451 թվականին հայկական ուժերի եւ պարսկական բանակի միջեւ տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, հետագայում` «20-րդ դարի Ավարայր» կոչվեց Սարդարապատի հերոսամարտը: Եթե առաջինի դեպքում հայկական ուժերի դեմ մարտնչում էր պարսկական կողմը, ապա երկրորդի ժամանակ` թուրքական զորամիավորումները:
Առաջին աշխարհամարտի ժամանակ հայ ժողովրդի համար ստեղծվել էր չափազանց վտանգավոր վիճակ. թուրքական զորքերի դեմ Կովկասյան ռազմաճակատում կանգնած էին միայն Հայկական կորպուսի զորամասերը: Թուրքերն օգտվեցին նման վիճակից եւ 1918 թ. փետրվարին, խախտելով Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը, անցան հարձակման՝ նպատակ ունենալով գրավել ոչ միայն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական զորքերի կողմից նվաճված Արեւմտյան Հայաստանի նահանգները, այլեւ Արեւելյան Հայաստանը:
Ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-27-ը, որի ժամանակ մասնակցել է մոտ 8.500 հայ եւ 500 եզիդի մարտիկ: Սարդարապատի ճակատամարտին գրեթե զուգահեռ ընթացել են նաեւ Բաշ-Ապարանի մարտերը: Առաջին խմբավորումը մայիսի 21-ին հարձակվեց Սարդարապատի ուղղությամբ՝ Երեւան ներխուժելու նպատակով: Մարտերը շարունակվեցին մինչեւ մայիսի 26-ը: Ծանր կորուստներ կրելով՝ թուրքական բանակը նահանջեց դեպի Ալեքսանդրապոլ: Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով:
Սարդարապատի ճակատամարտը հայ ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը: Տարած հաղթանակի շնորհիվ Արեւելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, եւ հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար:
Սարդարապատի ուղղության հրամանատար էր նշանակվել Հայկական կորպուսի Երեւանյան դիվիզիայի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը: Այլ հրամանատարերն էին Թովմաս Նազարբեկյանը, Պողոս Բեկ-Փիրումյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը, Քրիստափոր Արարատյանը եւ Ջհանգիր աղան:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
27.05.2016