Փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը պաշտպանեց Օլեգ Եսայանին
Անցյալ շաբաթ Մոսկվայում հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՌԴ-ում հայկական լոբբիի մասին, ավելի ճիշտ՝ հայկական լոբբիի չաշխատելու մասին՝ նաեւ ասաց. «Ես ՌԴ-ում Հայաստանի դեսպանին չեմ ճանաչում»: Հայաստանցի լրագրողների հետ հետագա հանդիպումներում համանման տեսակետներ հայտնեցին նաեւ պետական տարբեր պաշտոնյաներ: Անգամ համեմատություններ արվեցին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի ակտիվ աշխատանքի հետ: Կովկասյան տարածաշրջանի երկրների հետ աշխատող մեր զրուցակիցներից մեկը նկատեց, որ առնվազն հինգ տարի Մոսկվայում գտնվող հայկական դեսպանատանը չի եղել, մինչդեռ Ադրբեջանի դեսպանատանը քանիցս է եղել` տարբեր մշակութային միջոցառումների եւ տարբեր ընդունելությունների առիթով:
ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը միանշանակ չի ընդունում նման հայտարարությունները: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում նա ասաց. «Մեր դեսպանությունը Մոսկվայում ունի կարեւորագույն գործառույթներ, ներկայացնում է Հայաստանը ՌԴ-ում, որի հետ ունենք շատ ընդգրկուն օրակարգ: Եվ որքանով ես եմ տեղյակ, քանի որ ինքս չեմ համակարգում այդ ուղղությունը, բավական համակարգված աշխատանքներ են իրականացվում ՌԴ տարբեր պետական կառույցների հետ»: Մեր դիտարկմանը` ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին բավական ակնհայտ դարձավ ՌԴ-ում մեր դեսպանի պասիվությունը, ՌԴ-ում թերեւս ամենամեծ համայնքն ունենալով՝ ամենապասիվ կեցվածքը դրսեւորվեց, ինչը նաեւ շատ քննադատվեց, Կարեն Նազարյանը հակադարձեց. «Դեսպանի աշխատանքը միայն հայտարարություններով կամ հարցազրույցներով չէ, որ երեւում է եւ կարելի է գնահատել: Այդ առթիվ նաեւ որոշակի ժամանակ առաջ արտգործնախարարը խորհրդարանում ելույթ ունենալով՝ համեմատություն էր արել` ասելով, որ դիվանագիտությունը այսբերգի նման է. չի երեւում այն հիմնական եւ ծավալուն աշխատանքը, որն իրականացնում են ԱԳՆ-ն եւ նրա ենթակա ստորաբաժանումները: Այնպես որ՝ եթե դեսպանն ինչ-ինչ պատճառներով շատ հարցազրույցներ չի տվել, դա չի նշանակում, որ նա պասիվ է: Մեր դեսպանը բավական ակտիվ է»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
27.05.2016