Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը մայիսի 27-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը:
Նա նշեց, որ արտաքին քաղաքականությունը մեկ անձի թատրոն չէ. որքան էլ այդ անձը լինի լավ տեսաբան, անարդյունավետ է, երբ համակարգը չի աշխատում: Նա հետաքրքրվեց մյուս բանախոս՝ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանից. «Ասենք՝ Հերմինե Նաղդալյանը Վրաստան է գնացել, Տաջիկստան է գնացել, խնդրում եմ՝ ասեք՝ Հերմինե Նաղդալյանի ամբողջ պահվածքը ԵԽԽՎ-ում երբեք վրացամետ չի եղել: Եթե խնդիր է եղել ռուս-վրացական կողմնորոշման, Հերմինե Նաղդալյանը հստակ ռուսական կողմնորոշում է ունեցել: Հիմա Հերմինե Նաղդալյանի, Վարդան Այվազյանին ուղարկում են Վրաստան կբացատրե՞ք այդ այցելության օգուտը: Մի մարդ, որը հաստատապես ողջունելի չի լինի վրաց մեր կոլեգաների համար իր կողմնորոշումների պատճառով»:
Կարինե Աճեմյանը պատասխանեց, որ բոլոր այցելություններից հետո հաշվետվություններ են ներկայացվում, եւ խորհուրդ տվեց այդ հարցով դիմել Հերմինե Նաղդալյանին. «Եկե՛ք առանձին դրվագներով չխոսենք: Ընդհանուր առմամբ, Ազգային Ժողովի պատվիրակություններում կան նաեւ այնպիսի պատգամավորներ, որոնք շատ ակտիվ աշխատում են: Հնարավոր է այդ աշխատանքն այդքան պարզ չի երեւում: Արդյունքները նրանք էին, որ ԵԽԽՎ-ում Ուոլթերի զեկույցը չանցավ, իհարկե՛, Դուք հիմա կասեք, որ պիտի Սարսանգն էլ չանցներ, ես համաձայն եմ, մենք պետք է ավելի հետեւողական լինենք»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ