Հայ և օտարազգի մոտ հիսուն շնորհալի պատանիներ մայիսի 28-31-ը կմասնակցեն «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնին, որը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:
«Ուրախ ենք, որ ծրագիրը կարողանում է հայտնաբերել ու ներկայացնել տաղանդավոր երեխաների, որոնք փառատոնի շնորհիվ սկսում են իրենց ստեղծագործական ուղին: «Նոր անուններ»-ը մեզ տվել է անվանի երաժիշտներ, որոնք այսօր հաջողությամբ ներկայանում են ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս»,- «Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը:
Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ Սիլվա Մեքինյանի խոսքով՝ տարիներ շարունակ փառատոնի գլխավոր չափանիշը եղել է պրոֆեսիոնալ երաժշտական մակարդակը պահպանելը :
«26 տարի է, ինչ գոյություն ունի Հայաստանի «Նոր անուններ» կազմակերպությունը: Մինչ օրս երեխաները ելույթներ են ունեցել շուրջ 30 երկրում, բարձր են պահել մեր երկրի անունը, մինչև անգամ ՄԱԿ-ի գրասենյակում բարձրացրին Հայաստանի դրոշը: Մեր անելիքն է պահպանել այդ երեխաների տաղանդը. ինչպես այսօր դաստիարակենք նրանց, այնպիսին էլ կլինի Հայաստանի վաղվա արվեստը»,- նշեց նա:
Կարդացեք նաև
Փառատոնին կմասնակցեն մինչև 18 տարեկան պատանիներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից՝ ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Կորեայից, Կանադայից, Մալթայից, Ռուսաստանից, Վրաստանից: Արտերկրի 40 հայտերից ընտրական փուլը հաղթահարել են 19-ը:
Առաջին անգամ ներկա կլինի հրավիրյալ դիրիժոր Մալթայից: Ալան Կիրկոպը փառատոնի բացմանը կներկայանա 7 երաժշտական համարով:
Պատանի մենակատարները փառատոնի շրջանակներում ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և Հայաստանի պետական կամերային նվագախմբերի հետ:
Փառատոնի բացումը տեղի կունենա մայիսի 28-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«Նոր անուններ» պատանի երաժիշտ–կատարողների 6-րդ միջազգային փառատոնը կազմակերպում է «Մշակույթի գործիչների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել–ՄՏՍ ընկերությունն է:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ