Լրահոս
Օրվա լրահոսը

Արձաններ, որոնք չկան Երևանում

Մայիս 27,2016 18:07

Օրերս Երևանում կանգնեցվեց Համազասպ Բաբաջանյանի արձանը: Այն, ինչպես լինում է բոլոր նմանատիպ իրավիճակներում (այս հարցում հազվադեպ է լինում միակարծություն), բուռն քննարկումների տեղիք տվեց: Տարբերվելու համար չենք անդրադառնա Բաբաջանյանի կերպարին, գործունեությանը, այն միջավայրին, որի կրողն էր հանդիսանում նա: Ընդամենը կփորձենք հասկանալ այն պարզ հանգամանքը, որ եթե Բաբաջանյանը պետք է ունենա արձան, ապա ինչքան արժանավոր գործիչներ կան, որոնք ցայսօր, Երևանում չունեն արձաններ` իրենց բովանդակային, մոտիվացիոն էությամբ: Ի վերջո, արձանը բացի հարգանքի տուրքի դրսևորումներից, իր մեջ ներառում է նաև խորքային սիմվոլիկա, որին մենք այդքան էլ լուրջ չենք վերաբերվում:

Այդ սիմվոլիկան էապես ազդում է հասարակական գիտակցման և ընկալումների վրա: Զարգացած հասարակություններում այս խնդիրը վաղուց լուծվել է: Իսկ սիմվոլիկա կոչվածին ու դրա էությանը բավականին լուրջ են վերաբերվում` ամեն ինչ համաչափության և հասարակական ներդաշնակության մեջ է, այս մասով: Ստորև տանք մի փոքր ցանկ այն գործիչների, որոնք, ենթադրաբար, արժանի էին արձաններ ունենալ Երևանում, բայց չունեն (նրանցից ոմանց, իհարկե, Վերին Հեռվաշեն գյուղում, կամ ինչ-որ մի դպրոցի բակում, նվիրված կիսանդրիներ կան, բայց դրանց մասին լայն հասարակությունը չգիտի ու չպիտի էլ իմանա), սակայն կարող էին էական դերակատարում ունենան ինքնության, պատմական հիշողության, էթնիկ գիտակցության և այլ հարցերում:

Պապ թագավոր – բացառիկը հայ արքաներից, ով երիտասարդ տարիքում հաջողեց պետականաշինության գործում, վարում էր ինքնուրույն քաղաքականություն և չէր տրվում ամենատարբեր` ենթակայություն ենթադրող քաղաքական հոսանքների և ժամանակի կայսրությունների կամքին: Պապն այն թագավորն էր, ով ազգայնացրեց հայոց եկեղեցին և դուրս բերեց այդ կառույցը դրսի կախումից:

Վռամշապուհ – Մարդ, ում օրոք և անմիջական հովանավորությամբ ստեղծվեցին հայկական գրերը: Թերևս այդ իրողության մասին շատ է խոսվել, մեր կողմից միայն կավելացնենք, որ ինքնության կարևորագույն բաղադրիչը, մեր գրային լեզուն է:

Լևոն Ա Մեծագործ – մինչ այժմ, այս կերպարը հետաքրքրական է ոչ միայն նեղ հայկական միջավայրի համար, այլ նաև լուրջ ուսումնասիրությունների աղբյուր է հանդիսանում քաղաքագիտության և պատմագիտության մեջ: Նրանով մեծապես հետաքրքրված են ոչ հայազգի գիտնականները, որոնց հատկապես հետաքրքրում է Լևոնի վարած քաղաքական գիծը և ստեղծած արևմտյան մոդելի պետականությունը, որն ընդհանրապես բացառիկ է հայոց պատմության մեջ:

Դավիթ Բեկ – այս գործչի անունով փողոց Երևանում կա, արձան` ոչ: Սակայն Բեկը այն բացառիկ գործիչն է, ով 18-րդ դարի խավարի իրականության պայմաններում, սեփական հողում յոթ դարից ավել կեղեքված, ընկճված ու բարոյալքված ժողովրդից ստեղծեց մարտնչող բանակ, փաստացի պետականություն, որի հետ հաշվի էին նստում տարածաշրջանային հզորները:

Մխիթար Սպարապետ – նախորդի հատկանիշներով օժտված, առանց ազնվական ծագման մի գործիչ, որի գերեզմանը ներկայացնելիս, ամեն անգամ տարբեր քարեր են ցույց տալիս:

Թովմաս Նազարբեկով (Նազարբեկյան) – եթե կա Բաբաջանյանի արձան, ապա առնվազն պետք է լինի նաև Նազարբեկովի արձան: Եթե Բաբաջանյանն իր գիտելիքները և խորհրդային բանակի ուսադիրներն օգտագործում էր այլ երկրներում խաղաղ ցուցարարներ ջարդելու գործում, ապա Նազարբեկովը, այն ծառայեցնում էր ի շահ Հայաստանի (Որքանով էր նրա մոտ ստացվում` հարցի մյուս կողմն է): Նազարբեկովը, հիշեցնենք, Սարդարապատի ճակատամարտի ժամանակ հայկական զորքերի ընդհանուր հրամանատարն էր:

Մովսես Սիլիկյան – Սարդարապատը մենք համարում ենք մեր նորօրյա գոյության իրական գրավականը: Անշուշտ, սա ուռճացված չէ: Սակայն մոռանում ենք, որ այդ ամբողջ գծի անմիջական հրամանատարը հենց այս անձնավորությունն էր:

Դանիել ԲեկՓիրումյան-Սարդարապատի ևս մեկ հերոս, ով ունեցավ ողբերգական վախճան` կապված բոլշևիկյան կարգերի հետ:

Պողոս Բեկ-Փիրումյան – Սարդարապատում մահապարտների գնդի հրամանատարը:

Լեոնիդ Ազգալդյան – ստորև ներկայացվող նորօրյա հերոսների մասին ծավալուն չենք անդրադառնա, քանզի ենթադրում ենք, որ ընթերցողը ծանոթ է նրանց հերոսական գործունեությանը, որը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում:

Մոնթե Մելքոնյան – ներկայիս իշխանություններն անգամ չեն կողմնորոշվում Մոնթեի անունով փողոց կոչելու հարցում, և կա, և չկա: Այս անհասկանալի իրավիճակից ելնելով, ակնհայտ է դառնում, որ գոնե այս փուլում, անիմաստ է խոսել Մոնթեին նվիրված արձանի մասին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջին – եթե թերթենք մեր պատմության էջերը, մենք քիչ կաթողիկոսների կհանդիպենք, ովքեր ծավալել են Վազգեն Վեհափառին հավասար գործունեություն: Առավել ևս, երբ այդ գործունեությունը ներառում էր մի բախտորոշ ժամանակաշրջան, երբ վերականգնում էին մեր անկախությունը:

Բերենք նաև ազգային հերոսների ցանկից անձանց անուններ, որոնց նվիրված արձաններ Երևանում չունենք, և կունենանք, թե ոչ, այդ հարցի պատասխանը կտա ժամանակը: Թաթուլ Կրպեյան, Ջիվան Աբրահամյան, Վիտյա Այվազյան, Մովսես Գորգիսյան, Գեղազնիկ Միքայելյան, Յուրա Պողոսյան և այլք: Չկան շատ ականավոր գիտնականների, մտավորականների արձաններ, որոնք կարող էին գաղափարաբանական էական սիմվոլիկա հաղորդել քաղաքին և հանրային գիտակցմանը` Սերգեյ Մերգելյան, Ռուբեն Մամուլյան, ի վերջո Մխիթարյան միաբանության ականավոր հայրեր:

Հարկ է նաև նշել, որ հայ ժողովրդին ծանր օրերին օգնած օտարերկրացիներից արդեն կան Ալեքսանդր Գրիբոյեդովի, Ֆրանց Վերֆելի ու Ջորջ Բայրոնի արձանները, սակայն զարմանալիորեն բացակայում են այնպիսի անձանց արձաններ, ինչպիսիք են Հայոց Մեծ Եղեռնի տարիներին հսկայածավալ հայանպաստ գործունեություն իրականացրած Յոհաննես Լեփսիուսի ու հայ ժողովրդի մեծ բարեկամ, ԱՄՆ նախագահ` Վուդրո Վիլսոնի արձանները:

Վահրամ Թոքմաջյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031