Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Մոդուս Վիվենդի» կենտրոնում այսօր կայացավ քննարկում, որի ընթացքում բարձրաձայնվեց Խորհրդային Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետեւանքով փախստական դարձած հայերի իրավունքների խնդիրը: Քննարկման ժամանակ ներկայացվեց նաեւ «Մոդուս Վիվենդի»-ի օրերս հրատարակած` ադրբեջանցի գրող, ներկայում տնային կալանքում գտնվող Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գրքի անգլերեն թարգմանությունը: Գրքում հեղինակն անդրադարձել է Սումգայիթի եւ Բաքվի հայերի ջարդերին: Հայագետ, նախիջեւանագետ Արգամ Այվազյանի գնահատմամբ` հեղինակը որոշ փաստեր խեղաթյուրել է հօգուտ Ադրբեջանի:
Aravot.am-ը «Մոդուս Վիվենդի»-ի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանին հարցրեց, թե ինչպես կմեկնաբանի քաղաքագիտական որոշ շրջանակների տեսակետներն այն մասին, որ Ադրբեջանի տեղաբնիկներն ունակ են հանգեցնելու այդ երկրի փլուզմանը: «Տարածաշրջանում խաղաղությունը կայուն եւ հաստատուն կլինի այն դեպքում, երբ Ադրբեջանը, որպես միասնական պետություն, դադարի գոյություն ունենալուց: Հետեւաբար, խիստ կարեւորվում է տեղաբնիկների դերը: Այնպես պետք է անենք, որ նրանք կարողանան փլուզել Ադրբեջանը, եւ նրանք ունեն այդ հնարավորությունը»,-ասաց Արա Պապյանը:
Նրա խոսքով` հայկական կողմը պետք է աջակցի Ադրբեջանի տեղաբնիկներին. «Եթե նրանք մեզ պակաս թշնամական վերաբերվեն, պակաս ջանասիրությամբ կռվեն մեր դեմ, դա արդեն իսկ դրական է: Այսինքն, մենք նրանց խաղաղության ձեռք ենք մեկնում եւ ասում, որ սա նրանց պատերազմը չէ: Անտրամաբանական է, երբ Ադրբեջանում ճնշման տակ գտնվող ժողովուրդները կռվում են իրենց ճնշողների կողմից… Տեղաբնիկների բարեկամական վերաբերմունքը մեզ համար արդեն իսկ կարեւոր է: Բացի այդ, եթե մենք նրանց աջակցենք, եւ նրանք իսկապես ինքնության լուրջ զարթոնք ապրեն, դա կհանգեցնի Ադրբեջանի տրոհմանը»:
Կարդացեք նաև
Թե ինչպես կարող է հայկական կողմն աջակցել Ադրբեջանի տեղաբնիկներին, Արա Պապյանը վկայակոչեց թալիշական հեռուստատեսությունն ու ռադիոն, նաեւ ԵՊՀ-ի հրատարակած գրքերից մեկը, որը վերաբերում է թալիշների մշակույթին, որը յուրացվել է թուրքական ցեղերի կողմից: «Նրանց պետք է օգնենք, որպեսզի վերագտնեն իրենց ինքնությունը»,-հավելեց Արա Պապյանը:
Այլ մանրամասները` տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ