Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում երեկ նշվեց սայաթնովագետ Ասլան Ասլանյանի ծննդյան 65-ամյակը: Հոբելյանական միջոցառման սկզբում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, շնորհավորելով Ասլան Ասլանյանի ծննդյան օրը, բարձր գնահատեց նրա գրականագիտական որոնումները` ասելով. «Տարիների ընթացքում գուցե մակընթացություններով, կամ հակառակ կերպով` տեղատվություններով, նա փորձել է հասկանալ Սայաթ-Նովային` մեր ժողովրդի լուսավոր աստղերից մեկին, որը որքան մեզանից հեռանում, այնքան նրա լույսն ավելի պայծառ է դառնում»: Ըստ Սերգո Երիցյանի` սայաթնովագետի վերծանած գաղտնագրերը մեզ հնարավորություն են տալիս ավելի մոտ լինելու Սայաթ-Նովայի պոեզիային, հասկանալ նրա տարբեր շերտերը, անգամ գաղտնիքները։ Այս ամենը նա համարեց մեծ ներդրում սայաթնովագիտության մեջ, որն Ասլան Ասլանյանը հանրայնացրել է տարբեր ուսումնական հաստատություններում, կրթօջախներում։ Կրթության, գիտության ոլորտում ունեցած մեծ ավանդի եւ 65-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից նրան շնորհվել է «Ոսկե հուշամեդալ», որը նախարար Լեւոն Մկրտչյանի անունից հոբելյարին հանձնեց Սերգո Երիցյանը:
Ասլան Ասլանյանին շնորհավորելու եւ իրենց գնահատանքի խոսքն ասելու էին եկել գրականագետներ, մտավորականներ, իր ընկերները եւ պարզապես գրականության ու Սայաթ-Նովայի արվեստի սիրահարներ: Նվեր Վիրաբյանը նշեց, որ Ասլան Ասլանյանը նորովի բացահայտեց մեզ հայտնի աշուղին. «Շատերը պատճառաբանում են, որ նա բարձրագույն կրթություն չունի, բայց մոռանում են, որ բարձրագույն կրթություն չունեին նաեւ մեր Ամենայն Հայոց բանաստեղծը, Վիլյամ Սարոյանը: Բայց նրա՝ Սայաթ-Նովային անսահման նվիրումը բերել է մեծ արվեստագետի ստեղծագործությունների նոր բացահայտումների»:
Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանն ընդգծեց, որ այն ամենն, ինչ գրել է Ասլան Ասլանյանը, հիմնված է փաստերի վրա ու հագեցած է ապացույցներով. «Սայաթ-Նովան նրա համար դարձավ մի տարերք, մի աշխարհ, որի համար պատրաստ էր անգամ իր կյանքը տալ, ցանկացած զոհողությունների գնալ, որովհետեւ նա գիտի, որ Սայաթ-Նովան սովորական գրող, աշուղ չէ, նրա նման արվեստագետները ուշ-ուշ են աշխարհ գալիս»:
Մյուս բանախոսները եւս բարձր գնահատեցին Ասլան Ասլանյանի սայաթնովայական վաստակը, նրա կատարածը համարելով կարեւոր հետազոտական քայլեր։ Ընդգծեցին նաեւ, որ նա գնացել է չտրորված ճանապարհով՝ արդյունքում մեզ մատուցելով ինքնատիպ ուսումնասիրություններ։
Ինքը` սայաթնովագետը, հետադարձ հայացք գցելով իր անցած ուղուն, նշեց, որ շարունակելու է բացահայտել Սայաթ-Նովայի կյանքի ու գրական ժառանգության` դեռեւս չբացահայտված էջերը, որպեսզի Սայաթ-Նովան իր ստեղծագործական ողջ հմայքով ու մեծությամբ ներկայանա մեր ժողովրդին, աշխարհին: Իսկ միջոցառման ավարտին սայաթնովագետին շնորհավորեց աշուղական երգի «Սայաթ-Նովա» անսամբլը, որի կատարած երգերին ոգեւորությամբ ձայնակցեց դահլիճը:
ՄԵՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Լուսանկարները՝
Մարինե Մարդոյանի
«Առավոտ» օրաթերթ
27.05.2016
Շնորհավորում եմ Ասլան Ասլանյանին … Հարգանքով` Աշոտ Բաբայան