Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում տասը մթերող ձեռնարկություններ 2015-ին գնած խաղողի վճարումները չեն կատարել խաղողագործներին: Դա կազմում է 2.5 միլիարդ դրամ գումար:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը ճշտում կատարեց, թե երկուշաբթի օրվա տվյալներով՝ պարտքը կազմում է 1.8 միլիարդ դրամ:
Խաղողագործների պարտքերի մասին պարոն Մակարյանը նշեց. «Մինչև 2015-ը նման խնդիրներ չեն եղել: Այս տարվա հետ կապված հիմնական խնդիրը վերամշակողների մոտ պատրաստի արտադրանքի իրացման ծավալների նվազումն էր, որը ռուսական ռուբլու արժեզրկման հետ էր կապված, քանի որ այս ոլորտում հիմնական շուկան ՌԴ-ն է: Մյուս գործոնն այն էր, որ անցյալ տարի խաղողի աննախադեպ բերք ստացվեց, և մի քանի անգամ ավելի խաղող մթերեցին: Եվ խնդիրներ առաջացան այն տնտեսությունների մոտ, որոնք նախապես չէին կնքել պայմանագրեր»:
Քաղցրաշեն համայնքի բնակիչներին մթերման գումարները չվճարելու հետ կապված փոխնախարարը նշեց. «Քաղցրաշենում մթերում չէր իրականացվում, պահանջարկ չկար: Ուստի վարչապետի հորդորով «Վինար» ընկերությունը Քաղցրաշենի մթերման կայանում իրականացրել է մթերում, այսօր վերամշակողը ֆինանսական խնդիրներ ունի: Խոսել եմ նաև բանկի ներկայացուցիչների հետ, այսօր արդեն իրենք նոտարական գործարքը կիրականացնեն, և ամենաուշը չորեքշաբթի քաղցրաշենցիներն իրենց գումարները կստանան»:
Կարդացեք նաև
Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը հուսադրեց, թե այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ ունենք 85 տոկոս արտահանման աճ:
«Շահնազարյան Գինու կոնյակի տուն» ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Շահնազարյանը հայտնեց, թե ինչ խնդիրներ են առաջացել պահանջարկից ավելի մթերում կատարելու պատճառով. «Մենք 270 միլիոն դրամի չափ դեռ պարտք ունենք: Պարտքերի մի մասը կառավարության օգնությամբ տվեցինք, իսկ մյուս մասը մեկուկես ամսվա ընթացքում կկարողանանք փակել»:
Պարոն Սարգսյանն առաջարկեց նշված խնդիրների լուծման համար խաղողի գինը սուբսիդավորել, որ մթերող ընկերությունը կարողանա խաղող գնել խաղողագործից:
Այս առիթով Ռոբերտ Մակարյանն ասաց. «Սուբսիդավորման գործիքը մեզ հայտնի է, բայց դա կախված է պետության հնարավորությունից: Այժմ պետությունն առավելագույնն իրականացնում է գյուղատնտեսության ոլորտում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի