Ապրիլի 30-ին Մատաղիսի դիրքերում զոհված շուշեցի Վազգեն Հարությունյանի որդին՝ տասներեքամյա Ալեքսանդր Հարությունյանը, «Երկիր.am-ին» տված հարցազրույցում ասել էր, որ նպատակ ունի շարունակել հոր գործը եւ շատացնել խոզերը, որպեսզի բուժի տասնչորսամյա ավագ եղբորը, ով տառապում է մանկական կաթվածով (DCP):
Իմանալով այս մասին՝ ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը որոշեց Ալեքսանդրին տրամադրել հղի խոզամերուն: Եվ ահա՝ մայիսի 25-ին ԼՂՀ ԳՆ անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը խոզամերունը հասցրեց Շուշի, որտեղ քաղաքի ամենաբարձրադիր վայրում տեղակայված իրենց առանձնատան առաջին հարկում էլ Ալեքը պահում է իրենց խոզերը:
«Հետայսու Ալեքսի գործունեությունը մշտապես կլինի ԳՆ ուշադրության կենտրոնում, մենք նրան նաեւ կեր կտրամադրենք, իսկ «Շուշիի անասնաբուժական սպասարկման կայան» ՊՈԱԿ-ի ղեկավարությունն էլ մշտապես Ալեքսին կաջակցի համակողմանիորեն՝ իր ծրագիրը կյանքի կոչելու համար»,- նշեց Նորայր Մուսայելյանը:
ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ
Ստեփանակերտ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
27.05.2016