Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

Մայիս 28,2016 13:00

Հաջորդ օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը

Այսօր Հայ առաքելական եկեղեցում մատուցվում է Սուրբ Պատարագ. նշվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից:

Հիշատակվում է, որ հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան կույսերի նահատակումից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Տրդատի կողմից Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը, որն արդեն 13 տարի բանտարկված էր: Սուրբ Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի՝ քրիստոնեական քարոզչության լծակիցը: Հայոց հողում կործանվում են հեթանոսական տաճարները, որոնց տեղերում բարձրացվում են Տերունական խաչեր, իսկ հետագայում կառուցվում են Աստծո փառքին արժանի հոյակերտ սրբավայրեր: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն, իսկ Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ:

Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը իր քարոզներից մեկում նշել է. «Այսօր աշխարհը դարձել է մի վիրապ, եւ խառնիխուռն դաժան փորձությունները հաճախ խանգարում են մեզ ճիշտ կողմնորոշվել այդ խառնարանում, չսայթաքել, դուրս գալ այնտեղից, առավել լուսավորել աստվածային կենարար լույսով, ընթանալ լույսի ճանապարհով, ճշմարտության ճանապարհով: Եթե մենք մեզ համարում ենք իսկական քրիստոնյա, Քրիստոսի հիմնած եկեղեցու նվիրյալ հավատավոր, ապա պարտավոր ենք, թեկուզ եւ մեծ զոհողությունների գնով, հաղթահարել լուսո ճանապարհի բոլոր պատնեշները, ազնվանալ, սրբվել Քրիստոսի սուրբ ուսմունքից ճառագած լույսով, ապրել քրիստոնեավայել կյանքով»:

S.-Grigor8-2
Նշենք նաեւ, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից ելնելու տոնի հաջորդ օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը:

Ըստ ավանդության, Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը` ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից եւ ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ (գրաբար)` իջավ Միածինը: Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին, որի հովանավորությամբ էլ կառուցվում է Սուրբ Էջմիածնի` Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը, իսկ Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
28.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031