Երեւանի բնակիչ, 1960 թ. ծնված Աշոտ Եղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. օգոստոսի 7-ին Բերդ-Թովուզ-Վերին Կարմիրաղբյուր ջրատարի վերակառուցման նպատակով Վերին Կարմիրաղբյուրի «Մաֆլար» հանդամասում «ԵղվարդՇին» ԲԲԸ-ի կողմից աշխատանքներ կատարելու ժամանակ, հրդեհավտանգ գազակտրման սարքավորման միջոցով խողովակների ապամոնտաժման ընթացքում դրսեւորել է անզգուշություն՝ դրսեւորելով անփութություն, չի ապահովել իր աշխատանքի անվտանգության կանոնները, որի հետեւանքով առաջացած կայծերից հրդեհ է բռնկվել եւ այրել Վերին Կարմիրաղբյուրի 32 բնակիչներին պատկանող ընդհանուր 11 հա պտղատու եւ խաղողի այգիներ, 10 հատ մեղվաընտանիք, 15 հատ փեթակ եւ դրանց ծածկը, նշված անձանց պատճառելով ընդհանուր 5 միլիոն 542 հազար 450 դրամի նյութական վնաս: Ա. Եղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 186 հոդվածի 2-րդ մասով («Ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետեւանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել»):
Այդ քրեական գործով 2015թ. ապրիլի 10-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճիռ է կայացել: Նա համարել է, որ Ա. Եղյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, վերջինիս պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է համարել այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, պատճառված վնասի հիմնական մասը «ԵղվարդՇին» ԲԲԸ-ի կողմից վերականգնվել է: Դատարանն անդրադառնալով տուժողների կողմից ներկայացված քաղաքացիական հայցի պահանջներին, համարել է ,որ տուժողների մի մասը պատշաճ կարգով հայցապահանջ չի ներկայացրել, իսկ նրանք, ովքեր ներկայացրել են, պատշաճ փաստաթղթերով չեն ապացուցել իրենց պատճառված վնասի ստույգ չափը, գործում կան վնասի հաշվարկման մասին իրարից տարբերվող մի քանի ակտեր եւ արձանագրություններ:
Դատարանը վճռել է, որ նման պայմաններում հնարավոր չէ քաղհայցի բավարարումը,ուստի թվով 18 տուժողներին վերապահել է քաղաքացիական հայցի իրավունք: Զ. Զաքինյանը վճռել է Ա. Եղյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 186 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 300 հազար դրամի չափով տուգանքի: Տուժողները հիշյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացել, պահանջելով բեկանել եւ փոփոխել Ա. Եղյանի վերաբերյալ դատավճիռը, նրան դատապարտել 186 հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված առավել ծանր պատժատեսակով եւ առավելագույն պատժաչափով:
2015թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը եւ քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Ներկայումս այդ քրեական գործը քննվում է դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի կողմից:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ