«Հայաստանի հետ ծանոթացել եմ հետաքրքրությունից դրդված, որը հետագայում վերածվել է հարգանքի: Իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցնում Հայաստանը և առաջիկա ծրագրերս կապված են հենց Հայաստանի հետ: Հայ լինելը պարզապես քո արյան խնդիրը չէ, դա փիլիսոփայություն է և զգացողություն, որ կա քո սրտում: Արա Գևորգյանի միջոցով ծանոթացա հայերի պատմությանը, մշակույթին, և սկսեցի սիրել հայի ոգին: ՀՀ քաղաքացի դառնալս այդ ճանապարհի բնական և հաջորդ քայլը եղավ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախորդ տարի ՀՀ քաղաքացիություն ստացած ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերը:
Պարոն Դեքերը նշեց, որ սա իր 15-րդ այցելությունն է Հայաստան, և խոսեց այցի նպատակներից. «Հայաստան կատարած իմ այցելության առաջին նպատակը ղարաբաղյան զարգացումներով պայմանավորված այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելն է և իմ աջակցությունը հայտնելը: Ինչպես անժխտելի է Հայոց ցեղասպանության փաստը, այնպես էլ անժխտելի է, որ Արցախը հայկական հող է:Առաջին անգամ Արցախում եղել եմ անկախության 20-ամյակին նվիրված համերգի ժամանակ, հիմա էլ եմ ուզում այցելել և համերգ ունենալ այնտեղ:Ես ուզում եմ ամեն բան անել՝ աջակցելու հայ ժողովրդին: Իմ այցելության երկրորդ նպատակը Արա Գևորգյանի հետ համատեղ ծրագիրն է: Ես ցանկություն եմ հայտնել նրա՝«Արաքս» երաժշտական ստեղծագործության համար խոսք գրել»:
Հանդիպմանը ներկա երաժիշտ, երգահան Արա Գևորգյանը փաստեց, որ Դանիելը բոլորիս հետ հավասար պայքարում և կռիվ է տալիս, պետք է նրան արժանի գնահատել և ոգևորել. « Դանիելի հետ տարիներ առաջ սկիզբ առած մեր ծանոթության հիմքը եղել է երգը: Մինչ այսօր մեր համագործակցությունը շարունակվում է: Այն երաժշտական ստեղծագործությունները, որ ես գրում եմ` Դանիելը հավանում է և խոսքեր է գրում դրանց հիման վրա: Մեր համատեղ վերջին աշխատանքը եղել է նախորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, երբ գրվեց «Հիշիր» ստեղծագործությունը: Հիմա էլ համագործակցում ենք «Արաքս» ստեղծագործության շրջանակներում. նա դիմեց ինձ, որ գրի երաժշտության բառերը»:
Կարդացեք նաև
Դանիելը պատմեց, որ երբ լսել Արաքս»-ը, շատ է դուրը եկել. «Նախորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, երբ ես Հայաստանում էի, Արայի ավտոմեքենայի մեջ լսեցի մի սքանչելի երաժշտություն: Այդ պահին ես ունեցա նույն զգացողությունը, ինչ «Մուշ» երգը լսելու ժամանակ: «Արաքս»-ը ստիպեց ինձ հիշել տարիներ առաջ կատարած իմ այցելությունը Արաքս գետի ափ: Ես շատ պարզ հիշում եմ՝ ինչ դժվար էր ամերիկացու համար գնալ, տեսնել այդ գետը: Հիշում եմ, թե ինչպես սահմանի այն հատվածից հրացաններն ուղղված էին դեպի Հայաստանի կողմը: Ես հասկացա, որ հայերին ուզում եմ տեսնել գետի երկու կողմում էլ. դա էր երգը գրելու առաջին պատճառը: Այդ գետը խորհրդանշական նշանակություն ունի հայերի համար: «Արաքս»-ը շատ հուզիչ երաժշտություն է և կարծում եմ՝ կհասնի յուրաքանչյուրի սրտին: Այդ գեղեցիկ գետի պատմության շնորհիվ կկարողանանք նաև հայերի մասին պատմել: Ես վստահ եմ, որ գալու է այդ օրը, երբ հայերը քայլելու են գետի երկու կողմերով»:
Դանիելը հավելեց, որ իր հայամետ գործունեության պատճառով շատ է արժանանում կոշտ վերաբերմունքի ադրբեջանցիների և թուրքերի կողմից համերգների ժամանակ, համացանցում, սակայն դա իրեն չի կոտրում:
Հանդիպման ավարտին նա կատարեց «Մարտիկի երգը» և նվիրեց սահմանին կանգնած հայ զինվորներին:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ