, առանց որոնց Սարդարապատի Ճակատամարտը չէինք կրնար յաղթել, եւ հետեւաբար ասյօրվա Հայաստանը իսկ գոյութիւն չէր ունենար:

      (Ի դէպ, այսօր Մայիս 28 է (էր)… Երանի թէ այդ մասին գրէր Խմբագիրը, իր հեղինակաւոր կարծիքը լսէինք այդ ուղղութեամբ: Կամ ել, անկէ հազիւ երեք տարիներ ետք, սովետի դէմ Հայաստանում տեղի ունեցած ապստամութեան՝ արեան մէջ խեղդումի մասին, հայ բոլշեվիկների զէնքերով – եւ նոյնիսկ կացիններով – ) :

  9. Zaven says:

    Ինձ թվում է, որ մարշալ Բաբաջանյանի արձանն ինչ որ փոխզիջումայնի տարբերակ էր։ Այսպես, մեկ-երկու տարի առաջ Երևանում պատրաստվում էին տեղադրել Միկոյանի արձանը։ Բարեբախտաբար, Հայ Ժողովրդի դիմակյության հետևանքով այդ լպրծուն կոսմոպոլիտի արձանը չտեղակայվեց Հայոց Հողում։ Հայաստանում և Հայաստանից դուրս ինչ-որ շրջանակներ իրենց հիվանդագին նկրտումները բավարարելու նպատակով գուցե ընտրեցին համեմատաբար ընկալելի տարբերակ։ Այսպես որ գնա, գուցե մի գեղեցիկ օր էլ տականք բորիս կևորկովի արձանին էլ ՛արժանանանք՛։
    Ի դեպ, ցնցվել եմ ՆԺԴԵՀԻ արձանի կապակցությամբ Ն․Սարգսյանի մեկնաբանությունից։ Փառք տանք ԱՍՏԾՈՒՆ, որ քանդակագործը երիտասարդ տարիներին չի ուսանել Բաքվում ․․․․․․

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031