Մայիսի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոն հանդիպումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարությամբ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում՝ Էկվադորի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը եւ հավելել, որ տիկին Ալվարադոյի գլխավորած պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա այդ կապերի խորացման հարցում:
Պարոն Շարմազանովը տեղեկացրել է, որ իր առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբեր նախաձեռնելու վերաբերյալ: ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ դա լավ հիմք կլինի երկկողմ խորհրդարանական կապերի ամրապնդման համար:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ քննարկվել է նաեւ ցեղասպանությունների միջազգային դատապարտման խնդիրը: Պարոն Շարմազանովը երախտիքի խոսք է հայտնել տիկին Ալվարադոյին Հայոց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտության հարցում ցուցաբերած քաղաքացիական եւ քաղաքական դիրքորոշման համար:
«Մենք կարծում ենք, որ ցեղասպանությունների միջազգային դատապարտումը կարեւոր է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ անցյալի ցեղասպանությունները դատապարտվեն՝ չկրկնվելու պայմանով, որովհետեւ լռությունը եւ ժխտողականությունը դուռ է բացում նոր ցեղասպանությունների համար, իսկ դատապարտումը փակում է դռները»,- ասել է պարոն Շարմազանովը:
Նա հույս է հայտնել, որ էկվադորցի գործընկերների կողմից կնախաձեռնվի մի գործընթաց, ինչի արդյունքում Էկվադորը կհամալրի այն երկրների շարքը, որոնք կդատապարտեն Հայոց ցեղասպանությունը եւ, առհասարակ, Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունները:
Կարդացեք նաև
Նշվել է, որ անթույլատրելի է համարվել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը՝ վերահաստատելով, որ դա որեւէ կապ չի կարող ունենալ ժողովրդավարական 21-րդ դարի հետ:
«Մենք դատապարտել ենք Թուրքիայի միակողմանի սատարումը Ադրբեջանի ագրեսիային Լեռնային Ղարաբաղում՝ եւս մեկ անգամ անթույլատրելի եւ դատապարտելի համարելով Ադրբեջանի իշխանությունների եւ ադրբեջանական զինուժի ահաբեկչությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ՝ նշելով, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չի կարող ունենալ»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Պարոն Շարմազանովը նշել է, որ էկվադորցի իր գործընկերներին է փոխանցել հայ զինվորականների եւ խաղաղ բնակչության նկատմամբ ապրիլի սկզբին ադրբեջանական զինուժի իրագործած վայրագություններն ու խոշտանգումները փաստող նյութեր:
Ավարտելով խոսքը՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ թեեւ Հայաստանն ու Էկվադորը տարածությամբ հեռու են, բայց երկու երկրներն էլ նույն արժեհամակարգի կրողներն են, որի հիմքը քրիստոնեական, համամարդկային եւ ժողովրդավարական արժեքներն են:
Ռոսանա Ալվարադոն իր խոսքում նշել է, որ երկու երկրները թեպետ հեռու են աշխարհագրորեն, բայց պաշտպանում են նույն սկզբունքները՝ մարդու իրավունքները: Նա հավելել է, որ Էկվադորի Սահմանադրությունը թույլ է տալիս ճանաչել եւ պաշտպանել ժողովուրդների ինքնիշխանության եւ ինքնորոշման իրավունքները, դատապարտել նեոկոլոնիալիզմի բոլոր դրսեւորումները եւ ցեղասպանությունները:
«Մենք չենք կարող մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել՝ հայ ժողովրդի տանջանքները, եւ մենք պետք է ձեզ հետ կիսենք այդ ցավը, քանի որ դա մարդու իրավունքներին է առնչվում»,- ասել է Էկվադորի խորհրդարանի փոխնախագահը:
Նա եւս կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբեր ստեղծելու նախաձեռնությունը՝ նշելով, որ դա հնարավորություն կստեղծի Էկվադորում զգալ Հայաստանի եւ հայ ժողովրդի շունչը, իսկ Հայաստանում՝ Էկվադորի եւ էկվադորցիների:
Էկվադորի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիա Աուգուստա Կալյե Անդրադեն եւս անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ ընդգծելով, որ անհեթեթություն է, որ մեր օրերում եւս ցեղասպանություններ եւ ջարդեր են տեղի ունենում: Նա կարծիք է հայտնել, որ խաղաղությունը պետք է կառուցված լինի բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ