Լրահոս
Օրվա լրահոսը

«Պերմյակովը աղջկա շոր էր հագել ու դեռ բերանը բացվում էր, որ ծիծաղեր». ռազմաբազայի թերթի պատասխանատու

Մայիս 27,2016 18:18

Այսօր Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստի ժամանակ հարցաքննվեց ռազմաբազայի թերթի խմբագրության պատասխանատու քարտուղար, պահեստազորային գնդապետ Աշոտ Կարապետյանը: Հետաքրքիրն այն է, որ այս վկան թեեւ հրամանատարական կազմի մեջ չէ, բայց ակտիվորեն մասնակցել է Պերմյակովի որոնողական աշխատանքներին: Նրա ցուցմունքից այնպիսի տպավորություն էր, որ գլխավոր դերակատարներից է այս գործում:

Վկան ասաց, որ դեպքի օրը հրամանատարը իրեն է զանգել ու ասել, որ Պերմյակովը լքել է զորամասը, սակայն զգուշացրել է դեռ քայլ չձեռնարկել, քանի որ միգուցե զուգարան է մտել զինվորը: Այնուհետ զանգահարել է, որ սաղավարտը տեղանքում է թողել, փշալարերը կտրել, անցել է:

Աշոտ Կարապետյանը, լսելով, որ Պերմյակովը ինքնաձիգն ու 60 փամփուշտն էլ իր հետ է տարել, զանգահարել է ռազմական ոստիկանություն, որպեսզի օպերատիվ խումբ ուղարկեն: Սակայն այստեղ խումբ չեն ունեցել, ու ինքը ժամը 6.15-ի սահմաններում գնացել է ոստիկանության «Մուշ» բաժին:

Վկան անձամբ մասնակցել է Պերմյակովի որոնողական աշխատանքներին, մասնավորապես գտնվել է այն տանը, որտեղ հետախույզ շունը Պերմյակովի ոտնահետքեր էր հայտնաբերել: Խոսքը ոչ թե Ավետիսյանների տան մասին է, այլ Շիրակացի փողոցում «Լենկոշ»-ի մոտ գտնվող մի սեփական տան: Վկա Կարապետյանը, հասնելով այնտեղ, տեսնում է հետախույզ շանը, սպաների, երկու «Ուազ» մակնիշի մեքենաներ:

Հրամանատարը խնդրել է իրեն տանտիրոջը հայերեն լեզվով ասել, որ իրենց փախած զինվորը թաքնվում է այդ տանը: Տանտերը, որը երիտասարդ է, ըստ վկայի, վախեցած ներս է մտել, ինքը եւս ներս է մտել ու սկսել նրանց նկուղներում փնտրել Պերմյակովին՝ իր փոքրիկ լապտերի օգնությամբ: Ըստ վկայի, նույնիսկ ոստիկանները ներս չեն մտել, ինքն է փնտրել նրան: Տեսնելով, որ Պերմյակովն այնտեղ չէ, ոստիկանները գնացել են, իրեն էլ հրահանգել են գնալ զորամաս ու հետախուզման հայտարարության տեքստը կազմել:

Իսկ առավոտյան ժամը 11.30 իմացել են, որ Պերմյակովը «ողբերգական հանցագործություն» է կատարել: Վկան ասաց, որ իր 33 տարվա ծառայության մեջ առաջին դեպքն է, որ զինվոր է փախուստի դիմում, իսկ հետո խոստովանեց, որ հաճախակի են տեղի ունենում դասալքություններ ռազմաբազայից:

Permyakov_12 Ըստ Աշոտ Կարապետյանի, Պերմյակովին դեպքից հետո բերել են ռազմաբազա՝ իր սենյակի դիմացի սենյակ: Երբ ինքը ներս է մտել, վերջինս մի անկյունում նստած է եղել, սենյակում տարբեր մարդիկ են եղել, քաղաքացիական հագուստով ոստիկաններ, սահմանապահներ: Աշոտ Կարապետյանը Պերմյակովին հարցրել է, թե ինչո՞ւ կատարեցիր այդ հանցանքը, վերջինս վերացական նայել է:

Այդ ընթացքում հեռուստացույցը միացած է եղել, լուրերին են հետեւել, երբ լուրերն ընդհատվել է գովազդով, Պերմյակովն, աչք գցելով էկրանին, սկսել է ծիծաղել: «Պատկերացրեք ոճրագործություն կատարած մարդը ծիծաղեց: Ես երկրորդ անգամ հարցրեցի՝ տղա ջան, ինչի՞ արեցիր, ասաց՝ ես չեմ էլ պատկերացնում, որ ես եմ արել»:

Վկան ասաց, որ Պերմյակովը ոտքից գլուխ սեւ էր հագած, իրեն անգամ թվացել է, որ վերեւի հատվածում աղջկա շոր էր, իսկ ներքեւը չէր հիշում ինչ էր հագել, հավանաբար սպորտային հագուստ, չէր հիշում նաեւ, թե ինչ կոշիկներ էր հագել, ուղղակի գիտեր, որ նա զինվորական կոշիկները «փետանոցում» է թողել:

Permyakov_10Փաստաբան Միհրան Պողոսյանը հետաքրքրվեց, թե հաճախակի է լինո՞ւմ, որ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց բերում են ծառայության ռազմաբազա՝ անտեսելով անբասիր ընտանիք ունենալու պահանջը: Վկան, ձեռքով ցույց տալով Պերմյակովին, պատասխանեց. «Մեր զինվորները լավն են, բայց նման մոլախոտներ լինում են երբեմն»:

Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ հետաքրքվեց, թե թերթի պատասխանատուն ի՞նչ գործ ունի որոնողական աշխատանքների հետ, որ հրամանատարը զանգահարում է գիշերը 4.20 , ասում է՝ դասալիք կա, բայց դեռ ոչինչ չձեռնարկեք, միգուցե «տուալետ» է գնացել: «Կասե՞ք երկու ժամով տուալետ են գնում ձեր զինծառայողները», -հարցրեց Լուսինե Սահակյանը:

Վկան ասաց. «Հրամանատարն Աֆրիկայում էլ է հրամանատար, գիտեին, որ ես ամեն ինչ գիտեմ, դրա համար էլ արթնացրեցին»: Այնուհետ ասաց, որ տարածքը մեծ է, որոնել են Պերմյակովին ու տեսել, որ նա սաղավարտը թողել է:

Լուսինե Սահակյանը շարունակեց, թե հաճա՞խ են լինում դասալքության դեպքեր, վկան ասաց ՝ այո, լինում են, եղել են դեպքեր, երբ 5 ժամ հետո են գտել, բերել զինծառայողին: Հարցին՝ իսկ նրանք զենքո՞վ են դասալքություն կատարում, վկան ասաց. «Նու, եղել է , բայց ես այդ ժամանակ այնտեղ չեմ ծառայել»:

Այս վկան նորից հարցաքննվեց այն պատճառով, որ նա բազմաթիվ հակասական ցուցմունքներ էր տվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031