Գյումրու 102-րդ ռազմաբազայում այսօր Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստի ժամանակ ներգրավվեց նոր փաստաբան՝ Արամազդ Կիվիրյանը, որը պաշտպանելու է Ավետիսյանների իրավահաջորդներ Անահիտ Կոշտոյանի, Լուսինե Ավետիսյանի, Նարինե Պողոսյանի եւ Անդրանիկ Պողոսյանի շահերը:
Փաստաբան Կիվիրյանը դատարանում հայտարարեց, որ քաղհայց են ներկայացնում Ռուսաստանի Դաշնության դեմ ու ընթերցեց քաղհայցի տեքստը: Փաստաբանը հայտարարեց, որ 7 մարդու զրկել են հիմնարար, անքակտելի իրավունքից՝ կյանքի իրավունքից, եւ որ ՌԴ-ն չի կանխել իր իրավասության տակ գտնվող անձի՝ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովի կողմից հանցագործությունների կատարումն ու ՀՀ քաղաքացիների կյանքի ապահովումը:
Նա իր խոսքում ասաց, որ ՌԴ իրավասու մարմինները, տեղյակ լինելով Պերմյակովի կողմից զորամասը լքելու տասնյակ դեպքերի մասին, ունենալով զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի տվյալներն առ այն, որ Պերմյակովը չի համապատասխանում զինծառայողին ներկայացրած պահանջներին, հոգեկան խնդիրներ ունի, այնուամենայնիվ 2014 թվականի նոյեմբերի 24-ին ուղարկել են զինծառայության Գյումրիում: Ավելին՝ տեղեկացված լինելով վերջինիս հոգեկան խնդիրների մասին՝ նրան զենք են ամրակցել:
Կարդացեք նաև
Փաստաբան Կիվիրյանը նշեց, որ 2015 թ. հունվարի լույս 12-ի գիշերը, ժամը 03.20-ի սահմաններում նոր միայն հայտնաբերել են Պերմյակովի դասալքության մասին, երբ պարտավոր էին հայտնաբերել ավելի շուտ: Իսկ իրավապահներին տեղյակ են պահել ուշ, որի ընթացքում Պերմյակովը կատարել է հանցագործությունը: Դասալիք Պերմյակովին հայտնաբերելու ուղղությամբ ՌԴ-ի կողմից ոչինչ չի արվել:
Ըստ փաստաբանի՝ նկատի ունենալով, որ ռազմաբազան ՌԴ-ի ենթակայության ներքո է, քաղհայց են ներկայացնում հենց ՌԴ-ի դեմ՝պահանջելով պատճառած վնասների փոխհատուցում. Ավետիսյանների սպանված չափահաս անդամների մասով պահանջում են 50 հազար եվրոյին համարժեք դրամ, երկու փոքրիկների մասով՝ 100 հազար եվրոյին համարժեք դրամ:
Ըստ հայցի, ՌԴ-ից պահանջում են հօգուտ Լուսինե Ավետիսյանի բռնագանձել 100 հազար, Անահիտ Կոշտոյանի՝ 120 հազար, Անդրանիկ Պողոսյանի՝ 125 հազար, Նարինե Պողոսյանի ՝ 125 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Հայցը թարգմանվելու է ռուսերեն, այն ժամանակատար է, կտեւի մոտ մեկ ամիս: Դատը հետաձգվեց մինչեւ հունիսի 30-ը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ